ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՂՈՂԱՆՋՆԵՐԸ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ

Մայիսի 25-ին Հայաստանում կրկին անգամ ազդարարվեցին վերջին զանգի ավետաբեր ղողանջները: Հայերիս կյանքում այս արարողությունը խորին խորհուրդ ունի, չէ որ հազարամյակներ ի վեր կրթության հանդեպ մեծ սեր և ակնածանք տածող ազգը պատմության դժվարին հոլովույթում իր անցնելիք ուղին մշտապես լուսավորել է դպրության հրով:
Այս առումով ուշագրավ էին Նոր Նորք վարչական շրջանի հանրակրթական դպրոցներում կազմակերպված տոնական միջոցառումները, որոնցից մի քանիսին իր սպասված այցելությամբ հյուրընկալվեց նաև Նոր Նորք վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Ուլիխանյանը:

Հուզմունքի և ուրախության անթաքույց զգացումներով աշակերտները հրաժեշտ էին տալիս իրենց հարազատ կրթօջախներին, որոնք տարիներ շարունակ իմացության բարեբեր հունդեր են սերմանել իրենց սաների հոգում, կրթել են ու դաստիարակել, ուղեկից եղել նրանց կյանքի անհոգ և ամենագեղեցիկ տարիներին: 

Նոր Նորքի կրթօջախներում ազդարարվող ավարտական վերջին զանգի ղողանջներն արտահատում էին նաև հայ ժողովրդի ազատության և հաղթական պայքարի գաղափարը, քանի որ այսօրվա սերունդներին է ժառանգվում նվիրյալ հերոսների սխրանքի արդյունքում նվաճված հայոց անկախ երկիրը, որի նորօրյա պատմության անմիջական կերտողը պետք է լինեն և մարմին տան մեր պապերի երազած հզոր Հայաստանի տեսլականին:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, ի դեմս Արմեն Ուլիխանյանի` շնորհավորելով շրջանավարտներին հորդորեց որպես հավերժ պատգամ ունկնդիր լինել դարերի ձայնին և կյանքի ամեն բնագավառում հետևորդը դառնալ իրենց ուսուցիչների սերմանած բարձր գաղափարների:
Վերջին զանգը յուրաքանչյուրիս կյանքում ասես նոր կյանքի սկիզբ է ազդարարում, որի արահետները ձգվում են իմացության լայն հորիզոններ:
Հրաժեշտ տալով մանկապատանեկան հասակին` շրջանավարտները այսօր ոտք են դնում հասունության մի շեմ, որտեղ պետք է դրսևորվեն որպես ինքնուրույն անձիք: Կրթօջախներում ամբարած գիտելիքներով, հույսերով և երազանքներով աշակերտներն անկեղծ սիրո խոսքեր հղեցին բոլոր ուսուցիչներին, ովքեր իրենց հոգու և մտքի լուսավոր գանձարանի գոհարներն են սփռել սաների անցնելիք ճանապարհին:
Դպրոցական հարազատ զանգի վերջին ղողանջի հետ շրջանավարտները հրաժեշտ տվեցին իրենց վարդագույն երազներով լեցուն մանկությանը` պատրաստվելով կյանքի թևեր տալ այդ երազներին` բարձր ճախրանքի հավատով:
Բարի երթ Ձեր կյանքի մեծ ճանապարհին, սիրելի շրջանավարտներ:











Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©