Նոր Նորք վարչական շրջանը ևս մասնակցեց էրեբունի-Երևան տոնակատարությանը

 Երևան դարձած ի՛մ Էրեբունի 
      2794-ամյա ճանապարհ անցած  լուսե հանգրվան
Քաղաքամայր Երևանի ծննդյան տարեդարձն այս տարի նշվեց առանձնահատուկ շքեղ տոնակատարությամբ՝ երևանցիներին ու հազարավոր հյուրերին հիացնելով ամենուր տիրող հանդիսավոր մթնոլորտով:
Նոր Նորք վարչական շրջանում նույնպես վաղ առավոտից ջրցան մեքենաները լվանում և մաքրում էին կենտրոնական փողոցները՝ տոնական տրամադրութամբ պատրաստվելով Երևանի տարեդարձին:
Երևանի ծննդյան տարեդարձի առթիվ մատուցված բազմաթիվ անակնկալների շարքում ուշագրավ էր «Առողջ Երևան» կարգախոսը ներկայացնող բժիշկների շքերթը, որի նախաձեռնողն ու իրականացնողը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունն էր և  Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Երկարատև փորձերի և աշխատանքի արդյունքում Երևանի ծննդյան տարեդարձին ամենակարևոր մաղթանքը մայրաքաղաքին մատուցվեց ինքնատիպ կերպով:
«Առողջ Երևան» թո՛ղ որ կյանքի ելևէջներում բժիշկները միայն բարի լուրեր և ծննդյան ավետիս հաղորդեն և թո՛ղ առողջ ու հավերժ բաբախի հայոց հինավուրց մայրաքաղաքի սիրտը:  
Նոր Նորք վարչական շրջանի ներկայացուցիչները ևս վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և անձամբ վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ Երևանի ծննդյան տոնին պատրաստվել էին առանձնակի ոգևորությամբ: Գեղեցիկ ցուցապաստառներով վարչական շրջանի ներկայացուցիչները երկրի նախագահ Սերժ Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջնորդությամբ շրջեցին տոնական Երևանով, ներկա եղան տարբեր բեմահարթակներում կազմակերպված միջոցառումներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի տոնի համար նախատեսված 26 բեմահարթակներում իրենց ներկայացուցչական ելույթներով հանդես եկան նաև Նոր Նորքի մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերը: Ֆրանսիական հրապարակում կազմակերպված բիենալե ցուցահանդեսին Նոր Նորքի տաղանդաշատ սաները ներկայացան ձեռարվեստի գեղեցիկ աշխատանքներով: Հայկական կոլորիտն ամբողջացնող ձեռագործ նմուշները Երևանյան տոնին հայեցի շունչ ու հոգի էին հաղորդում:
Էրեբունի-Երևան տոնի առթիվ կազմակերպված ժողովրդական-զանգվածային միջոցառումները բարձր տրամադրություն էին ստեղծել ամենուրԱնգամ օտարերկրյա հյուրերն էին հավասարապես տոնում մեր հինավուրց մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը:
2794-ամյա մեր վարդագույն հրաշք, դու մեր սրտում ես, մենք միասին ենք  ապրում ու շնչում, հետևաբար՝ կենարար թելերով միահյուսված էլ միասին ենք կերտում նաև մեր նորօրյա պատմության էջերը:
Իմ սրտի մայրաքաղաք, շարունակի՛ր ծաղկել ու զարգանալ. Թո՛ղ հավերժանան քո արշալույսներն ու մայրամուտները, թո՛ղ ամեն բացվող առավոտդ լեցուն լինի սիրով և արարումով: