ԳԱՅԻ ԲՐՈՆԶԱՁՈՒՅԼ ՁԻԱՐՁԱՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ


Պարզվում է, որ Նոր Նորքի բարձունքում գտնվող Գայի բրոնզաձույլ ձիարձանն աշխարհում ամենամեծն է ու ամենաբարձրը` հենված 2 ոտքի վրա: Այդ մասին անգամ մասնագետները չեն խոսում, մինչդեռ այն բացառիկ աշխատանք է:
Գայի արձանը կշռում է 30 տոննա, պատվանդանի հետ միասին` ունի 12.5 մետր բարձրություն: Այս վիթխարի աշխատանքը հեղինակել է քանդակագործ Սուրեն Նազարյանը՝ 1974-75 թվականներին: Հայ քանդակագործի հետ աշխատել են վարպետ ձուլողներ՝ Կիեւից: Նրանցից է Վիտալի Լիխովիդսկին, ով 37 տարի անց դարձյալ Հայաստանում է եւ առանձնակի ջերմությամբ է հիշում այդ տարիներն ու այդ աննախադեպ աշխատանքը: 
"Մոսկովյան ու լենինգրադյան ձուլման գործարանները հրաժարվել էին ձուլվել Երեւանում քանդակած հսկա ձիարձանը: Ես` իմ խմբով, ստանձնեցի այդ պատասխանատվությունը, ու մենք եկանք Երեւան: Երկու ընկերներն արդեն չկան, մեզ հետ չէ նաեւ արձանի քանդակագործը, բայց երազանքս էր` դարձյալ գալ Երեւան ու տեսնել Գայի արձանը",- ասաց Վիտալի Լիխովիդսկին։ 
Հաճախ ժամադրվելու համար միայն "Գայի արձան" ասելը բավարար է: Գայի արձանի տեղը գիտեն բոլորը, Գայի մասին` գրեթե ոչ ոք: Ռազմական ճանաչված գործիչ Հայկ Բժշկյանը, լինելով հայ կամավորական շարժման մեջ, մասնակցել է Էրզրումի, Մուշի կռիվներին: Իսկ Գայ մականունը, որը "հայ" բառի ռուսերեն տառադարձումն է, Հայկ Բժշկյանը ստացել է Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի տարինեին: Նրա հրամանատարությամբ գործող դիվիզիան տարած հաղթանակների եւ բարձր կարգապահության համար կոչվել է "Երկաթե դիվիզիա": Անհատի պաշտամունքի տարիներին, սակայն, մտավորականներին զուգահեռ` գլխատվում են նաեւ ռազմական այն գործիչները, ում շնորհիվ կայացել էր երկիրը: 1937-ին անհիմն բռնադատվում եւ մեկ տարի անց գնդակահարվում է նաեւ Գայը:
Տարիներ անց նրա հիշատակին կանգնեցվում է հուշարձան՝ Ուլյանովսկում, նաեւ՝ Երեւանում:  

"Բացումը 1978 թվականին էր, բայց դրանից առաջ` շուրջ կես տարի, արձանը ուկրաինական տեխնոլոգիայով ձուլել էինք: Այս տարիներին ես արձագանքների էի սպասում, որովհետեւ աշխարհում նման ձիարձան չկա, մինչդեռ դրա մասին ոչ միայն հայ ժողովուրդը չգիտի, այլեւ մասնագետներն են լռում",- ասաց ձուլող-վարպետ  Վիտալի Լիխովիդսկին։ 
Քանդակագործ Գագիկ Ղազարյանը խոստովանում է` բրոնզաձույլ այս հուշարձանի եզակիությունն իր համար էլ բացահայտում է. "Երեւանում, Հայաստանում դրված մեր քանդակների մասին որեւէ մենագրություն չկա, որտեղ բացահայտվի պարամետրերը, հեղինակը, որ թվականին, որտեղ է դրվել":
Ձիարձանը քանդակելու հնարավորությունը Սուրեն Նազարյանը մրցույթով էր շահել: Քանդակագործի այրին հիշում է` ինչպես թղթե գծանկարն իրականություն դարձավ: Այսօր արդեն հուշարձանի հարակից պուրակը Սուրեն Նազարյանի անունով է: 
Մի քանի օրից ուկրաինացի վարպետ-ձուլողը կվերադառնա Կիեւ` Երեւանում թողնելով իր համար այնքան հարազատ ու արժեքավոր այս աշխատանքը` երազելով, որ մի օր ժողովուրդն այն կգնահատի, իսկ աշխարհը` կճանաչի:
Նյութի հեղինակայն իրավունքները պատկանում են ՝ http://www.yerkirmedia.am