Անօրինական գովազդների ապամոնտաժումը Նոր Նորքում (ավարտական փուլ)

Նոր Նորքում ավարտին մոտեցավ օրենսդրության պահանջներին հակասող գովազդների ապամոնտաժման գործընթացը
Հեռացվեցին վարչական շրջանում առկա Երևանի ավագանու համապատասխան որոշումներին, գովազդի ու լեզվի օրենքների պահանջներին հակասող գովազդային պաստառներն ու վահանակները: 

Նշենք,  որ մայրաքաղաքում առկա գովազդի ու լեզվի մասին օրենքների պահանջներին հակասող գովազդների շտկման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների շրջանակներում քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի բոլոր տնտեսվարողներին ուղարկվել էին ծանուցումներ՝ օրենքը խախտող գովազդներն ապամոնտաժելու կամ օրենքին համապատասխանեցնելու պահանջով:
Նոր Նորքում անօրինական գովազդների ապամոնտաժման աշխատանքներում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էր հատկապես լեզվի մասին օրենքի պահանջներին հակասող գովազդների ապամոնտաժման գործընթացը:

Նկարները՝ այստեղ

Քաղաքացիների ընդունելությունը Նոր Նորքում 25.07.2013

Հուլիսի 25-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից կատարվող քաղաքացիների ընդունելությանը գրանցված 17 բնակչից ներկա էին 14-ը: 
.4 բնակիչ դիմել էր սոցիալական աջակցության խնդրանքով: Ըստ առաջնահերթության՝ բնակիչներին ցուցաբերվել է ֆինանսական օգնություն: 
.3 բնակիչ դիմել էր անվճար բուժօգնության խնդրանքով, որոնցից երկուսին տրամադրվել է ֆինանսական աջակցություն, իսկ մյուսի համար կներկայացվի միջնորդություն պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալու համար: 
.3 բնակիչ դիմել էր կոմունալ տնտեսության տարբեր խնդիրներով, որոնք վերաբերում էին շենքի մուտքի բարեկարգմանը: Բարձրացված խնդիրներին կտրվի լուծման համապատասխան ընթացք: 
.1 բնակիչ դիմել էր խուլ ու համրերի հետ կապված խնդրով, որը վերաբերում էր ամառային հանգստի կազմակերպման համար տրանսպորտային միջոցի հատկացմանը: Հարցին լուծման դրական ընթացք տրվեց: 
.1 բնակիչ դիմել էր մանկապարտեզի տարածքի վարձակալության խնդրով, որի վերաբերյալ կկատարվեն ուսումնասիրություններ և հնարավորության դեպքում կցուցաբերվի աջակցութուն: 
.1 բնակիչ դիմել էր բուժհաստատության հետ կապված հարցով, որի շուրջ տրվել է հստակ պարզաբանում: 
.1 բնակիչ դիմել էր աշխատանքի տեղավորման խնդրով. առաջարկվել է աշխատանք Նոր Նորք Կանաչապատում ՓԲԸ-ում: 
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական շրջանների ղեկավարներն ամեն հինգշաբթի ժամը 14: 00-ին տասնյակ քաղաքացիների են ընդունում, լսում նրանց մտահոգող խնդիրներն ու հնարավոր լուծումներ տալիս: 
Նկարները՝ այստեղ

Բարեկարգման աշխատանքներ Նոր Նորքի 36, 71 համատիրությունների կողմից

Երևան քաղաքում ընթացող բարեկարգման աշխատանքներում ներգրավված են նաև համատիրությունները: Հատկապես ուշադրության կենտրոնում են համատիրությունների կողմից տարածքում առկա մետաղյա կոնստրուկցիաների ներկման, մաքրության պահպանման, նոր նստարանների տեղադրման, ցայտաղբյուրների վերագործարկման ու նորերի ստեղծման, շքամուտքերի վերանորոգման և ցուցատախտակների տեղադրման աշխատանքները: Նոր Նորքում ևս հետևողական վերահսկողություն է սահմանված վերոնշյալ աշխատանքների պատշաճ կատարման ուղղությամբ:
Հերթականներից են նաև 9-րդ զանգվածի Վիլնյուսի 36 և 71 համատիրությունները, որոնց կողմից ևս իրականացվել և շարունակական ընթացք են կրում բարեկարգման աշխատանքները:
Նկարները՝ այստեղ

Աշխատանքային հերթական խորհրդակցությունը Նոր Նորքում 24.07.2013

Հուլիսի 24-ին տեղի ունեցավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Խորհրդակցության ընթացքում լսվեցին հաղորդումներ նախորդ շաբաթվա հանձնարարականների վերաբերյալ, մասնավորապես՝ թեժ գծերով ստացված հարցերի կարգավորման, շինաղբի տեղափոխման, այրված լամպերի փոխարինման, դրոշների նորացման, այգիների մաքրության, բնակչության կենսապահովման տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աշխատանքների և շրջակա տարածքի բարեկարգմանն առնչվող տարբեր հարցերի շուրջ:
Զեկուցվեց, որ շարունակական ընթացքի մեջ են ապօրինի գովազդների ապամոնտաժման, նկարազարդման, համատիրությունների կողմից վարչական շրջանում առկա մետաղյա կոնստրուկցիաների ներկման աշխատանքները: Բարեկարգվում և լուսավորվում են հուշարձանների հարակից տարածքները: Վարչական շրջանի որոշ հատվածներում իրականացվում են ասֆալտապատման, եզրաքարերի փոխման, ծաղկային տարածքների ավելացման աշխատանքներ: Նորակառույց այգիներում իրականացվող ձևավորման ու արտաքին լուսավորության կարգավորման հարցը վերջին փուլում է:
Վարչական շրջանի ղեկավարի կողմից կատարվող հետևողական վերահսկողության արդյունքում բացահայտված որոշ թերացումների շտկման ու կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ ու հրահանգներ տրվեցին՝ հստակ վերջնաժամկետներով:
Հանձնարարվեց առանձնահատուկ վերահսկողություն սահմանել նաև վարչական շրջանի նախադպրոցական, արտադպրոցական ուսումնական հաստատությունների հարակից տարածքների մաքրությունն ու բարեկարգումը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:
Նկարները՝ այստեղ (Աշխատանքային հերթական խորհրդակցությունը Նոր Նորքում 24.07.2013)

Հիմնանորոգվեց Երևանի Նոր Նորք վ/շ N104 մանկապարտեզի 4 սանհանգույց

Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Կազմակերպության Համայնքային Մարդասիրարական օգնության Ծրագրի նախաձեռնությամբ և ԱՄՆ Պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի համար 104 մանկապարտեզի 4 սանհանգույցում իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ: 
Այսօր՝ հուլիսի 23-ին, Պետդեպարտամենտի մարդասիրական օգնության գրասենյակի պատասխանատու Նիկոլ Շանքը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի N104 մանկապարտեզի տնօրեն Նունե Չատինյանը ժապավենը կտրելով ազդարարեցին աշխատանքների ավարտն ու հանդիսավոր բացումը: 
Հյուրերին աղ ու հացով դիմավորեցին մանկապարտեզի կրտսեր սաները՝ ուղեկցելով նրանց դեպի դահլիճ, որտեղ բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց երեխաների մասնակցությամբ կազմակերպված տոնական մշակութային ծրագիրը: Ի դեպ, երեխաներն իրենց ողջույնի խոսքը հղում էին հենց անգլերենով՝ հիացնելով ներկաներին իրենց լեզվաիմացությամբ և կատարողական հմտություններով: 
Հյուրերը շրջեցին մանկապարտեզում, գնահատեցին կատարված վերանորոգման աշխատանքներն ու պատրաստակամություն հայտնեցին այսօրինակ ծրագրերով մշտապես լինել երեխաների կողքին՝ հնարավորինս աջակցելով նրանց բարեկեցության ապահովմանը: 

Նկարները՝ այստեղ

Նորնորքցի ևս 35 երեխա կհանգստանա Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում

Այսօր՝ հուլիսի 20-ին, Նոր Նորքի ևս 35 երեխա վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի ուղեկցությամբ մեկնեց Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբար՝ անցկացնելու իր ամառային հանգիստը: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Ծաղկաձոր մեկնող երեխաներին մաղթեց բարի ճանապարհ և հաճելի հանգիստ՝ նվիրելով նրանց խաղեր ու շապիկներ: 
Ավանդական բնույթ ստացած ծրագիրն իրականացվում է կառավարության կողմից և ֆինանսավորվում պետական բյուջեի միջոցներով: Ճամբարը նախատեսված է որոշակի կարգավիճակ ունեցող ընտանիքների 7-13 տարեկան երեխաների համար, որոնց թվում են զոհված եւ վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով, նպաստառու, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքները: Նախօրոք ուսումնասիրվել է վարչական շրջանում առկա համանման կարգավիճակ ունեցող երեխաների ցանկը, որպեսզի հանգստացողների մեջ ընդգրկվեն առավել կարիքավորները: Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում երեխաները կհանգստանան 20 օր: 
Նկարները՝ այստեղ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի այցը շինհրապարակներ

Նոր Նորք վարչական շրջանում իրականացվող տարաբնույթ շինարարական աշխատանքների ընթացքին ու ավարտական փուլին անձամբ հետևելու և վերահսկելու նպատակով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար
Արմեն Ուլիխանյանը պարբերաբար կատարում է շրջայցեր: Հերթական շրջայցի ընթացքում վարչական շրջանի ղեկավարը համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ միասին այցելեց նորակառույց խաղահրապարակներ, պուրակներ և բարեկարգվող բակեր, գնահատեց և համապատասխան ուղղություններ տվեց աշխատանքների ընթացքին:
Նկարները՝ այստեղ

Բակային ճամբարի ավարտական միջոցառումը Նոր Նորքում

Նոր Նորքում ազդարարվեց «Ժպտա Նոր Նորք :)» խորագրով բակային ճամբարի միջոցառումների ամփոփիչ ակորդը:
Մշակութային ինքնատիպ ծրագրով ելույթ ունեցան բակային ճամբարի միջոցառման մասնակից երեխաները:
Ճամբարի փակումն ուղեկցվեց դրոշի իջեցման հանդիսավոր արարողությամբ` շեփորի խրոխտ հնչյունների ներքո:
Միջոցառման հյուրերի կազմում էին Երևանի քաղաքապետարանի երեխաների
իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ճամբարի մասնակից սաների ծնողներ և բազմաթիվ երեխաներ:
 
Երգ, պար, ասմունք, բակային ճամբարի ժամանակ ուսանած տարաբնույթ ունակություններ, որոնք երեխաները սիրով և ոգևորությամբ դրսևորում էին՝ ժպիտներ ու հաճելի զգացողություններ սփռելով N135 դպրոցի ընդարձակ հրապարակում: Ներկաներին ողջունելու էին եկել Նոր Նորքի Մշակույթի կենտրոնի սաներն ու երիտասարդ կիթառահարները: Փոքրիկներին ուրախ ժամանց ապահովեցին նաև հեքիաթի ու սիրելի մուլտֆիլմերի հերոսներները, որոնք միջոցառման ողջ ընթացքում շրջում և տոնական տրամադրություն էին հաղորդում ամենուր:Ամփոփիչ միջոցառումն ուղեկցվեց բակային ճամբարին բնորոշ խարույկահանդեսի սպասված արարողությամբ, որը վառելու պատիվը վերապահված էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին: Ներկաների ոգևորությունը կրկնապատկեց գեղեցիկ հրավառությունը Նոր Նորքի հիմնի խորհրդանշական հնչյունների ներքո:
Նկարները՝ այստեղ

Բարեկարգման աշխատանքներ Նոր Նորքի համատիրությունների կողմից

Երևան քաղաքում ընթացող բարեկարգման աշխատանքներում ներգրավված են նաև համատիրությունները: Հատկապես ուշադրության կենտրոնում են համատիրությունների կողմից տարածքում առկա մետաղյա կոնստրուկցիաների ներկման, մաքրության պահպանման, շքամուտքերի վերանորոգման և ցուցատախտակների տեղադրման աշխատանքները:
Նոր Նորքում ևս հետևողական վերահսկողություն է սահմանված վերոնշյալ աշխատանքների պատշաճ կատարման ուղղությամբ: Հերթականներից է նաև 6-րդ զանգվածի "Էգան" համատիրությունը, որի կողմից ևս իրականացվել և շարունակական ընթացք են կրում բարեկարգման աշխատանքները:
Նկարները՝ այստեղ

Անակնկալ այցելություն Նոր Նորքի 2-րդ զանգվածի բակային ճամբար


Հյուրերը հետևեցին երեխաների ճամբարային առօրյային՝ կավճանկար մրցույթ, սպորտլանդիա, նկարչություն, ֆիլմի դիտում, վերապրեցին ճամբարային հաճելի զգացողությունները:
«Ժպտա Նոր Նորք» կարգախոսով կարմիր, կապույտ և նարնջագույն ջոկատները դրսևորեցին բակային ճամբարի ընթացքում իրենց յուրացրած ունակություններն ու կարողությունները՝ հիացնելով հյուրերին:
Նկարները՝ այստեղ

Բակային ճամբարի հերթական միջոցառումը Նոր Նորքի 7-րդ զանգվածում

Նոր Նորքի 7-րդ զանգվածում հուլիսի 11-ին բակային ճամբարի տոնական միջոցառումն իր շուրջն էր համախմբել բազմաթիվ երեխաների: 
Ընդարձակ, ճամբարային տրամադրությամբ զարդարված բակը լի էր մանուկների խինդ ու ծիծաղով: Երեխաներին էին այցելել սիրելի մուլտհերոսները, որոնց կողմից կազմակերպված ժամանցային ուրախ շոու-ծրագիրը ոգևորությամբ էր համակել ներկաներից յուրաքանչյուրին: Միջոցառմանն իրենց հրաշալի կատարումներով ելույթ ունեցան Նոր Նորքի Մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերն ու անհատ կատարողները, ինչպես նաև բակային ճամբարի փոքրիկները: 

Մանկան ժպիտներով ու հաճելի պահերով լեցուն բակային միջոցառումը կդառնա ամառային անմոռաց հանգստի մի գեղեցիկ հուշ: 
Նկարները՝ այստեղ

Սպորտլանդիա բակային ճամբարում (ԳԻՏԱՐՏ կենտրոն)

Բակային ճամբարի միջոցառումների շրջանակներում Նոր Նորքի 6-րդ զանգվածի Գիտարտ կենտրոնում անցկացվեց «Առողջ հոգի առողջ մարմնում» կարգախոսով սպորտլանդիա:
Միջոցառման նպատակն էր աշխուժացնել երեխաների առօրյան, դաստիարակել բարոյական բարձր հատկություններ` պատասխանատվություն, ընկերասիրություն, փոխօգնություն, թիմային աշխատանք:


Նկարները՝ այստեղ

Նոր Նորք վ/շ ղեկ. Ա. Ուլիխանյանը դիմավորեց հաղթանակած մարզիկներին

Կիպրոսում կայացած "Աշխարհի գլոբալ թեքվանդոյի 2013 թ առաջնությանը" ՀՀ թեքվանդոյի ֆեդերացիայի 7 հոգուց կազմված հավաքականի կազմում էին նաև Նոր Նորքի Տորնադո մարզական ակումբի 4 մարզիկ, որոնցից Հայկ Կարապետյանն ու Նարեկ Պողոսյանը նվաճեցին առաջին, իսկ Հովիկ Կարապետյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, Նոր Նորքի բնակիչ Շահրամ Մուհամմադին՝ երկրորդ պատվավոր տեղերը: Հաղթանակով վերադարձած մարզիկներին ու նրանց մարզիչներին դիմավորեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը: Շնորհավորելով նրանց՝ Ա. Ուլիխանյանը հիացմունք ու հպարտություն հայտնեց մեր մարզիկների տոկունության ու հաղթանակի վերաբերյալ՝ պարգևատրելով նրանց շնորհակալագրերով:
Նկարները՝ այստեղ

Բակային ճամբարի հերթական միջոցառումը Նոր Նորքի 5-րդ զանգվածում

Նոր Նորքի հինգերորդ զանգվածում հուլիսի 10-ին բակային ճամբարի հերթական գեղեցիկ միջոցառումն իր շուրջն էր համախմբել Նոր Նորքի բազմաթիվ երեխաների: 
Հեքիաթի ու սիրված մուլտհերոսների մասնակցությամբ կազմակերպված հետաքրքրաշարժ խաղերն ու ժամանցային շոու-ծրագիրը փոքրիկների օրը վերածել էին իսկական տոնի: 
Պարային և երաժշտական կատարումներով երեխաներին ողջունեցին Նոր Նորքի մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերն ու անհատ կատարողները: 
Ժպիտներն ու բարձր տրամադրությունը թևածում էին ճամբարում՝ օրը լցնելով հաճելի պահերով ու դրական զգացողություններով:

Բակային ճամբարի հերթական միջոցառումը Նոր Նորքի 4-րդ զանգվածում

Նոր Նորքի չորրորդ զանգվածում հուլիսի 9-ին ուրախ և պայծառ տրամադրություն էր: 
Բակային ճամբարի հերթական գեղեցիկ միջոցառումն իր շուրջն էր համախմբել Նոր Նորքի բազմաթիվ երեխաների: 

Պարային և երաժշտական կատարումներով փոքրիկներին ողջունեցին Նոր Նորքի գեղարվեստական խմբերը: Ուրախ երգն ու պարը, ինչպես նաև հեքիաթի ու մուլտֆիլմերի սիրելի հերոսների կողմից կազմակերպված ժամանցային շոու ծրագիրը ոգևորության և ժպիտների ուրախ տրամադրություն էր ստեղծել ճամբարում: 
Միջոցառմանը հյուրընկալվել էին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: 
Բնակիչների ու բազմաթիվ երեխաների համար օրը վերածվեց տոնի՝ դրական զգացողություններով ու հաճելի պահերով լեցուն: 
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքում ավելացավ ծաղկազարդ ու կանաչազարդ նոր անկյուն

Նոր Նորքի Գայի պողոտայում ստեղծվեց ծաղկազարդ ու կանաչազարդ նոր անկյուն, որտեղ հանգրվանեց բնական ու արհեստական բուսածածկով պատրաստված մի գեղեցիկ թիթեռ:
Այս ներդաշնակ կոմպոզիցիան արդեն հասցրել է գրավել բազմաթիվ անցորդների ուշադրությունը՝ գեղարվեստական յուրովի տեսքով հիացմնելով ու ժպիտներ պարգևելով նրանց:
Նկարները՝ այստեղ

Վարդավառի ուրախ տոնախմբություն Նոր Նորքում NOR NORQ VARDAVAR 2013

Վարդավառը այն տոներից է, որ գալիս է ժամանակի խորքից: Քրիստոսի Այլակերպության ու Պայծառակերպության տոնը հայ մարդուն շղթայում է նաև իր հերոսական արմատներին՝ արթնացնելով նրա մեջ ազգային ոգի: Նոր Նորքում այս տարի Վարդավառը մեկնարկեց ջրցան մեքենաների շքերթով: Տոնական զարդարված մեքենաները ուղևորվեցին վարչական շրջանի բանուկ փողոցներ ու պողոտաներ՝ խորհրդանշական ջուրը ցողելով ամենուր: Օրվա պայծառ մեկնարկը ժպիտների ու դրական զգացողությունների ծաղկաբույլ էր ստեղծել Նոր Նորքում: 
Տոնական տրամադրությունը շարունակվեց բակերում, ինչպես նաև Գայի արձանի դիմացի շատրվանների շրջակա տարածքում, որտեղ կազմակերպվել էր Վարդավառին հատուկ ուրախ տոնախմբություն


Վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ բակային ճամբարի և Նոր Նորքի բազմաթիվ երեխաներին բաժանվեցին դույլեր, իսկ ջրցան մեքենաները անհրաժեշտ քանակությամբ ջուր էին մատակարարում երեխաներին՝ շատրվանաձև ջրի ցողերով Վարդավառի պայծառ տրամադրություն ստեղծելով ամենուր: Մանուկների խինդ ու ծիծաղով համեմված ուրախ տրամադրությունն ամբողջանում էր օրվա խորհրդին համահունչ տոնական երաժշտությամբ: Հայ ժողովրդի ամենասպասված ու սիրելի տոնը Նոր Նորքում համատարած բնույթ ուներ. գրեթե բոլոր բակերում մեծ ու փոքր ջուր ցողելով մաղթում էին միմյանց ու աշխարհին խաղաղություն, մաքրություն և բերրիություն: 
Նկարները՝ այստեղ և 
այստեղ

Նոր ծաղկային ձևավորում Նոր Նորքում

Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ և 4-րդ զանգվածների միջանկյալ լանջին հարող սկզբնամասում տեղ գտավ հերթական ծաղկային ձևավորումը, որը յուրօրինակ խորհուրդ ունի. 2012թ-ին "Գրքի համաշխարհային մայրաքաղաք" տիտղոսին արժանացած Երևանում ծաղկային այս նոր մշակույթը յուրօրինակ հնչեղություն ու դրական արձագանք գտավ:
Գրքի տեսքով ծաղկային նոր կոմպոզիցիան ներդաշնակորեն կհամալրի կանաչ Նոր Նորքի դիմապատկերը:
Նկարները՝ այստեղ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ

ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանի Գայի արձանի հարակից պուրակում կազմակերպվել էր տոնական մշակութային ծրագիր, որին ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Հայկական ժողովրդական երգն ու հայրենասիրական ոգին թևածում էին Նոր Նորքի բարձունքում՝ արժևորելով հիմնական օրենքի կարևոր դերը պետության կայացման գործում: ՀՀ Սահմանադրության ընդունումը հանրապետության պետական-քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր, որը տեղի ունեցավ 1995թ. հուլիսի 5-ին։
Միջոցառման ընթացքում վերստին արժևորվեց Սահմանադրության նշանակությունը հայոց անկախ պետության կյանքում. այն իրավական ձևակերպում տվեց քաղաքական նոր համակարգին, սահմանեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները։
Սահմանադրությամբ վերջնականապես Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն` հստակորեն տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) գործառույթները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ամրագրվեցին երկրի մայր օրենքով:
Նոր Նորք վարչական շրջանը սիրով շնորհավորում է ողջ հայությանը պետական տոնի` Սահմանադրության օրվա առթիվ: Հայաստանի հիմնական օրենքի շնորհիվ մենք ունենք բոլոր նախադրյալները ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ու իրավական պետության կայացման համար:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքում շարունակվում են ապամոնտաժվել անօրինական գովազդները

Մայրաքաղաքում առկա գովազդի ու լեզվի մասին օրենքների պահանջներին հակասող գովազդների շտկման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների շրջանակներում քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի բոլոր տնտեսվարողներին ուղարկվել են ծանուցումներ՝ օրենքը խախտող գովազդներն ապամոնտաժելու կամ օրենքին համապատասխանեցնելու պահանջով: Ըստ օրենքի՝ գրվածքները ոչ միայն պետք է լինեն հայերենով, այլև դրանք իրենց տառաչափով, դիրքով ևս պետք է չզիջեն օտարալեզվին: Նոր Նորքում անօրինական գովազդների ապամոնտաժման շարունակական աշխատանքներում այս անգամ հատուկ ուշադրության կենտրոնում էին առնված լեզվի մասին օրենքի պահանջներին հակասող գովազդների ապամոնտաժման աշխատանքները:
Նկարները՝ այստեղ

Քաղաքացիների ընդունելությունը Նոր Նորքում 04.07.2013

Հուլիսի 4-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից կատարվող քաղաքացիների ընդունելությանը գրանցված 18 բնակչից ներկա էր 14-ը:
•3 բնակիչ դիմել էր ֆինանսական աջակցության խնդրանքով: Ըստ առաջնահերթության՝ ցուցաբերվել է սոցիալական օգնություն:
•6 բնակիչ դիմել էր կոմունալ տնտեսության տարբեր խնդիրներով, որոնցից մի մասի լուծման վերաբերյալ կկատարվեն ուսումնասիրություններ և կիրականացվեն համապատասխան քայլեր: Հարցերի շրջանակում բարձրացվել էր նաև բնակարանային խնդիր, որը մերժվեց բնակֆոնդի բացակայության պատճառով: Խնդիրների շարքում առաջադրվեց նաև հողատարածքի կառուցապատման հետ կապված հարց, որը մերժվեց, քանի որ տարածքը գտնվում է կանաչ գոտում և չի համապատասխանում քաղաքաշինական նորմերին:
•4 բնակիչ դիմել էր բուժման հետ կապված հարցերով. 2-ի լուծման համար կտրամադրվի միջնորդագիր համապատասխան բուժօգնություն ստանալու համար, իսկ 2-ին ցուցաբերվեց ֆինանսական աջակցություն դեղորայքի և այլ ծախսերը հոգալու համար:
•1 բնակիչ բարձրացրել էր հարևանի հետ կապված խնդիր, որին սպառիչ պատասխան կտրամադրվի գրավոր կերպով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական շրջանների ղեկավարներն ամեն հինգշաբթի ժամը 14: 00-ին տասնյակ քաղաքացիների են ընդունում, լսում նրանց մտահոգող խնդիրներն ու հնարավոր լուծումներ տալիս:
Նկարները՝ այստեղ

Այցելություն Նոր Նորքի բակային ճամբարներ

Այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները այցելեցին Նոր Նորքի 9 զանգվածում և Ջրվեժ թաղամասում գործող բակային ճամբարներ, որտեղ իր ամառային հանգիստն է անցկացնում ավելի քան 250 երեխա (համապատասխան սոցիալական կարգավիճակ ունեցող): Բաժանվող ամենօրյա սնունդի հետ մեկտեղ այսօր երեխաները նվեր ստացան նաև խաղեր ու գրենական պիտույքներ, որոնք էլ ավելի հագեցած ու բովանդակալից կդարձնեն ճամբարային առօրյան: Նոր Նորքում բակային ճամբարն արդեն իր բնականոն հունի մեջ է. երեխաներն ունեն ջոկատների համար նախատեսված անուններ ու նշանաբան, իսկ հատկացված տարածքները ճամբարին բնորոշ գունազարդ ձևավորմամբ բարձր տրամադրություն ու հաճելի զգացողություն են պարգևում: Ուսուցողական ու զարգացնող բնույթ կրող նպատակային ու բովանդակալից միջոցառումները, կազմակերպված հմուտ ու փորձառու մանկավարժների կողմից, միտված են ուրախ և հետաքրքիր ժամանցի ապահովմանը: Բակային ճամբարը Նոր Նորքում կշարունակվի մինչև հուլիսի 15-ը:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքի բակային ճամբարներում ևս երեխաների առօրյան հագեցած և ուրախ է անցնում

Նոր Նորքի 9 զանգվածում և Ջրվեժ թաղամասում հուլիսի 1-ից մեկնարկած բակային ճամբարները կշարունակվեն մինչև հուլիսի 15-ը: Ավելի քան 250 երեխա (համապատասխան սոցիալական կարգավիճակ ունեցող) ամառային այս ջերմ եղանակին անմոռաց ու հիշարժան օրեր կանցկացնի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ողջ Երևանի տարածքում իրականացվող բակային ճամբարներում:
 Նոր Նորքում բակային ճամբարների համար հատկացված տարածքներն արդեն բերվել են ձևավորման համապատասխան տեսքի: Ճամբարային ուրախ տրամադրությունը գերիշխում է ամենուր: Հերթականներից են նաև «Բողբոջ» և «Գիրք» ճամբարները, որտեղ հմուտ մանկավարժ կադրերի կողմից իրականացվող տարաբնույթ միջոցառումներն ու մրցույթները աշխույժ ու հետաքրքիր են դարձնում երեխաների առօրյան: 

Նկարները՝ այստեղ <<Նոր Նորքի բակային ճամբարներում ևս երեխաների առօրյան հագեցած և ուրախ է անցնում >>

Նոր Նորքում կազմակերպված բակային ճամբարի մասնակից երեխաները կենդանաբանական այգում

Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի մեկից մեկնարկած բակային ճամբարն իր բնականոն հունի մեջ է: Ոչ միայն ձևավորվել ու ճամբարին բնորոշ տեսք են ստացել հատկացված տարածքները, այլև երեխաների առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու նպատակով արդեն իսկ կազմակերպվում են տարաբնույթ կրթամշակութային և ուսումնամարզական միջոցառումներ, ինչպես նաև հետաքրքիր էքսկուրսիաներ:
Հուլիսի 2-ին Նոր Նորքի  2-րդ զանգվածի ավելի քան 40 երեխա ուղևորվեց Երևանի կենդանաբանական այգի: Օրը հագեցած էր ու բովանդակալից. հմուտ մանկավարժների ուղեկցությամբ երեխաները շրջեցին զբոսայգում, ծանոթացան կենդանիների տեսակներին, նրանց համար ստեղծված անհրաժեշտ պայմաններին:
Այսօրինակ միջոցառումները լինելու են շարունակական և կրելու են համատարած բնույթ: 

Նկարները այստեղ՝ <<Նոր Նորքում կազմակերպված բակային ճամբարի մասնակից երեխաները կենդանաբանական այգում>>

Նոր Նորքի մարզիկների հաղթական ելույթը միջազգային մրցասպարեզում


Կիպրոսում կայացած "Աշխարհի գլոբալ թեքվանդոյի 2013 թ առաջնությանը" մասնակցում էր նաև ՀՀ թեքվանդոյի ֆեդերացիայի 7 հոգուց կազմված հավաքականը: Նոր Նորքի Տորնադո մարզական ակումբից մրցաշարին մասնակցում էին 4 մարզիկ, որոնցից Հայկ Կարապետյանն ուՆարեկ Պողոսյանը նվաճեցին առաջին, իսկ Հովիկ Կարապետյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, Նոր Նորքի բնակիչ Շահրամ Մուհամմադին՝ երկրորդ պատվավոր տեղերը:Տորնադո ակումբի հավաքականը ֆեդերացիայի հավաքականի կազմի հետ գլխավորում էր ֆեդերացիայի նախագահ, միջազգային սև գոտի 8-րդ դան, արևելյան մարտարվեստի դոցենտ Կարեն Աղաջանյանը: Հայ մարզիկները բազմիցս են հիացրել աշխարհին՝ բարձրում ծածանելով հայոց դրոշը: Շնորհավորելով հերթական փայլուն հաղթանակի առթիվ՝ մաղթում ենք նորանոր հաջողություններ:

Նորնորքցի 35 երեխա ևս մեկնեց Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբար

Այսօր՝ 01.07.2013թ, Նոր Նորքի 35 երեխա վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի ուղեկցությամբ մեկնեց Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբար՝ անցկացնելու իր ամառային հանգիստը: 
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Ծաղկաձոր մեկնող երեխաներին մաղթեց բարի ճանապարհ և լիարժեք հանգիստ՝ նվիրելով նրանց խաղեր ու մարզական շապիկներ: 
Ավանդական բնույթ ստացած ծրագիրն իրականացվում է կառավարության կողմից և ֆինանսավորվում պետական բյուջեի միջոցներով: Ճամբարը նախատեսված է որոշակի կարգավիճակ ունեցող ընտանիքների 7-13 տարեկան երեխաների համար, որոնց թվում են զոհված եւ վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով, նպաստառու, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքները: Նախօրոք ուսումնասիրվել է վարչական շրջանում առկա համանման կարգավիճակ ունեցող երեխաների ցանկը, որպեսզի հանգստացողների մեջ ընդգրկվեն առավել կարիքավորները: Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում երեխաները կհանգստանան 20 օր՝ մինչև հուլիսի 20-ը, որից հետո ճամբար կմեկնի երկրորդ հերթում ընդգրկված ևս 35 երեխա, ովքեր ճամբարում կհանգստանան հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 9-ը: 
Նկարները այստեղ՝ «Նորնորքցի 35 երեխա ևս մեկնեց Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբար»