Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի այցը Ծաղկաձորի "Աղբյուր" ճամբար

Երևանաբնակ հարյուրավոր երեխաներ այս օրերին իրենց ամառային հանգիստն են անցկացնում մարզային ճամբարներում՝ ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շրջանակում: Վարչական բոլոր շրջաններից ճամբարներ մեկնող երեխաներին ոչ միայն ճանապարհում, այլև այնուհետ ճամբար են այցելում և երեխաների հանգստի պայմաններին են ծանոթանում վարչական շրջանների ղեկավարները:
Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում երկրորդ հերթափոխին հանգստանում է վարչական տարբեր շրջանների 150 դպրոցական: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ճամբար, ծանոթացել երեխաների հանգստի ու կենցաղի պայմաններին, այնուհետ մասնակցել այստեղ կազմակերպված միջոցառմանը, որին ջոկատները ներկայացել են համերգային հարուստ ծրագրով: Միջոցառման ավարտին վառվել է ավանդական խարույկը, որն իր շուրջ է համախմբել բոլոր ճամբարականներին:
Վարչական շրջանի ղեկավարի կողմից երեխաների համար անակնկալ էր պատրաստվել. գեղեցիկ հրավառություն, քաղցրավենիք և նվեր ճամբարին.
Կիսվելով ճամբարային առօրյայի մասին իրենց տպավորություններով՝ երեխաները նշել են, որ ակտիվ մասնակցելով մարզամշակութային միջոցառումներին և տարբեր մրցումներին և ցուցադրելով լավագույն արդյունքները՝ իրենք բարձր են պահել Երևանի և իրենց վարչական շրջանի պատիվը:

Նկարները՝ այստեղ

Երևան քաղաքի պատվիրակությունը ԼՂՀ-ում

Ստեփանակերտ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել ԼՂՀ մայրաքաղաքի գործընկերների հետ:
Պատվիրակության կազմում է եղել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Այցի շրջանակում պատվիրակության հետ Ստեփանակերտ ժամանած Երևանի վարչական շրջանների ղեկավարները հանդիպումներ են ունեցել ԼՂՀ շրջանների ղեկավարների հետ, որոնցից մի մասի հետ արդեն իսկ առկա է գործնական համագործակցություն, իսկ մնացածների հետ քննարկվել են փոխշահավետ համագործակցություն ծավալելու հետ կապված ծրագրեր:
Կարևորելով Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության հաստատումն ու ամրապնդումը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է անել հնարավորը, որպեսզի ԼՂՀ շրջանների հետ ևս քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ծավալվի արդյունավետ փոխգործակցություն:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև ԼՂՀ Մարտունու շրջան: Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանի և Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը նախ հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերզամի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին, ինչպես նաև ծաղիկներ է խոնարհել Մոնթե Մելքոնյանի հուշարձանին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են երևանաբնակ ժամկետային զինծառայողներին, եղել նաև ԼՂՀ մարտական դիրքերից մեկում:
Այցի շրջանակներում հանդիպում է կազմակերպվել նաև Քաշաթաղի շրջանի վարչակազմի հետ: Նոր Նորք վարչական շրջանի և Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի միջև համագործակցություն ծավալելու նպատակով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի, Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի և քաղաքապետ Արթուր Սահակյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որն առաջիկայում կվավերացվի համագործակցության հուշագրի ստորագրմամբ:Ի նշան նոր ձևավորվող բարեկամության՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը Ծաղկաբերդ գյուղի Ա. Նավասարդյանի անվան դպրոցին նվիրել է համակարգչային տեխնիկա:
Նկարները՝ այստեղ

Երևան քաղաքի պատվիրակությունը Նովոսիբիրսկում

Քաղաքների և շրջանների միջև համագործակցությունը զարգացման ու առաջընթացի նոր ճանապարհներ է հարթում, անընդհատ ստեղծագործելու և կատարելագործվելու հնարավորություն տալիս:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած գործելաոճում ամրագրված այս սկզբունքին հավատարիմ վարչական շրջանների ղեկավարները ևս համագործակցության ուղիներ են ձևավորում տարբեր երկրների քաղաքների և շրջանների հետ:
Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի 121-ամյակի կապակցությամբ քաղաքապետ Անատոլի Լոկոտի հրավերով Երևանի պատվիրակությունը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ աշխատանքային այցով հյուրընկալվեց Նովոսիբիրսկ քաղաքում:
Հոբելյանական միջոցառումներին զուգահեռ կազմակերպվեցին աշխատանքային կարևոր հանդիպումներ և քննարկումներ. Նովոսիբիրսկի քաղաքապետարանի մեծ դահլիճում կայացած համաժողովի ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը քննարկեցին հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր. քաղաքապետ Անատոլի Լոկոտի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետի քննարկմանը կներկայացվի հետագա ծրագրերում Երևան քաղաքը Նովոսիբիրսկի եղբայր քաղաք հռչակելու վերաբերյալ առաջարկը:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հաջորդիվ կայացած հանդիսավոր հավաքույթի ընթացքում քաղաքի օրվա առթիվ շնորհավորեց քաղաքային իշխանության ներկայացուցիչներին և բազմահազարանոց բնակչությանը՝ Երևանի քաղաքապետի անունից փոխանցելով շնորհավորական ուղերձն ու խորհրդանշական հուշանվերը՝ ի նշան հաստատված բարեկամության:
Նկարները՝ այստեղ

ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՈՒԼԻԽԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ 2014Թ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎ

Սիրելի շրջանավարտներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կյանքի ամենահիշարժան օրերից մեկի` դպրոցական վերջին զանգի կապակցությամբ:
Դուք այսօր հրաժեշտ եք տալիս մի կրթօջախի, որը տարիներ շարունակ ճանապարհ է լուսավորել դեպի բարին և գեղեցիկը, ազնիվն ու առաքինին:
Դպրոցն ավարտելը կարևոր սահմանագիծ է, որից հետո յուրաքանչյուրի կյանքում սկսվում է ինքնուրույն, ավելի վճռորոշ ու հասուն կյանքի շրջան: Այդ սահմանից այն կողմ ձեզ սպասվում են հոգու և մտքի բազում քննություններ, որոնք կհաղթահարեք ձեր ստացած գիտելիքների, մարդկային որակների և արժեքների դրսևորմամբ:
Վերջին զանգի առիթով բացառիկ երախտագիտության և գնահատանքի խոսքեր եմ հղում նաև մեր թանկագին մանկավարժներին, ովքեր անմնացորդ նվիրումով, սերմանած գիտելիքներով և պատգամներով հասուն կյանք են ճանապարհում կրթված ու ազգային բարձր արժեքներ դավանող սերունդ:
Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ կանաչ ճանապարհ, հաղթանակներով և նվաճումներով լեցուն կյանք: 

ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՈՒԼԻԽԱՆՅԱՆ 

Ապրիլի 1-ը՝ հումորի օրը Նոր Նորք վարչական շրջանում

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հանձնարարությամբ վարչական շրջանում հումորի օրը նշվեց տարաբնույթ հետաքրքիր ու բազմաբովանդակ միջոցառումներով:
Տոնակատարությունների ամփոփիչ ակորդը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի դահլիճում էր, ուր թևածում էին հումորն ու ժպիտները, տոնական ու բարձր տրամադրությունը:
Երգիծական ծրագիրն ուղեկցվեց Նոր Նորքի մշակույթի կենտրոնի, Ս. Ասլամազյանի անվան երաժշտական և Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցների տաղանդաշատ սաների ու գեղարվեստական խմբերի՝ օրվա խորհրդին համահունչ կատարումներով: Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին խաղ-վիկտորինաներ, որոնց հաղթողները պարգևատրվեցին:
Տոնակատարությունը ժպիտներով ու ոգևորությամբ համակեց հանդիսատեսին՝ անմոռաց դարձնելով ապրիլմեկյան օրը:

Նկարները՝ այստեղ

Թատրոնի միջազգային օրը Նոր Նորքում

Ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ թատրոնի միջազգային օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանի մշակութային հիմնարկներում կազմակերպվել և իրականացվել են թեմատիկ մի շարք միջոցառումներ, որոնց ամփոփիչ ակորդը վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի դահլիճում էր:
Կազմակերպված տոնական հանդիսությունը մեկնարկեց Հովհաննես Թումանյանի "Չարի վերջը" հեքիաթի բեմադրությամբ: Նոր Նորքի հ. 117 մանկապարտեզի փոքրիկների մասնակցությամբ թատերական մյուզիքլը նորաոճ շունչ հաղորդեց օրվա խորհրդին:
Թատերական ուրույն մոտեցումներով ելույթներ ունեցան նաև Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի, Նոր Նորքի մշակույթի կենտրոնի և Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի շնորհալի սաներն ու գեղարվեստական խմբերը:
Ուշագրավ ցուցահանդեսով ներկայացան նաև Նոր Նորքի ուսումնամեթոդական և գիտաարտադրական կենտրոնի ձեռարվեստի, կարվինգի և կվիլինգի խմբերը: Հետաքրքիր մոտեցում էր դրսևորել նաև մշակույթի կենտրոնը՝ ներկայացնելով բեմական ինքնատիպ դիմակահանդես:
Միջոցառման հյուրերի կազմում էին Նոր Նորքի արվեստագետներ, մտավորականներ ու թատերական գործիչներ, ովքեր արժևորեցին տոնի խորհուրդը՝ բարձր գնահատելով այսօրինակ միջոցառումների դերը՝ հայկական մշակութային արժեքների տարածման ու նորովի ներկայացման առումով:

Նկարները՝ այստեղ

«Վ. Սարգսյան 55» Նոր Նորք վարչական շրջան-ՀՀ ՊՆ համատեղ միջոցառում

Այսօր Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցավ սպարապետ Վ. Սարգսյանի ծննդյան 55-ամյակի առթիվ կազմակերպված «Կրակային պատրաստություն» հուշամրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը:
Նոր Նորք վարչական շրջանի հանրակրթական դպրոցների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նախազորակոչային և զորակոչային տարիքի աշակերտների միջև անցկացված հուշամրցաշարն ընթացել է 2 փուլով՝ ներդպրոցական և շրջանային, որի արդյունքում ընտրվել են հաղթող թիմերն ու լավագույն մարզիկները:
Հուշամրցաշարի ընդհանուր արդյունքների հրապարակման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը զուգահեռ կազմակերպվել էր Վ. Սարգսյանի հիշատակին նվիրված մեծարման միջոցառում՝ հ. 159 դպրոցի աշակերտների և Նոր Նորքի մշակույթի կենտրոնի սաների մասնակցությամբ:
Միջոցառման գլխավոր հյուրերի կազմում էր նաև սպարապետի մորաքույրը՝ Անահիտ Մելքոնյանը:
Հուշամրցաշարի թիմային հաշվարկով հաղթող և մրցանակակիր թիմերը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի կողմից պարգևատրվեցին գավաթներով, իսկ մարզիկները՝ մեդալներով և համապատասխան հավաստագրերով:
Երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության, հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի և հայրենանվեր աշխատանքի համար ՀՀ ՊՆ խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մ. Սարգսյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրով և հուշանվերով պարգևատրվեց նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Նկարները՝ այստեղ

Հաճելի անակնկալներով լեցուն խորհրդանշական տոնական «8»-ը Նոր Նորքում

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ Կանանց միջազգային օրվա առթիվ Նոր Նորքում կազմակերպվել էր խորհրդանշական «8»-երի իսկական հրավառություն:
Թխվածքների տեսքով տոնական նվերը ժպիտներ ու հաճելի զգացողություն տարածեց հյուրընկալող բոլոր հաստատություններում:
Սիրով շնորհավորում ենք բոլոր կանանց ու աղջիկներին գարնան, զարթոնքի, սիրո և գեղեցկության պայծառ տոնի կապակցությամբ:
Մաղթում ենք գարնանային բարձր տրամադրություն, շենշող արև, անպակաս ժպիտ, ամենայն բարիք:
Թող ձեզ կյանքում մշտապես ուղեկցեն բարին ու լուսավորը:
Նկարները՝ այստեղ

Շախմատի հուշամրցաշար Նոր Նորքում` նվիրված Գ. Ստեփանյանի հիշատակին

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ այսօր կազմակերպվել էր Գ. Ստեփանյանին՝ Հեթանոս Գագոյին նվիրված շվեյցարական կարգով շախմատի հուշամրցաշար դպրոցական կարգային շախմատիստների /1-3/ միջև:
Հուշամրցաշարն անցկացվեց Գ. Ստեփանյանի անվան հ. 135 դպրոցում: Հուշամրցաշարի մասնակիցները, նախքան մրցույթի մեկնարկը, այցելեցին Արցախյան ազատամարտի հերոսի հուշարձանին, որտեղ դպրոցի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվեց մեծարման հուշ-ցերեկույթ:
Այս տարի լրանում է Հեթանոս Գագոյի մահվան 20-րդ տարելիցը, ուստի՝ հուշամրցաշարը հերոսի հիշատակին նվիրելը պատահական չէր. աշակերտների ուժերը իմաստուն խաղում չափելուց բացի այն նպատակ ուներ վերստին արժևորել մեծ հայորդու սխրանքները՝ նոր սերնդին դաստիարակելով ռազմահայրենասիրական ոգով:
Հուշամրցաշարն անցկացվեց 7 փուլով՝ Նոր Նորքի տարբեր դպրոցներից ընդգրկված 58 աշակերտի մասնակցությամբ:
Հուշամրցաշարին ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ով մրցավարական կազմի հետ միասին հետևեց խաղի ընթացքին:
Ամփոփելով արդյունքները՝ ընտրվեցին Նոր Նորքի 10-ը լավագույն մարզիկներ, ովքեր պարգևատրվեցին <<Զանգակ>> հրատարակչության կողմից հատկացված գրքերով:
Հաղթող մասնակիցները վաղը կհյուրընկալվեն վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի մոտ՝ ստանալու իրենց շնորհակալագրերը, պատվոգրերն ու մրցանակները:
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին՝ մաղթելով նորանոր վերելքներ:
Նկարները՝ այստեղ




«Արևիկ» հրատարակչության նվերը Նոր Նորքի հ. 102 մանկապարտեզի փոքրիկներին

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի բաժնի և «Արևիկ» հրատարակչության միջև ձևավորված համագործակցության արդյունքում մեկնարկեց առաջին ծրագիրը:
Հայ մեծ բանաստեղծ Հ. Թումանյանի 145-ամյա հոբելյանի առթիվ մանկապարտեզներում իրականացվող տարաբնույթ միջոցառումների ծաղկաբույլում ուշագրավ միջոցառում էր կազմակերպվել Նոր Նորքի հ. 102 մանկապարտեզում, որտեղ հյուրընկալվել էին «Արևիկ» հրատարակչության և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի բաժնի ներկայացուցիչները:
Սաները մարմնավորել էին Թումանյանի հեքիաթների հերոսներին, որոնք տասնամյակներ ի վեր սերունդներ են կրթել ու դաստիարակել՝ սերմանելով մարդկային կարևոր արժեքներ և որակներ:
Միջոցառման ավարտին «Արևիկ» հրատարակչության տնօրինության կողմից մանկապարտեզին նվիրաբերվեցին Թումանյանի հեքիաթների նոր հրատարակված ժողովածուները, որոնք աչքի են ընկնում իրենց նորաոճ, հետաքրքիր ու գեղազարդ լուծումներով:
Գոյության տարիների ընթացքում` «Արևիկ» հրատարակչությունը հավատարիմ է մնացել իր որդեգրած սկզբունքներին` ընթերցողների լայն շրջանակներին մատուցելով ինքնատիպ ձևավորմամբ, գունեղ մանկական գրքերի զարմանահրաշ տեսականի:
Նկարները՝ այստեղ