Գրադարանավարի օրը Նոր Նորքում


Գրադարանավարի օրվա առթիվ Նոր Նորքի կենտրոնական գրադարանում կազմակերպվել էր տոնական գեղեցիկ միջոցառում, որին հյուրընկալվել էին նաև վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները` ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ:
"Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք" թեմայի շրջանակներում գրադարանի ընթերցողները արժևորեցին գրադարանի դերը՝ բնորոշելով այն որպես մտքի գանձարան: Միջոցառումն ուղեկցվեց տաղանդաշատ աշակերտների գեղարվեստական կատարումներով:
Արարողության հանդիսավոր մասում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը շնորհավորելով գրադարանավարներին՝ պատվոգրեր հանձնեց այդ ասպարեզում իրենց մեծ ներդրումն ունեցող աշխատակիցներին: "Արժեհամակարգերի փոփոխության ներկայիս դարաշրջանում գրադարանների դերն առավել քան կարևորվում է՝ ընթերցասեր հասարակություն ձևավորելու տեսանկյունից: Դուք կարևոր առաքելություն ունեք, քանի որ սերունդների մտավոր զարգացման կարևոր շարժիչ ուժերից եք",-ընդգծեց վարչական շրջանի ղեկավարը:
Հատուկ ուշադրության արժանացավ գրադարանավար Կարինե Բանդուրյանի աշխատանքը, որը գնահատվել և պատվոգրի էր արժանացել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից: Նոր Նորքի կենտրոնական գրադարանն իր հերթին ևս պատվոգրեր և շնորհակալագրեր էր նախատեսել, որոնցով պարգևատրվեցին գրադարանի զարգացման գործում իրենց մեծ նպաստն ունեցող անձիք: Գրադարանի նկատմամբ ցուցաբերած հոգատարության և ուշադրության համար Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը նույնպես արժանացավ պատվոգրի: Շնորհակալագրերով խրախուսվեցին գրադարանի լավագույն ընթերցողները, աշխատակիցները, ինչպես նաև բարեկամ մտավորականներն ու արվեստագետները:
Նկարները` այստեղ