Նոր Նորքում շարունակվում են ծառերի սանիտարական էտման աշխատանքները

Նոր Նորք վարչական շրջանում շարունակվում են վնասված և չորացած ծառերի սանիտարական էտման և ձևավորման աշխատանքները: Ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ խիստ հետևողականությամբ ամենօրյա աշխատանքներ են տարվում վնասված ծառերին նոր կյանք հաղորդելու, ինչպես նաև արդեն անպիտան ծառերը նորերով փոխարինելու ուղղությամբ:
Այս նպատակով նոյեմբերի 23-ին կազմակերպվելու է համանորնորքյան ծառատունկ: Աշխատանքներին զուգահեռ կենտրոնական փողոցների հարակից սիզամարգերում պահ են տրվում հազարավոր կակաչի սոխուկներ, որոնք գարնանը կրկին կհիացնեն բնակիչներին իրենց բազմերանգությամբ:

Տերյանական պոեզիայի ցերեկույթ հ. 134 հիմնական դպրոցում

Նոր Նորք վարչական շրջանի առաջին զանգվածում գործող հ. 134 հիմնական դպրոցում կազմակերպվել էր տերյանական ցերեկույթ, որտեղ իրենց մասնակցությունը բերեցին ինչպես աշակերտները, այնպես էլ մանկավարժներն ու տնօրենը: Միջոցառման հյուրերի կազմում էին ներկայացուցիչներ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնից, հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ Նոր Նորքում գործող տարբեր դպրոցներից:
Տերյանական ցերեկույթն ուղեկցվեց  հայ  քնարերգուի հայտնի ստեղծագործությունների ընթեցմամբ, ինչպես նաև բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերով՝ համադրված պարային ու թատերական գեղեցիկ լուծումներով:
Նշենք, որ Երևանի հ. 134 դպրոցը հիմնադրվել է 1968թ. Նոր-Նորքի 1-ինզանգվածի Նանսենի 14 հասցեում Ն. Կիրակոսյանի տնօրինությամբ: Նրա և նրան հաջորդող տնօրենների` Ի. Աթոյանի, Գ. Օրդյանի, Ա. Հակոբյանի և մանկավարժական կոլեկտիվի անմնացորդ աշխատանքի արդյունքում ծնվել են լավ ավանդույթներ և հիշարժան միջոցառումներ (հանդիպումներ անվանի մարդկանց հետ, գրական-երաժշտական ցերեկույթներ, դիմակահանդեսներ): Դպրոցը բազմիցս մասնակցել է գեղարվեստական փառատոնների, սպորտային միջոցառումների, օլիմպիադաների և արժանացել խրախուսանքների ու մրցանակների (<<Քաղաքացի նախագիծ>> ծրագիր, <<Պատարագը աշակերտների շուրթերով>>, <<Գարուն>>, Վերջին զանգ>> և այլն): Տարիներ շարունակ դպրոցում գործել է ուսուցչական երգչախումբ, որը մասնակցել է քաղաքային փառատոնի և արժանացել 1-ին կարգի դիպլոմի: Դպրոցը նախկինում ունեցել է ռուսերենի խորացված ուսուցում, և ռուսաց լեզվով բեմադրված <<Կատվի տունը>> ներկայացումը ցուցադրվել է հեռուստատեսությամբ: Դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ այսօր աշխատում են արվեստի, գիտության բնագավառում և կառավարական օղակներում: Կրթօջախը տվել է բազմաթիվ չեմպիոններ (սուսերամարտ, սեղանի թենիս): Այժմ աշակերտների շրջանում մեծ մասսայականություն է վայելում շախմատը: Դպրոցն ունի նաև հանրապետական մասշտաբի մրցանակակիրներ: Տասնամյակներ ընթացքում ձևավորված ավանդույթները շարունակվում են մինչ օրս: 

Նկարները՝ այստեղ

Նոր Նորքի "Գետաշեն" դհոլահարների համույթը հիացրեց հանդիսատեսին

Նոյեմբերի 22-ին կայացավ «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի բացումը երեք մասնագիտությունների գծով՝ ոսկերչություն, նորաձևություն, խոհարարություն: Հաղթող ճանաչված ուսանողները կմասնակցեն «Համաշխարհային հմտություններ» մրցույթին:
Բացման հանդիսավոր արարողությունը վերապահված էր Նոր Նորքի ուսումնամեթոդական և գիտաարտադրական կենտրոնում գործող "Գետաշեն" դհոլահարների համույթին, որի դհոլի խրոխտ հնչյունները հիացրեցին հանդիսատեսին՝ հաղթական զարկերով ազդարարելով մրցույթի մեկնարկը:
«Հայաստանի հմտություններ» նախագիծը իր շուրջը միավորում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, Կրթության ազգային ինստիտուտի մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնին և սոցիալական գործընկերներին` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին, Հայաստանի գործարարների (գործատուների) ու արդյունաբերողների միությանը, Հայաստանի գործատուների միությանը:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքի մանկապարտեզներում շարունակվում են ծնողական ժողովները

Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում կրթության, մշակույթի և սպորտի բաժնի կողմից շարունակաբար կազմակերպվող ծնողական ժողովներից հերթականը Երևանի հ. 99 մանկապարտեզում էր: Վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ իրականացվող ուսումնասիրությունների նպատակը մանկապարտեզներում Երևանի քաղաքապետի հանձնարարականների պատշաճ ընթացքի ապահովումն ու աշխատանքային արդյունավետության բարձրացումն է: Օրակարգային տարաբնույթ հարցերին հաջորդում է ծնողների բարձրացրած խնդիրների ու առաջարկների քննարկումը, որն արձանագրվում ու հստակ առաջարկներով փոխանցվում է համապատասխան մարմիններին:
Նկարները՝ այստեղ