Մ. ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ 143 ԴՊՐՈՑ '' ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ-20 ''

Հայոց բանակի 20-րդ տարեդարձի առթիվ Նոր Նորքում իրականացվող տարաբնույթ ձեռնարկների կազմում նշանակալից էր Մ. Խորենացու անվան 143 դպրոցում կազմակերպված հոբելյանական միջոցառումը: Կրթօջախի սաների մասնակցությամբ վեր հանվեցին հայոց պատմության նշանակալի էջերը, հայկական փառապանծ բանակի ստեղծման և կայացման ուղին: Աշակերտները բեմական խաղով հանդիսատեսին ներկայացրեցին արցախյան հերոսամարտի ուշագրավ դրվագներ, որտեղ հայ զինվորները արիություն դրսևորելով կերտեցին մեր հերոսական պատմությունը: Մովսես Խորենացու անվան 143 դպրոցի կազմակերպած բանակի օրվա միջոցառմանը ներկա էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը, մահապարտների գումարտակի դասակի հրամանատար Սպարտակ Մաթևոսյանը, ում մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ ուղեկցվեց ողջ միջոցառումը: Օրվա հերոսը ներկաների հետ կիսվեց իր հուշերով, որոնցով հյուսվել են նրա բովանդակ կենսագրության ամենանշանակալի էջերը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Գարեգին Կոստանյանը: Շնորհավորելով տոնի առթիվ` նա նշեց, որ այսօր ոչ միայն հայոց բանակի տոնն է, այլև այդ բանակի ակունքներում կանգնած հերոսների ոգեկոչման օրը, որոնցից շատերը իմացեալ մահով անմահացան:


Ներկաներին շնորհավորեց նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը, առանձնահատուկ ընդգծելով, որ հայ ժողովուրդն արիական ազգ է և հերոսությունը ի ծնե է կրում: Այդ հերոսության հրաշալի արտացոլումներից մեկն էլ հայոց բանակն է, որն այսօր արդեն 20-ամյա հասուն տարիքն է թևակոխում:
Միջոցառումն ուղեկցվեց նաև պարային և երաժշտական հատվածով` ամբողջացնելով օրվա տոնական խորհուրդը:
Նոր Նորքում բանակի հոբելյանական միջոցառումները շարունակվում են` նոր սերնդի մեջ ամրագրելով ռազմահայրենասիրական արժեքներ, ազգային ոգի` պատրաստ շարունակելու իր մեծերի գործն ու կրելու նրանց ավանդած դասերն ու պատգամները:


 Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©