ՄԱՅԻՍԻ 9-Ը ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

       Մայիսի 9-ին` հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, Նոր Նորքի վետերանների խորհուրդը ավանդույթի համաձայն վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանի առաջնորդությամբ  ուղևորվեց Հաղթանակ զբոսայգի` ծաղկեպսակ դնելու երկրորդ աշխարհամարտի մարտադաշտում և Շուշիի ազատագրման պայքարում իրենց կյանքը ներդրած հայորդիների հիշատակին: Ամենամյա բնույթ կրող արարողությունը այս տարի սկիզբ առավ Արծիվ հուշարձանի պուրակից, որտեղ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը Մելիք Գասպարյանի գլխավորությամբ, ծաղկեպսակ դրեց և հարգանքի տուրք մատուցեց հայ զինվորների և զորավարների հիշատակին: Այնուհետև Նոր Նորքի վետերանների հետ միասին Նոր Նորք վարչական շրջանի կողմից հաղթանակի 67-րդ տարեդարձի առթիվ ծաղկեպսակ դրվեց  հիշատակի հուշաքարին, որպես  գնահատանքիև արժևորման առհավատչյա: Նոր Նորքի ներկայացուցիչները գլուխ խոնարհեցին այն բազմահազար հայորդիների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն այսօրվա խաղաղության:  
Մայիսյան մեծագույն հաղթանակներով կերտվեցին խաղաղության այն ամուր հենասյուները, որոնց վրա խոյանում են ազատ, անկախ, զարգացման և շենացման ուղիով քայլող երկրի հիմքերը: Հաղթանակ, որը շատերի համար կյանքի գին արժեցավ:
Ամեն տարի յուրաքանչյուրս առիթ ենք ունենում գնահատելու և վերաիմաստավորելու մեր պատմական հաղթանակները, որոնք միասնության ու համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության դրսևորման արդյունք են: Նոր Նորք վարչական շրջանի վետերանների խորհուրդը, անցնելով պատերազմի պարունակներով, այսօր վաստակած խաղաղությունն ու ազատությունը վեր է դասում ամեն ինչից: Հիշատակի հարգանքի նման արարողությունները, որոնք կազմակերպվում են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանի օժանդակության և մշտական հոգածության արդյունքում հայրենիքի պաշտպաններին ուղղված անկեղծ գնահատականներից են:
Մայիսյան հաղթանակների առթիվ Նոր Նորք վարչական շրջանում սկիզբ առած ռազմահայրենասիրական միջոցառումները շարունակական ընթացք կունենան նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում ` նոր սերնդին հաղորդակից դարձնելով մեր պատմական հաղթանակներին և նվաճումներին:
Փա՛ռք Ձեզ, խաղաղության կերտման հայոց մարտիկներ: 






 







  Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan

Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan

Նարինե Ադամյան Narine Adamyan

TVADSTUDIO©