Երևան քաղաքի պատվիրակությունը ԼՂՀ-ում

Ստեփանակերտ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել ԼՂՀ մայրաքաղաքի գործընկերների հետ:
Պատվիրակության կազմում է եղել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Այցի շրջանակում պատվիրակության հետ Ստեփանակերտ ժամանած Երևանի վարչական շրջանների ղեկավարները հանդիպումներ են ունեցել ԼՂՀ շրջանների ղեկավարների հետ, որոնցից մի մասի հետ արդեն իսկ առկա է գործնական համագործակցություն, իսկ մնացածների հետ քննարկվել են փոխշահավետ համագործակցություն ծավալելու հետ կապված ծրագրեր:
Կարևորելով Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության հաստատումն ու ամրապնդումը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է անել հնարավորը, որպեսզի ԼՂՀ շրջանների հետ ևս քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ծավալվի արդյունավետ փոխգործակցություն:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև ԼՂՀ Մարտունու շրջան: Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանի և Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը նախ հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերզամի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին, ինչպես նաև ծաղիկներ է խոնարհել Մոնթե Մելքոնյանի հուշարձանին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են երևանաբնակ ժամկետային զինծառայողներին, եղել նաև ԼՂՀ մարտական դիրքերից մեկում:
Այցի շրջանակներում հանդիպում է կազմակերպվել նաև Քաշաթաղի շրջանի վարչակազմի հետ: Նոր Նորք վարչական շրջանի և Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի միջև համագործակցություն ծավալելու նպատակով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի, Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի և քաղաքապետ Արթուր Սահակյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որն առաջիկայում կվավերացվի համագործակցության հուշագրի ստորագրմամբ:Ի նշան նոր ձևավորվող բարեկամության՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը Ծաղկաբերդ գյուղի Ա. Նավասարդյանի անվան դպրոցին նվիրել է համակարգչային տեխնիկա:
Նկարները՝ այստեղ