Երևան քաղաքի պատվիրակությունը Նովոսիբիրսկում

Քաղաքների և շրջանների միջև համագործակցությունը զարգացման ու առաջընթացի նոր ճանապարհներ է հարթում, անընդհատ ստեղծագործելու և կատարելագործվելու հնարավորություն տալիս:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած գործելաոճում ամրագրված այս սկզբունքին հավատարիմ վարչական շրջանների ղեկավարները ևս համագործակցության ուղիներ են ձևավորում տարբեր երկրների քաղաքների և շրջանների հետ:
Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի 121-ամյակի կապակցությամբ քաղաքապետ Անատոլի Լոկոտի հրավերով Երևանի պատվիրակությունը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ աշխատանքային այցով հյուրընկալվեց Նովոսիբիրսկ քաղաքում:
Հոբելյանական միջոցառումներին զուգահեռ կազմակերպվեցին աշխատանքային կարևոր հանդիպումներ և քննարկումներ. Նովոսիբիրսկի քաղաքապետարանի մեծ դահլիճում կայացած համաժողովի ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը քննարկեցին հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր. քաղաքապետ Անատոլի Լոկոտի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետի քննարկմանը կներկայացվի հետագա ծրագրերում Երևան քաղաքը Նովոսիբիրսկի եղբայր քաղաք հռչակելու վերաբերյալ առաջարկը:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հաջորդիվ կայացած հանդիսավոր հավաքույթի ընթացքում քաղաքի օրվա առթիվ շնորհավորեց քաղաքային իշխանության ներկայացուցիչներին և բազմահազարանոց բնակչությանը՝ Երևանի քաղաքապետի անունից փոխանցելով շնորհավորական ուղերձն ու խորհրդանշական հուշանվերը՝ ի նշան հաստատված բարեկամության:
Նկարները՝ այստեղ