«ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԿԱՆՉԸ» միջոցառում Նոր Նորքի N134 հիմնական դպրոցում 21.05.2013

Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Երևանի թիվ 134 հիմնական դպրոցում այսօր սաների բեմախաղով մարմին էր առել հայոց ազատագրական պայքարի ոգին: Միջոցառման բովանդակության համար թեմատիկ հիմք էր ծառայել Խաչիկ Դաշտենցի փայլուն ստեղծագործություններից «Ռանչպարների կանչը» վեպը, որը 1890-1920 թվականների մեր ազգային կյանքի իրական ու գեղարվեստական համապատկերն է: Աշակերտները կերպավորել էին հայոց ազատագրության անձնազոհ մարտիկներին՝ հայդուկներին՝ դահլիճում ստեղծելով պատմական միջավայր, ուր հերոսական հայի ոգին պատրաստ է հանուն հայրենյաց ազատության գնալու անգամ գիտակցված մահվան: Միջոցառումն ուղեկցվեց սաների հրաշալի բեմախաղով, որին ներդաշնակորեն լրացնում էին պարային ու երաժշտական կատարումները:
Հյուրերի կազմում էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արմեն Ալավերդյանը, գիտակրթական ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, մանկավարժներ ու ծնողներ:
Միջոցառումն ավարտվեց հիացական ծափողջուններով. ծրագիրը հաջողված էր. այն դաստիարակչական խորը հետք թողեց բազմաթիվ աշակերտների հոգում՝ մնայուն էջ դառնալով նաև դպրոցի տարեգրության մեջ:
Նկարները՝ այստեղ