Անկախությունը հայերիս կյանքում բացարձակ արժեք է, մեր դարավոր երազների մարմնացումը: Այսօր մենք ունենք անկախ պետություն, ազատագրված Արցախ, բայց երբեք չպետք է մոռանանք այդ ամենի ակունքներում կանգնած հայոց մարտիկներին, իրենց կյանքը հայրենիքի ազատության զոհասեղանին դրած մահապարտներին, որոնց հիշատակի ամենամեծ տուրքը` նվաճված հաղթանակը պահելն է:
"Արծիվ-մահապարտներ"
գումարտակի 20-ամյակը ուրույն հնչեղություն ստացավ Նոր Նորք վարչական
շրջանում: Այս առիթով այցելություն էր կազմակերպվել Նոր Նորքի
Ազատամարտիկների պուրակ, որտեղ հյուրերը ծաղիկներ դրեցին ազատագրական
պայքարում իրենց մեծ ներդրումն ունեցած հայ մարտիկների հիշատակը
հավերժացնող հուշաքարին: Ներկաների կազմում էին մերօրյա հերոս, Շուշիի
ազատագրման օպերացիայի ղեկավար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝
լեգենդար Կոմանդոսը, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Արծիվ-մահապարտներ»
գումարտակի համակարգող, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, ՀՀ ԵԿՄ
վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը, «Արծիվ- մահապարտներ»
գումարտակի հրամանատարներից Սպարտակ Մաթևոսյանը և այլոք: VIDEO
Այնուհետև արարողությունը շարունակվեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի դահլիճում: Հուշ-երեկույթի ընթացքում հյուրերը կիսվեցին իրենց զգացողություններով: Միջոցառումն ուղեկցվեց նաև մշակութային ծրագրով:
Նոր Նորքում ռազմահայրենասիրական ոգին բարձր պահելու և գալիք սերունդներին ազգային արժեքներով զինելու համար վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի կողմից պարգևատրվեց պատվոգրով:
Անդրադառնալով "Արծիվ-մահապարտներ" գումարտակի անցած 20-ամյա ուղուն՝ վարչական շրջանի ղեկավարը անուրանալի և անգնահատելի համարեց այն մեծ ավանդը, որ ունեցել է յուրաքանչյուր մահապարտ հաղթանակի նվաճման գործում: "Հերոսների մահով է անմահանում ու հավերժանում հայրենիքը: Հայրենիքի կանչով ձևավորված մահապարտների ջոկատը մահվանը դեմ հանդիման գնաց՝ գիտակցելով իր անձնազոհության գինը: Հավերժ խոնարհում իրենց կյանքը ազատության զոհասեղանին դրած մարտիկներին"-հավելեց Ա. Ուլիխանյանը: Միջոցառման հանդիսավոր մասում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը շնորհակալագրեր հանձնեց Արցախյան հերոսամարտում իրենց մեծ ավանդն ունեցած մարտիկներին:
