Նավասարդի տոնը Նոր Նորքում 2014

Հին Հայաստանում Նավասարդի 1-ը, այսինքն` օգոստոսի 11-ը, նշվել է համազգային տոնակատարությամբ, որպես Նոր տարի կամ նոր կյանքի օր: 
Տոնի խորհուրդը պայմանավորված է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակով, որով սկիզբ դրվեց հայության վերելքի նոր դարաշրջանի: 
Ավանդական դարձած միջոցառումը արդեն 6-րդ տարին է մեծ շուքով ուրույն դրսևորում է գտնում՝ իր շուրջը համախմբելով բազմաթիվ մարդկանց և ուխտավորների: Այս տարի ևս «Սերունդ Հայապահպան միավորման», «Արորդաց Ուխտ» կազմակերպության և Նոր Նորք վարչական շրջանի համատեղ նախաձեռնությամբ Հայկի արձանի տարածքում կազմակերպվել էր տոնական գեղեցիկ արարողություն: 
Միջոցառումը մեկնարկեց Հայկ նահապետի հուշարձանի մոտ պատվո պսակադրման արարողությամբ, այնուհետև արորդաց ուխտավորների կողմից բերվեց Արագած սուրբ լեռան գագաթին վառված նավասարդյան ջահը, որն ազդարարում է հայոց աշխարհի մեծ պայքարի շարունակությունը: 
Ողջույնի խոսքում «Սերունդ» հայապահպան միավորման նախագահ Հայկ Չոբանյանը ընդգծեց, որ այս տոնը մեր ազգային ներուժի արժևորումն է, որով պետք է պայքարենք մեր արժեքների պահպանման և նոր աշխարհում հայեցի դրսևորվելու առումով: Պատմաբան Արտակ Մովսիսյանը ևս գնահատեց տոնի խորհուրդը, քանի որ համայն հայության համար Հայկ նահապետը հայոց ազգային միասնության գլխավոր և անխաթար խորհրդանիշն է: 
Արարողության ընթացքում ներկաներին բաժանվեցին Նավասարդի կապակցությամբ հատուկ թողարկված Տիգրան Մեծի պատկերով գեղեցիկ պաստառներ: 
Տոնի բովանդակությունն ամբողջացրեցին ազգային երգի ու դհոլների խրոխտ հնչյունները, որոնք Նոր Նորքի բարձունքից հայկյան վեհությամբ ու արիությամբ զորացած տարածվեցին հայոց աշխարհում՝ հաստատելով Նավասարդի՝ ուժականության և զորության խորհուրդը:
Նկարները՝ այստեղ