Խաղողօրհնեքի տոնը Նոր Նորքում 2014թ.

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի` Խաղողօրհնեքի կապակցությամբ Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում Նոր Նորք վարչական շրջանի մշակութային հիմնարկների ձեռարվեստի, նկարչական և կարվինգի խմբերի շնորհալի սաների մասնակցությամբ կազմակերպվել էր ցուցադրություն տոնի խորհրդին համահունչ բովանդակությամբ: Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունեց և օրհնության խոսք հղեց Նոր Նորք համայնքի հոգևոր հովիվ տեր Նորայր քահանա Բաղդասարյանը՝ մաղթելով հոգու ամրություն, իսկ հայոց աշխարհին՝ խաղաղություն, առատություն ու բերրիություն:
Նկարները՝ այստեղ

Նավասարդի տոնը Նոր Նորքում 2014

Հին Հայաստանում Նավասարդի 1-ը, այսինքն` օգոստոսի 11-ը, նշվել է համազգային տոնակատարությամբ, որպես Նոր տարի կամ նոր կյանքի օր: 
Տոնի խորհուրդը պայմանավորված է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակով, որով սկիզբ դրվեց հայության վերելքի նոր դարաշրջանի: 
Ավանդական դարձած միջոցառումը արդեն 6-րդ տարին է մեծ շուքով ուրույն դրսևորում է գտնում՝ իր շուրջը համախմբելով բազմաթիվ մարդկանց և ուխտավորների: Այս տարի ևս «Սերունդ Հայապահպան միավորման», «Արորդաց Ուխտ» կազմակերպության և Նոր Նորք վարչական շրջանի համատեղ նախաձեռնությամբ Հայկի արձանի տարածքում կազմակերպվել էր տոնական գեղեցիկ արարողություն: 
Միջոցառումը մեկնարկեց Հայկ նահապետի հուշարձանի մոտ պատվո պսակադրման արարողությամբ, այնուհետև արորդաց ուխտավորների կողմից բերվեց Արագած սուրբ լեռան գագաթին վառված նավասարդյան ջահը, որն ազդարարում է հայոց աշխարհի մեծ պայքարի շարունակությունը: 
Ողջույնի խոսքում «Սերունդ» հայապահպան միավորման նախագահ Հայկ Չոբանյանը ընդգծեց, որ այս տոնը մեր ազգային ներուժի արժևորումն է, որով պետք է պայքարենք մեր արժեքների պահպանման և նոր աշխարհում հայեցի դրսևորվելու առումով: Պատմաբան Արտակ Մովսիսյանը ևս գնահատեց տոնի խորհուրդը, քանի որ համայն հայության համար Հայկ նահապետը հայոց ազգային միասնության գլխավոր և անխաթար խորհրդանիշն է: 
Արարողության ընթացքում ներկաներին բաժանվեցին Նավասարդի կապակցությամբ հատուկ թողարկված Տիգրան Մեծի պատկերով գեղեցիկ պաստառներ: 
Տոնի բովանդակությունն ամբողջացրեցին ազգային երգի ու դհոլների խրոխտ հնչյունները, որոնք Նոր Նորքի բարձունքից հայկյան վեհությամբ ու արիությամբ զորացած տարածվեցին հայոց աշխարհում՝ հաստատելով Նավասարդի՝ ուժականության և զորության խորհուրդը:
Նկարները՝ այստեղ

«Ուրախ Նոր Նորք» բակային միջոցառում Նոր Նորքի 1-ին զանգվածում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն ավանդական դարձած «Երևանյան ամառ» միջացռումները այս տարի ևս Նոր Նորքում իրենց շուրջն են համախմբում հազարավոր մանուկների: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի աջակցությամբ իրականացվող «Ուրախ Նոր Նորք» խորագրով բակային միջոցառումները ևս համալրում են այս գեղեցիկ նախագիծը:
Բոլոր զանգվածների բակերում իրականցվող մշակութային և կրկեսային զվարճալի շոու-ծագրերից հերթականը Նոր Նորքի 1-ին զանգվածում էր:
Հրավիրված հերոսների և աճպարարի մասնակցությամբ կազմակերպված միջոցառումը ժպիտների իսկական աստղաբույլ էր ստեղծել տոնական ձևավորված բակում՝ ներկաներին համակելով բարձր տրամադրությամբ:
Օրվա ամփոփիչ ակորդը փուչիկների և փայլերի հրավառությունն էր, որին հաջորդեց մանկական ուրախ դիսկոտեկը:

Նկարները՝ այստեղ

«Երևանյան ամառ»-«Ես հայ եմ» միջոցառում Նոր Նորքի Վերածննդի այգում

«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի Վերածննդի այգում այսօր կազմակերպվել էր «Ես հայ եմ» խորագրով միջոցառում, որտեղ իրենց հայեցի կատարումներով, ձեռքի շնորհներով ու հայկական հյուրասիրությամբ ներկայանում էր Նոր Նորքի մշակույթի կենտրոնի մանկավարժական ու աշակերտական կազմը:
Տոնական ծրագրին դհոլների խրոխտ հնչուններով ազգային ռիթմեր ու շունչ հաղորդեց «Վահագն» դհոլահարների անսամբլը. երգ, պար, ասմունք, հայկական մանրանկարչության մոտիվներով մետաքսի վրա նկարված զարդանախշեր, ձեռարվեստի ուշագրավ աշխատանքներ, որոնք յուրօրինակ ոճ ու մոտեցում էին հաղորդում մեր ազգային խորհրդանիշերին:
Միջոցառման վայրը ևս պատահական չէր ընտրված. Վերածննդի զբոսայգում ասես հայեցին ու հայկականը նորովի էին դրսևորվել: Դարերից եկած հայոց մշակույթի ծաղկումը պետք է ամուր արմատներ ձգի սերունդների ոգում՝ պահպանելով հայի դեմքն ու ազգային տեսակը:

Նկարները՝ այստեղ

Նոր Նորքի Ս. Ասլամազյանի անվ. երաժշտական դպրոցի սանը ճանաչվեց որպես «Տարվա հայտնություն»

Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 7-րդ մրցույթ-փառատոնի արդյունքներով լավագույնը ճանաչված տասնյակը ամփոփիչ գալա-համերգում պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով և մրցույթի խորհրդանշական մրցանակներով։ Երևանի քաղաքապետի անունից հաղթողներին շնորհավորել և պատվոգրերը հանձնել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը։ Երևանի քաղաքապետի պատվոգրով է պարգևատրվել նաև մրցույթ-փառատոնի՝ ավանդական դարձած «Տարվա հայտնություն» անվանակարգին արժանացած Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի սան Խաչիկ Անդրեասյանը։
Նկարները՝ այստեղ

"Ուրախ Նոր Նորք" բակային ճամբարի հերթական միջոցառումը 8-րդ զանգվածում

Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի Արծիվ հուշարձանի հարակից հրապարակում այսօր կազմակերպվել էր "Ուրախ Նոր Նորք" խորագրով բակային ճամբարի հերթական միջոցառումը:
Նոր Նորքի մշակույթի կենտրոնի պարախմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ ինչպես նաև հրավիրված հեքիաթային հերոսների ու խաղավարի ուշագրավ ծրագրով բակային ճամբարի միջոցառումը վերածվեց իսկական տոնի՝ բարձր տրամադրությամբ համակելով ներկաներին:

Նկարները՝ այստեղ

"Ուրախ Նոր Նորք" միջոցառումներ Երևանյան ամառ ծրագրի շրջանակներում

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվող "Երևանյան ամառ" ծրագրի միջոցառումներն աշխույժ ընթացքի մեջ են նաև Նոր Նորքում. այս շրջանակներում իրականացվող "Ուրախ Նոր Նորք" խորագրով բակային ճամբարների միջոցառումների մեկնարկը տրվեց երկրորդ զանգվածի Թոթովենցի հասցեում գտնվող բակից, որն ի դեպ 2013թ.-ին արժանացավ նախագահի մրցանակին, որպես լավագույն բակ:
Իրենց գեղեցիկ կատարումներով ճամբարականներին և նորնորքցի երեխաներին ողջունեցին մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերն ու պարային համույթները, Նոր Նորքի ճամբարներից ընտրված շնորհալի երեխաները, ինչպես նաև հրավիրված հեքիաթի հերոսներն ու ծաղրածուն:
Միջոցառմանը ներկա էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը:
Միջոցառումն ուղեկցվեց նաև Նոր Նորքի արտադպրոցական հիմնարկներից ընտրված սաների շախմատի բացօթյա մրցմամբ:

Նկարները՝ այստեղ

Նորնորքցի երեխաների 2-րդ հերթափոխը ևս մեկնեց Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբար

Նոր Նորք վարչական շրջանից հուլիսի 9-ին Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբար 20-օրյա հանգստի մեկնեց ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շահառու դպրոցականների երկրորդ հերթափոխը ՝ 35 երեխա։
Երեխաներին ճանապարհեցին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության բաժնի պետ Գայանե Սողոմոնյանը:
Երեխաներին բարի ճանապարհ մաղթելով՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը նվիրեց նրանց շապիկներ, գլխարկներ և խաղեր. Երեխաներին Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբար ուղեկցեցին Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու 3 բժիշկ:
Ի դեպ ճամբարներում ևս սահմանված է բժիշկների շուրջօրյա հերթապահություն։
Երեխաներին ճանապարհելու էին եկել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, ինչպես նաև սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի ներկայացուցիչները:
Նոր Նորքից ճամբարականների 3-րդ հերթափոխը՝ 35 երեխա, Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբար կմեկնի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 16-ը:

Նկարները՝ այստեղ

«Ուրախ Նոր Նորք» բակային ճամբարի միջոցառում Նոր Նորքի 4-րդ զանգվածում


«Երևանյան ամառ 2014թ» ծրագրի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածում այսօր կազմակերպվել էր «Ուրախ Նոր Նորք» խորագրով բակային ճամբարի հերթական միջոցառումը: 
Տոնին միացել էին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները, Նոր Նորքի բակային ճամբարների փոքրիկներն ու տարածքի բնակիչները: Ծրագիրը հագեցած էր կրկեսային համարներով և մշակութային գեղեցիկ կատարումներով, որոնք իրական տոն դարձրեցին երեխաների օրը՝ վերածելով այն լուսավոր հեքիաթի:
Նկարները՝ այստեղ

«Երևանյան ամառ 2014թ» տոնական մեծ միջոցառում Նոր Նորքում

«Երևանյան ամառ 2014թ» ծրագրի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի «Տիգրան Մեծ» հանգստի գոտում այսօր կազմակերպվել էր տոնական մեծ համերգային ծրագիր, որտեղ իրենց գեղեցիկ կատարումներով նորնորքցիներին ողջունեցին հրավիրված երգիչ-երգչուհիները, ինչպես նաև Նոր Նորքի մշակութային հիմնարկների գեղարվեստական խմբերն ու անհատ կատարողները: Տոնական ծրագիրը զուգորդվեց նաև կրկեսային ինքնատիպ շոու-ծրագրով: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի կողմից վարչական շրջանում գործող բակային ճամբարների պատասխանատուները տարբեր անվանակարգերում պարգևատրվեցին խրախուսական նվերով. անակնկալ նվերներ էին պատրաստվել նաև Նոր Նորքում հայտարարված «Իմ ընտանիքի պատմությունը» խորագրով շարադրության մրցույթի, «Ամառային գունապնակ» նկարչական մրցույթի և «Շախմատը մտքի արվեստ է» մարզական բացօթյա խաղի հաղթողների համար. տոնական օրն ամփոփվեց հրավառությամբ՝ ժպիտներ ու բարձր տրամադրություն տարածելով ամենուր:
Նկարները՝ այստեղ