ԱՇԽԱՐՀԻ ՊԱՅԾԱՌ ԳՈՒՅՆԵՐԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕՐԸ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ

Երեխաները աշխարհի պայծառ գույներն են. նրանց արևաշող աչքերում երջանկության ցոլքեր տեսնելը ոչ միայն իմաստ ու նպատակ է հաղորդում մեր կյանքին, այլև ստիպում է արարել ու ստեղծագործել, գնահատել և արժևորել մեր գոյությունն ու կյանքի խորհուրդը:
Հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, լավագույն առիթ է վերաարժևորելու այս հրաշք էակների դերը մեր կյանքում: Օրը ևս խորհրդանշական է, չէր նրանք իրենց անկեղծ հոգով և ժպիտներով ամառային ջերմություն են հաղորդում մեր կյանքին:
Հունիսի 1-ի առթիվ կազմակերպված բազմաբնույթ միջոցառումների ծաղկաբույլում ուշագրավ էին նաև Նոր Նորք վարչական շրջանում իրականացված  տոնական ձեռնարկները, որոնք մեկնարկեցին վաղ առավոտից և շարունակվեցին մինչև ուշ երեկո:
Նոր Նորքի վարչական շենքի բակը լցվել էր մանուկների խինդ ու ծիծաղով, անկեղծ ու գոհունակ ժպիտների հրավառությամբ: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաները մասնակցում էին կավճանկար մրցույթին՝ իրենց անսահման երևակայության թռիչքն արտահայտելով  գույների միջոցով:
 Նոր Նորքի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի կողմից հատկացվել էին նաև համապատասխան պարագաներով հագեցած սեղաններ, որտեղ երեխաները ջրաներկի և գիպսի համադրությամբ ստեղծում էին գեղեցիկ արվեստի նմուշներ՝ դրսևորելով իրենց ստեղծագործական ունակությունները:
Նոր Նորք վարչական շրջանի Մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպվել էր գեղեցիկ համերգային ծրագիր, որին իրենց սպասված ներկայությամբ հեքիաթային գույներ հաղորդեցին բոլորիս ծանոթ մուլֆիլմերի հերոսները: 
Տոնական ծրագիրն ուղեկցվեց նաև մշակույթի կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների և նկարչական գործերի ցուցադրությամբ:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա տոնական արարողությանը ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Ծանոթանալով ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին նա հիացմունք հայտնեց երեխաների ստեղծագործական ունակությունների վերաբերյալ:
Բակային միջոցառման ավարտին սաները օդապարիկներ բաց թողեցին դեպի երկինք աշխարհում սփռելու խաղաղություն և մանկան մաքրություն:
 Տոնական ծրագիրը շարունակվեց Նոր Նորքի վարչական շենքի դահլիճում, որտեղ օրվա հերոսները թիվ 98 նախադպրոցական ուսումնական հաստատութան սաներն էին: Մշակույթի միջոցով մանուկները ազգերին համերաշխության կոչ էին անում՝ ներկայացնելով տարբեր ժողովուրդների երգն ու պարը:
Մշակույթը համախմբում է բոլոր ազգերին՝ ընդգծելով նրանց առանձնահատկություններն ու նմանությունները: Արվեստի լեզվով սաները կամուրջ ձգեցին երկրների միջև՝ ամբողջացնելով օրվա տոնական խորհուրդը:
Հունիսմեկյան միջոցառումները շարունակվեցին նաև Նոր Նորքի 8-րդ զանգվածի Նոր աստղ հաշմանդամ երեխաների ծնողների միություն հասարակական կազմակերպությունում:
Սաների մասնակցությամբ կազմակերպվել էր տիկնիկային ներկայացում, որի ավարտին վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները նվերներ բաժանեցին փոքրիկներին՝ մաղթելով խաղաղ և գեղեցիկ մանկություն:
Երեխաները մեր ապագան են, երջանկությունը: Այս փոքրիկ հրաշքները մաքրագործում են աշխարհն ու իրենց քնքուշ ժպիտներով նոր իմաստ հաղորդում կյանքին:
Շնորհավո'ր Ձեր տոնը, սիրելի երեխաներ, թո'ղ ձեր մանկության երկնակամարում մշտապես թևածեն խաղաղության և երջանկության ճերմակ աղավնիները: 




Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©