«Երևանյան ամառ»-«Ես հայ եմ» միջոցառում Նոր Նորքի Վերածննդի այգում

«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի Վերածննդի այգում այսօր կազմակերպվել էր «Ես հայ եմ» խորագրով միջոցառում, որտեղ իրենց հայեցի կատարումներով, ձեռքի շնորհներով ու հայկական հյուրասիրությամբ ներկայանում էր Նոր Նորքի մշակույթի կենտրոնի մանկավարժական ու աշակերտական կազմը:
Տոնական ծրագրին դհոլների խրոխտ հնչուններով ազգային ռիթմեր ու շունչ հաղորդեց «Վահագն» դհոլահարների անսամբլը. երգ, պար, ասմունք, հայկական մանրանկարչության մոտիվներով մետաքսի վրա նկարված զարդանախշեր, ձեռարվեստի ուշագրավ աշխատանքներ, որոնք յուրօրինակ ոճ ու մոտեցում էին հաղորդում մեր ազգային խորհրդանիշերին:
Միջոցառման վայրը ևս պատահական չէր ընտրված. Վերածննդի զբոսայգում ասես հայեցին ու հայկականը նորովի էին դրսևորվել: Դարերից եկած հայոց մշակույթի ծաղկումը պետք է ամուր արմատներ ձգի սերունդների ոգում՝ պահպանելով հայի դեմքն ու ազգային տեսակը:

Նկարները՝ այստեղ

Նոր Նորքի Ս. Ասլամազյանի անվ. երաժշտական դպրոցի սանը ճանաչվեց որպես «Տարվա հայտնություն»

Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 7-րդ մրցույթ-փառատոնի արդյունքներով լավագույնը ճանաչված տասնյակը ամփոփիչ գալա-համերգում պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով և մրցույթի խորհրդանշական մրցանակներով։ Երևանի քաղաքապետի անունից հաղթողներին շնորհավորել և պատվոգրերը հանձնել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը։ Երևանի քաղաքապետի պատվոգրով է պարգևատրվել նաև մրցույթ-փառատոնի՝ ավանդական դարձած «Տարվա հայտնություն» անվանակարգին արժանացած Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի սան Խաչիկ Անդրեասյանը։
Նկարները՝ այստեղ

"Ուրախ Նոր Նորք" բակային ճամբարի հերթական միջոցառումը 8-րդ զանգվածում

Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի Արծիվ հուշարձանի հարակից հրապարակում այսօր կազմակերպվել էր "Ուրախ Նոր Նորք" խորագրով բակային ճամբարի հերթական միջոցառումը:
Նոր Նորքի մշակույթի կենտրոնի պարախմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ ինչպես նաև հրավիրված հեքիաթային հերոսների ու խաղավարի ուշագրավ ծրագրով բակային ճամբարի միջոցառումը վերածվեց իսկական տոնի՝ բարձր տրամադրությամբ համակելով ներկաներին:

Նկարները՝ այստեղ

"Ուրախ Նոր Նորք" միջոցառումներ Երևանյան ամառ ծրագրի շրջանակներում

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվող "Երևանյան ամառ" ծրագրի միջոցառումներն աշխույժ ընթացքի մեջ են նաև Նոր Նորքում. այս շրջանակներում իրականացվող "Ուրախ Նոր Նորք" խորագրով բակային ճամբարների միջոցառումների մեկնարկը տրվեց երկրորդ զանգվածի Թոթովենցի հասցեում գտնվող բակից, որն ի դեպ 2013թ.-ին արժանացավ նախագահի մրցանակին, որպես լավագույն բակ:
Իրենց գեղեցիկ կատարումներով ճամբարականներին և նորնորքցի երեխաներին ողջունեցին մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերն ու պարային համույթները, Նոր Նորքի ճամբարներից ընտրված շնորհալի երեխաները, ինչպես նաև հրավիրված հեքիաթի հերոսներն ու ծաղրածուն:
Միջոցառմանը ներկա էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը:
Միջոցառումն ուղեկցվեց նաև Նոր Նորքի արտադպրոցական հիմնարկներից ընտրված սաների շախմատի բացօթյա մրցմամբ:

Նկարները՝ այստեղ

Նորնորքցի երեխաների 2-րդ հերթափոխը ևս մեկնեց Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբար

Նոր Նորք վարչական շրջանից հուլիսի 9-ին Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբար 20-օրյա հանգստի մեկնեց ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շահառու դպրոցականների երկրորդ հերթափոխը ՝ 35 երեխա։
Երեխաներին ճանապարհեցին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության բաժնի պետ Գայանե Սողոմոնյանը:
Երեխաներին բարի ճանապարհ մաղթելով՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը նվիրեց նրանց շապիկներ, գլխարկներ և խաղեր. Երեխաներին Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբար ուղեկցեցին Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու 3 բժիշկ:
Ի դեպ ճամբարներում ևս սահմանված է բժիշկների շուրջօրյա հերթապահություն։
Երեխաներին ճանապարհելու էին եկել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, ինչպես նաև սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի ներկայացուցիչները:
Նոր Նորքից ճամբարականների 3-րդ հերթափոխը՝ 35 երեխա, Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբար կմեկնի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 16-ը:

Նկարները՝ այստեղ

«Ուրախ Նոր Նորք» բակային ճամբարի միջոցառում Նոր Նորքի 4-րդ զանգվածում


«Երևանյան ամառ 2014թ» ծրագրի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածում այսօր կազմակերպվել էր «Ուրախ Նոր Նորք» խորագրով բակային ճամբարի հերթական միջոցառումը: 
Տոնին միացել էին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները, Նոր Նորքի բակային ճամբարների փոքրիկներն ու տարածքի բնակիչները: Ծրագիրը հագեցած էր կրկեսային համարներով և մշակութային գեղեցիկ կատարումներով, որոնք իրական տոն դարձրեցին երեխաների օրը՝ վերածելով այն լուսավոր հեքիաթի:
Նկարները՝ այստեղ

«Երևանյան ամառ 2014թ» տոնական մեծ միջոցառում Նոր Նորքում

«Երևանյան ամառ 2014թ» ծրագրի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի «Տիգրան Մեծ» հանգստի գոտում այսօր կազմակերպվել էր տոնական մեծ համերգային ծրագիր, որտեղ իրենց գեղեցիկ կատարումներով նորնորքցիներին ողջունեցին հրավիրված երգիչ-երգչուհիները, ինչպես նաև Նոր Նորքի մշակութային հիմնարկների գեղարվեստական խմբերն ու անհատ կատարողները: Տոնական ծրագիրը զուգորդվեց նաև կրկեսային ինքնատիպ շոու-ծրագրով: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի կողմից վարչական շրջանում գործող բակային ճամբարների պատասխանատուները տարբեր անվանակարգերում պարգևատրվեցին խրախուսական նվերով. անակնկալ նվերներ էին պատրաստվել նաև Նոր Նորքում հայտարարված «Իմ ընտանիքի պատմությունը» խորագրով շարադրության մրցույթի, «Ամառային գունապնակ» նկարչական մրցույթի և «Շախմատը մտքի արվեստ է» մարզական բացօթյա խաղի հաղթողների համար. տոնական օրն ամփոփվեց հրավառությամբ՝ ժպիտներ ու բարձր տրամադրություն տարածելով ամենուր:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի այցը Ծաղկաձորի "Աղբյուր" ճամբար

Երևանաբնակ հարյուրավոր երեխաներ այս օրերին իրենց ամառային հանգիստն են անցկացնում մարզային ճամբարներում՝ ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շրջանակում: Վարչական բոլոր շրջաններից ճամբարներ մեկնող երեխաներին ոչ միայն ճանապարհում, այլև այնուհետ ճամբար են այցելում և երեխաների հանգստի պայմաններին են ծանոթանում վարչական շրջանների ղեկավարները:
Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում երկրորդ հերթափոխին հանգստանում է վարչական տարբեր շրջանների 150 դպրոցական: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ճամբար, ծանոթացել երեխաների հանգստի ու կենցաղի պայմաններին, այնուհետ մասնակցել այստեղ կազմակերպված միջոցառմանը, որին ջոկատները ներկայացել են համերգային հարուստ ծրագրով: Միջոցառման ավարտին վառվել է ավանդական խարույկը, որն իր շուրջ է համախմբել բոլոր ճամբարականներին:
Վարչական շրջանի ղեկավարի կողմից երեխաների համար անակնկալ էր պատրաստվել. գեղեցիկ հրավառություն, քաղցրավենիք և նվեր ճամբարին.
Կիսվելով ճամբարային առօրյայի մասին իրենց տպավորություններով՝ երեխաները նշել են, որ ակտիվ մասնակցելով մարզամշակութային միջոցառումներին և տարբեր մրցումներին և ցուցադրելով լավագույն արդյունքները՝ իրենք բարձր են պահել Երևանի և իրենց վարչական շրջանի պատիվը:

Նկարները՝ այստեղ

Երևան քաղաքի պատվիրակությունը ԼՂՀ-ում

Ստեփանակերտ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել ԼՂՀ մայրաքաղաքի գործընկերների հետ:
Պատվիրակության կազմում է եղել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Այցի շրջանակում պատվիրակության հետ Ստեփանակերտ ժամանած Երևանի վարչական շրջանների ղեկավարները հանդիպումներ են ունեցել ԼՂՀ շրջանների ղեկավարների հետ, որոնցից մի մասի հետ արդեն իսկ առկա է գործնական համագործակցություն, իսկ մնացածների հետ քննարկվել են փոխշահավետ համագործակցություն ծավալելու հետ կապված ծրագրեր:
Կարևորելով Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության հաստատումն ու ամրապնդումը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է անել հնարավորը, որպեսզի ԼՂՀ շրջանների հետ ևս քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ծավալվի արդյունավետ փոխգործակցություն:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև ԼՂՀ Մարտունու շրջան: Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանի և Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը նախ հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերզամի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին, ինչպես նաև ծաղիկներ է խոնարհել Մոնթե Մելքոնյանի հուշարձանին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են երևանաբնակ ժամկետային զինծառայողներին, եղել նաև ԼՂՀ մարտական դիրքերից մեկում:
Այցի շրջանակներում հանդիպում է կազմակերպվել նաև Քաշաթաղի շրջանի վարչակազմի հետ: Նոր Նորք վարչական շրջանի և Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի միջև համագործակցություն ծավալելու նպատակով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի, Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի և քաղաքապետ Արթուր Սահակյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որն առաջիկայում կվավերացվի համագործակցության հուշագրի ստորագրմամբ:Ի նշան նոր ձևավորվող բարեկամության՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը Ծաղկաբերդ գյուղի Ա. Նավասարդյանի անվան դպրոցին նվիրել է համակարգչային տեխնիկա:
Նկարները՝ այստեղ

Երևան քաղաքի պատվիրակությունը Նովոսիբիրսկում

Քաղաքների և շրջանների միջև համագործակցությունը զարգացման ու առաջընթացի նոր ճանապարհներ է հարթում, անընդհատ ստեղծագործելու և կատարելագործվելու հնարավորություն տալիս:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած գործելաոճում ամրագրված այս սկզբունքին հավատարիմ վարչական շրջանների ղեկավարները ևս համագործակցության ուղիներ են ձևավորում տարբեր երկրների քաղաքների և շրջանների հետ:
Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի 121-ամյակի կապակցությամբ քաղաքապետ Անատոլի Լոկոտի հրավերով Երևանի պատվիրակությունը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ աշխատանքային այցով հյուրընկալվեց Նովոսիբիրսկ քաղաքում:
Հոբելյանական միջոցառումներին զուգահեռ կազմակերպվեցին աշխատանքային կարևոր հանդիպումներ և քննարկումներ. Նովոսիբիրսկի քաղաքապետարանի մեծ դահլիճում կայացած համաժողովի ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը քննարկեցին հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր. քաղաքապետ Անատոլի Լոկոտի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետի քննարկմանը կներկայացվի հետագա ծրագրերում Երևան քաղաքը Նովոսիբիրսկի եղբայր քաղաք հռչակելու վերաբերյալ առաջարկը:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հաջորդիվ կայացած հանդիսավոր հավաքույթի ընթացքում քաղաքի օրվա առթիվ շնորհավորեց քաղաքային իշխանության ներկայացուցիչներին և բազմահազարանոց բնակչությանը՝ Երևանի քաղաքապետի անունից փոխանցելով շնորհավորական ուղերձն ու խորհրդանշական հուշանվերը՝ ի նշան հաստատված բարեկամության:
Նկարները՝ այստեղ