Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, 
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Հայության կյանքում այսօր կրկին բացվեց գիտության արշալույսը՝ իր հետ բերելով նոր հույսեր, իմաստավորելով մեր վաղվա օրը: 
Գիտելիքի և կրթության հանդեպ հայերիս ձգտումը ազգային բնավորություն է, որով դարերից եկող մեր ժողովուրդը դիմակայել է ժամանակների մարտահրավերներին: 
Հազարավոր մանուկների համար այսօր սկսվում է մի նոր ճանապարհ, որը լի է բացահայտումներով ու հրաշքներով: Իմացության այս տաճարի ներքո դուք, սիրելի աշակերտներ, պետք է ձգտեք սերտել կյանքի այն կարևոր դասերը, որոնք ձեր առաջ կբացեն կայանալու, հաջողության ու նվաճումների բազում դռներ: 
Մաշտոցյան դպրության լավագույն ավանդույթներին հավատարիմ՝ այսօր էլ հայերիս համար գիտելիքը մեր արժեքային համակարգի հարատևության և հզորության գրավականն է: Ձեր ստացած գիտելիքների որակից է կախված մեր երկրի, մեր սիրելի Երևանի և հարազատ Նոր Նորքի վաղվա օրը: 
Հարգելի՛ մանկավարժներ, բարձր գնահատելով Ձեր ներդրումը մեր կրթահամակարգի զարգացման և գրագետ սերունդ դաստիարակելու գործում, համոզված եմ, որ քաղաքացիական մեծ պատասխանատվությամբ կներդնեք բոլոր ջանքերն ու կարողությունները՝ ի նպաստ նոր սերնդի կրթության դժվարին աշխատանքի:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում արգասաբեր ուսումնական տարի: