«Երևանը մեր տունն է» ծրագիրը Նոր Նորքում


Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի կողմից իրականացվող «Երևանը մեր տունն է»  ծրագիրը  մեծ ոգևորություն է առաջ բերել Նոր Նորք վարչական շրջանի ակտիվ  երիտասարդների շրջանում: Նշենք, որ ծրագիրն ընդգրկում է Երևանի բոլոր վարչական շրջաների ակտիվ երիտասարդներին և կրում է մրցութային բնույթ. հաշվի են առնվելու երիտասարդների պահվածքը, զարգացվածությունը, աշխատասիրությունը էթիկան և պարտաճանաչությունը: 
Նոր Նորքից ընտրված երեսուն երիտասարդ  սեպտեմբերի 10-ից 15-ը «Երևանը մեր տունն է»  ծրագրի շրջանակներում  պետք է մասնակցի նախատեսվող միջոցառումներին՝ դրսևորելով իր լավագույն ունակությունները:
Նոր Նորքի երիտասարդները ծրագրի խորագիրը կրող հատուկ շապիկներով երեկ վարչական շրջանի բանուկ պողոտաներին մոտ գտնվող դպրոցներում օգնեցին աշակերտներին անվտանգ անցնել ճանապարհը, օգտվել անցումներից,  պահպանել  անվտանգության կանոնները:
Այսօր նախատեսված օրակարգի համաձայն «Երևանը մեր տունն է»  ծրագրում ընդգրկված Նոր Նորքի երիտասարդները հանդիպեցին վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հետ: 
Քննարկելով ծրագրի նպատակն ու նշանակությունը՝ երիտասարդները հատկապես կարևորեցին ձեռնարկի դերը իրազեկվածության բարձրացման 
և հասարակության մեջ Երևանի հանդեպ հոգատար վերաբերմունքն արմատավորելու տեսանկյունից:
Վարչական շրջանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց երիտասարդներին՝ դրսևորած ակտիվության ինչպես նաև արդյունավետ գործունեության համար:
Համատեղ քննարկվեցին նաև առաջիկայում իրականացվելիք տարբեր միջոցառումների վերաբերյալ կազմակերպչական որոշ հարցեր:
Մինչև սեպտեմբերի 15-ը երիտասարդները կմասնակցեն տարաբնույթ ձեռնարկների, կցուցաբերեն իրենց ունակություններն ու ճկունությունը: Արդյունքները կամփոփվեն Կիրովի անվան այգում կազմակերպվելիք միջոցառման ժամանակ, որին կհաջորդի տոնական համերգային ծրագիրը:
Նկարները դիտեք՝ ալբոմ 1, ալբոմ 2, ալբոմ 3, ալբոմ 4: