ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 10.07.2012


Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործավարական խորհրդակցությունը, որը վարում էր վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, տեղի ունեցավ հուլիսի 10-ին: Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին վարչական շրջանի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժինների պետերը, համատիրությունների ղեկավարները, ինչպես նաև կենսապահովման ոլորտը սպասարկող պատասխանատու անձիք: 
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, ջրմուղ կոյուղու վթարների, ասֆալտապատման, կանաչապատման, փողոցների արտաքին լուսավորության, սանմաքրման, ինչպես նաև բնակչության կենսապահովման տարբեր խնդիրների վերաբերյալ հաղորդումներ: Նախորդ խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ հաշվառվել և գույքագրվել էր այգիների ցուցակը, որոնց լուսավորության վերաբերյալ տրվեցին հստակ հանձնարականներ: Քննարկվեց վարչական շրջանում առկա չորացած ծառերի կտրման և ճյուղերի հեռացման հարցը: 
Ներկայացվեց նաև, որ շուտով կավարտվեն նաև խոտհնձման և ծառերի կրապատման աշխատանքները: Նախորդ շաբաթվա հանձնարարականի համաձայն զեկուցվեց, որ 3-րդ զանգվածի Գյուրջյան 62 շենքի բակում առկա է խաղահրապարակ կառուցելու հարմարավետ տարածք, որը ներառվեց առաջիկա ծրագրում: Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին 2-րդ զանգվածի այգու բարեկարգման, աղբարկղերի տեղադրման և լուսավորության վերաբերյալ զեկուցումներ: Վարչական շրջանի ղեկավարը, անդրադառնալով բակերի և այգիների մաքրության խնդրին, առանձնահատուկ շեշտեց, որ այն պետք է իրագործվի պատշաճ կերպով՝ հասնելով 100 տոկոսանոց արդյունքի: 
Սա վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հստակ դիրքորոշումն է: Ուստի հանձնարարվեց առավել կենտրոնացնել հսկողությունը՝ ստեղծելով կայուն համագործակցություն՝ սանիտարական մաքրման աշխատանքներ իրակացնող ընկերությունների, համատիրությունների և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի միջև: Կոմունալ բաժնին հանձնարարվեց քայլեր ձեռնարկել ավտոմեքենաների լքյալ թափքերի վերացման, ինչպես նաև շինաղբը ժամանակին տեղափոխելու ուղղությամբ: 
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկված առաջնահերթ խնդիրների կազմում էին նաև բակերի փոսալցման աշխատանքները, որոնց իրականացման համար հանձնարարվեց կատարել համակարգված ուսումնասիրություններ: Խորհրդակցության ընթացքում կոմունալ բաժնին հատուկ հանձնարարական տրվեց ճշտել Նոր Նորք վարչական շրջանում առկա ցայտաղբյուրների քանակը և ձեռնարկել համապատասխան միջոցներ չգործող ցայտաղբյուրների վերագործարկման ուղղությամբ: Առաջարկվեց նաև ուսումնասիրություններ կատարել վարչական շրջանում առկա ոռոգման ցանցի վերաբերյալ և ներակայացնել հստակ սխեմա: 
Խորհրդակցության ընթացքում կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը զեկուցեց, որ Նոր Նորք վարչական շրջանի ՆՈՒՀ-երում արդեն ավարտվում են ցանկապատերի ներկման աշխատանքները, ինչպես նաև հետևողական վերահսկողություն է իրականացվում մանկապարտեզներում մատուցվող սննդի որակի և պիտանելիության վերաբերյալ: 
Քաղաքաշինության և հողօգտագորման բաժնին հանձնարարվեց կոնկրետ քայլեր իրականացնել վարչական շրջանում ապօրինաշինությունը կանխելու և ինքնակամ զբաղեցրած հողատարածքները բնակիչներին վերադարձնելու համար: Համատիրությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հանձնարարեց բոլոր շենքերի մուտքերին և վերելակներում հետադարձ կապի ապահովման համար հեռախոսահամար թողնել, 
բնակիչների հարցերին ու առաջարկներին արագ արձագանքելու համար: 
Քննարկվեցին մի քանի շենքերում աղբահանության որոշ խոչընդոտներ վերացնելու հարցեր: Համատիրությունների ղեկավարներին հանձնարարվեց ձմեռային զրուցարանների, նկարազարդվող տարածքների, ինչպես նաև առաջիկա ծրագրով կառուցվելիք մեծ խաղահրապարակների վերաբերյալ առաջարկներ ներկայացնել: 

Նոր Նորքին մաքուր, կանաչապատ, բարեկարգ և գեղագիտական առումով հաճելի տեսք հաղորդելու նպատակային քայլերը օրեցօր տեսանելի են դառնում, ուստի անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուրը սրտացավորեն մոտենա ցանկացած խնդրի կարգավորմանը՝ հօգուտ վարչական շրջանի կայուն զարգացման: