ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆԸ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Վարդավառի ազգային տոնը գեղեցիկ և յուրօրինակ հնչեղություն ստացավ Նոր Նորք վարչական շրջանում: Դեռևս վաղ առավոտից ջրցան մեքենաները, զինվելով  գույնզգույն դույլերով, վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հետ նախապես մշակած օրակարգի համաձայն շարժվեցին դեպի բանուկ պողոտաներ և բակեր` կյանքի կոչելու օրվա տոնական խորհուրդը: Ջրի կենարար ցողերը բազմաթիվ ժպիտներ և ուրախության ակնթարթներ պարգևեցին Նոր Նորքի բնակիչներին:
Տոնական տրամադրությունը կրկնակի էր հատկապես բակերում, որտեղ բազմաթիվ երեխաների բաժանվեցին դույլեր, իսկ ջրատար մեքենաները մեծ քանակով ջուր մատակարարեցին տոնին ընդառաջ դուրս եկած մանուկներին: Ոգևորությունն աննկարագրելի էր, ամենուր երեխաների ժպիտներով լի գոհունակ հայացքներ էին, որոնք թերևս կյանքը արժևորելու ամենակարևոր նախադրյալն են:Վարդավառի խորհրդանշական տոնը բացառիկ տոնական երանգ էր ստացել Նոր Նորքի բոլոր զանգվածներում և թաղամասերում: Բակեր այցելող ջրցան մեքենաներին ուղեկցում էին նաև  աշխատակազմի ներկայացուցիչները` վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ:
Զուլալ ջուրը ցողելով ամենուր երեխաներն ասես մանկան բարություն էին սփռում աշխարհում` քրիստոնեական գեղեցիկ ծիսակատարության խորհրդով մաքրագործելով մարդկանց հոգիները:
Նկարները՝ այստեղ

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©