Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

  Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ:
Սկսվում է սպասումներով լի ուսումնական տարին՝ գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը: Լուսավոր է գիտության աշխարհ մուտքն ազդարարող այս օրվա խորհուրդը՝ լեցուն կյանքի առաջընթացի հույսով ու հավատով: 
Գիտելիքը մեր արժեքային համակարգի հարատևության նախապայմանն է: Ուստի՝ յուրաքանչյուրիս պարտքն է պահպանել այն, ըստ արժանվույն գնահատել և օգտագործել ի շահ մեր երկրի: 
Գիտակից և կիրթ սերունդը երկրի առաջընթացի գրավականն է՝ պետության վաղվա օրվա երաշխավորը: Մենք՝ բոլորս, քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ և նվիրվածությամբ պետք է նպաստենք հայրենասեր, բանիմաց և կիրթ հասարակության կայացմանը: 
Ջերմորեն շնորհավորում եմ հատկապես դպրոցի շեմն առաջին անգամ ոտք դնողներին, քանի որ սեպտեմբերի 1-ը նշանավորում է նրանց կյանքի նոր շրջափուլը: Սիրելի՛ դպրոցականներ, մաղթում եմ ձեզ լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության պատասխանատու առաքելությունը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում: 
Յուրաքանչյուր մեկնարկ լի է հույսերով և ակնկալիքներով: Լիահույս եմ, որ ուսման մեջ ունեցած ձեռքբերումներով ու հաջողություններով դուք կկառուցեք մեր վաղվա օրը, մեր երկրի ապագան:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ արգասաբեր և նվաճումներով լի ուսումնական տարի: