Թատրոնի միջազգային օրը Նոր Նորքում

Ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ թատրոնի միջազգային օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանի մշակութային հիմնարկներում կազմակերպվել և իրականացվել են թեմատիկ մի շարք միջոցառումներ, որոնց ամփոփիչ ակորդը վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի դահլիճում էր:
Կազմակերպված տոնական հանդիսությունը մեկնարկեց Հովհաննես Թումանյանի "Չարի վերջը" հեքիաթի բեմադրությամբ: Նոր Նորքի հ. 117 մանկապարտեզի փոքրիկների մասնակցությամբ թատերական մյուզիքլը նորաոճ շունչ հաղորդեց օրվա խորհրդին:
Թատերական ուրույն մոտեցումներով ելույթներ ունեցան նաև Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի, Նոր Նորքի մշակույթի կենտրոնի և Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի շնորհալի սաներն ու գեղարվեստական խմբերը:
Ուշագրավ ցուցահանդեսով ներկայացան նաև Նոր Նորքի ուսումնամեթոդական և գիտաարտադրական կենտրոնի ձեռարվեստի, կարվինգի և կվիլինգի խմբերը: Հետաքրքիր մոտեցում էր դրսևորել նաև մշակույթի կենտրոնը՝ ներկայացնելով բեմական ինքնատիպ դիմակահանդես:
Միջոցառման հյուրերի կազմում էին Նոր Նորքի արվեստագետներ, մտավորականներ ու թատերական գործիչներ, ովքեր արժևորեցին տոնի խորհուրդը՝ բարձր գնահատելով այսօրինակ միջոցառումների դերը՝ հայկական մշակութային արժեքների տարածման ու նորովի ներկայացման առումով:

Նկարները՝ այստեղ