Գրադարանավարի օրվա միջոցառումները Նոր Նորքում 2013

Նոր Նորք վարչական շրջանում գրադարանավարի օրվա միջոցառումները մեկնարկեցին Նոր Նորքի կենտրոնական գրադարանի նոր մասնաճյուղի բացմամբ:
8-րդ զանգվածի հ. 118 մանկապարտեզի հարակից տարածքում տեղակայված մասնճյուղի բացման հանդիսավոր պատիվը վերապահված էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին և կենտրոնական գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանին:
Նոր Նորքի ծայրամասային, բայց խիտ բնակեցված զանգվածում գրադարանի հիմնումը հույժ կարևոր և նպատակային էր՝ նոր սերնդին կրթելու, դաստիարակելու և գիտության ճանապարհով ուղղորդելու տեսանկյունից:
Հյուրերի կազմում էին բազմաթիվ մտավորականներ, գրողներ, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, բնակիչներ և ընթերցողներ: Տոնական արարողությունը շարունակվեց Նոր Նորքի կենտրոնական գրադարանում, որտեղ կազմակերպվել էր գրադարանավարի օրվան նվիրված միջոցառում: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը շնորհավորելով գրադարանավարի օրվա առթիվ՝ արժևորեց գրքի դերը սերնդակրթության՝ մեր վաղվա լուսավոր օրվա կերտման գործում:
-Գրքի հանդեպ սերը և նվիրվածությունը սերմանում են ուսուցիչներն ու գրադարանավարները, ուստի նրանք մեր գալիքի կերտման կարևոր դերակատարներն են՝ լույսի տարածման ազնիվ մշակները, - հավելեց Արմեն Ուլիխանյանը:
Նոր սերնդի կրթադաստիարակչական աշխատանքներում ունեցած մեծ ավանդի համար գրադարանի լավագույն աշխատակիցները պարգևատրվեցին շնորհակալագրերով, իսկ տնօրեն Նազենի Արզումանյանն արժանացավ վարչական շրջանի ղեկավարի պատվոգրին:
Ուշագրավ էր նաև գրադարանավարի օրվա առթիվ վարչական շրջանի ղեկավարի կողմից պատրաստած անակնկալը՝ գրապահարանի տեսքով թեմատիկ տորթ հայ հեղինակների հատորներով: Տոնական օրվա առթիվ գրադարանի բարեկամներն ու ընթեցողները ևս անակնկալ նվերներ էին պատրաստել: Միջոցառումները կշարունակվեն մինչ ուշ երեկո՝ իրենց շուրջ համախմբելով բազմաթիվ ընթեցասերների:

Նկարները՝ այստեղ