«Վ. Սարգսյան 55» Նոր Նորք վարչական շրջան-ՀՀ ՊՆ համատեղ միջոցառում

Այսօր Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցավ սպարապետ Վ. Սարգսյանի ծննդյան 55-ամյակի առթիվ կազմակերպված «Կրակային պատրաստություն» հուշամրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը:
Նոր Նորք վարչական շրջանի հանրակրթական դպրոցների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նախազորակոչային և զորակոչային տարիքի աշակերտների միջև անցկացված հուշամրցաշարն ընթացել է 2 փուլով՝ ներդպրոցական և շրջանային, որի արդյունքում ընտրվել են հաղթող թիմերն ու լավագույն մարզիկները:
Հուշամրցաշարի ընդհանուր արդյունքների հրապարակման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը զուգահեռ կազմակերպվել էր Վ. Սարգսյանի հիշատակին նվիրված մեծարման միջոցառում՝ հ. 159 դպրոցի աշակերտների և Նոր Նորքի մշակույթի կենտրոնի սաների մասնակցությամբ:
Միջոցառման գլխավոր հյուրերի կազմում էր նաև սպարապետի մորաքույրը՝ Անահիտ Մելքոնյանը:
Հուշամրցաշարի թիմային հաշվարկով հաղթող և մրցանակակիր թիմերը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի կողմից պարգևատրվեցին գավաթներով, իսկ մարզիկները՝ մեդալներով և համապատասխան հավաստագրերով:
Երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության, հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի և հայրենանվեր աշխատանքի համար ՀՀ ՊՆ խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մ. Սարգսյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրով և հուշանվերով պարգևատրվեց նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Նկարները՝ այստեղ

Հաճելի անակնկալներով լեցուն խորհրդանշական տոնական «8»-ը Նոր Նորքում

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ Կանանց միջազգային օրվա առթիվ Նոր Նորքում կազմակերպվել էր խորհրդանշական «8»-երի իսկական հրավառություն:
Թխվածքների տեսքով տոնական նվերը ժպիտներ ու հաճելի զգացողություն տարածեց հյուրընկալող բոլոր հաստատություններում:
Սիրով շնորհավորում ենք բոլոր կանանց ու աղջիկներին գարնան, զարթոնքի, սիրո և գեղեցկության պայծառ տոնի կապակցությամբ:
Մաղթում ենք գարնանային բարձր տրամադրություն, շենշող արև, անպակաս ժպիտ, ամենայն բարիք:
Թող ձեզ կյանքում մշտապես ուղեկցեն բարին ու լուսավորը:
Նկարները՝ այստեղ

Շախմատի հուշամրցաշար Նոր Նորքում` նվիրված Գ. Ստեփանյանի հիշատակին

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ այսօր կազմակերպվել էր Գ. Ստեփանյանին՝ Հեթանոս Գագոյին նվիրված շվեյցարական կարգով շախմատի հուշամրցաշար դպրոցական կարգային շախմատիստների /1-3/ միջև:
Հուշամրցաշարն անցկացվեց Գ. Ստեփանյանի անվան հ. 135 դպրոցում: Հուշամրցաշարի մասնակիցները, նախքան մրցույթի մեկնարկը, այցելեցին Արցախյան ազատամարտի հերոսի հուշարձանին, որտեղ դպրոցի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվեց մեծարման հուշ-ցերեկույթ:
Այս տարի լրանում է Հեթանոս Գագոյի մահվան 20-րդ տարելիցը, ուստի՝ հուշամրցաշարը հերոսի հիշատակին նվիրելը պատահական չէր. աշակերտների ուժերը իմաստուն խաղում չափելուց բացի այն նպատակ ուներ վերստին արժևորել մեծ հայորդու սխրանքները՝ նոր սերնդին դաստիարակելով ռազմահայրենասիրական ոգով:
Հուշամրցաշարն անցկացվեց 7 փուլով՝ Նոր Նորքի տարբեր դպրոցներից ընդգրկված 58 աշակերտի մասնակցությամբ:
Հուշամրցաշարին ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ով մրցավարական կազմի հետ միասին հետևեց խաղի ընթացքին:
Ամփոփելով արդյունքները՝ ընտրվեցին Նոր Նորքի 10-ը լավագույն մարզիկներ, ովքեր պարգևատրվեցին <<Զանգակ>> հրատարակչության կողմից հատկացված գրքերով:
Հաղթող մասնակիցները վաղը կհյուրընկալվեն վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի մոտ՝ ստանալու իրենց շնորհակալագրերը, պատվոգրերն ու մրցանակները:
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին՝ մաղթելով նորանոր վերելքներ:
Նկարները՝ այստեղ




«Արևիկ» հրատարակչության նվերը Նոր Նորքի հ. 102 մանկապարտեզի փոքրիկներին

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի բաժնի և «Արևիկ» հրատարակչության միջև ձևավորված համագործակցության արդյունքում մեկնարկեց առաջին ծրագիրը:
Հայ մեծ բանաստեղծ Հ. Թումանյանի 145-ամյա հոբելյանի առթիվ մանկապարտեզներում իրականացվող տարաբնույթ միջոցառումների ծաղկաբույլում ուշագրավ միջոցառում էր կազմակերպվել Նոր Նորքի հ. 102 մանկապարտեզում, որտեղ հյուրընկալվել էին «Արևիկ» հրատարակչության և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի բաժնի ներկայացուցիչները:
Սաները մարմնավորել էին Թումանյանի հեքիաթների հերոսներին, որոնք տասնամյակներ ի վեր սերունդներ են կրթել ու դաստիարակել՝ սերմանելով մարդկային կարևոր արժեքներ և որակներ:
Միջոցառման ավարտին «Արևիկ» հրատարակչության տնօրինության կողմից մանկապարտեզին նվիրաբերվեցին Թումանյանի հեքիաթների նոր հրատարակված ժողովածուները, որոնք աչքի են ընկնում իրենց նորաոճ, հետաքրքիր ու գեղազարդ լուծումներով:
Գոյության տարիների ընթացքում` «Արևիկ» հրատարակչությունը հավատարիմ է մնացել իր որդեգրած սկզբունքներին` ընթերցողների լայն շրջանակներին մատուցելով ինքնատիպ ձևավորմամբ, գունեղ մանկական գրքերի զարմանահրաշ տեսականի:
Նկարները՝ այստեղ 

Կոյուղագծի վթարի հետևանքները Նոր Նորքում վերացվում են

Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում գտնվող սեփական տների սեփականատերերի՝ ժամանակին նախագծի խախտումներով կառուցած կոյուղագծերի պատճառով տարածքում վերջերս կոյուղագծի վթար է տեղի ունեցել: Կոյուղաջրերի արտահոսքի և եղանակային անբարենպաստ պայմանների արդյունքում առաջացած սառցաշերտի հեռացման համար վարչական շրջանում գործի են դրվել համապատասխան մեքենա-սարքավորումներ: Աշխատանքների ընթացքը վերահսկվում է վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի և ղեկավարի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների կողմից:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքում շարունակվում են ծառերի սանիտարական էտման աշխատանքները

Նոր Նորք վարչական շրջանում շարունակվում են վնասված և չորացած ծառերի սանիտարական էտման և ձևավորման աշխատանքները: Ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ խիստ հետևողականությամբ ամենօրյա աշխատանքներ են տարվում վնասված ծառերին նոր կյանք հաղորդելու, ինչպես նաև արդեն անպիտան ծառերը նորերով փոխարինելու ուղղությամբ:
Այս նպատակով նոյեմբերի 23-ին կազմակերպվելու է համանորնորքյան ծառատունկ: Աշխատանքներին զուգահեռ կենտրոնական փողոցների հարակից սիզամարգերում պահ են տրվում հազարավոր կակաչի սոխուկներ, որոնք գարնանը կրկին կհիացնեն բնակիչներին իրենց բազմերանգությամբ:

Տերյանական պոեզիայի ցերեկույթ հ. 134 հիմնական դպրոցում

Նոր Նորք վարչական շրջանի առաջին զանգվածում գործող հ. 134 հիմնական դպրոցում կազմակերպվել էր տերյանական ցերեկույթ, որտեղ իրենց մասնակցությունը բերեցին ինչպես աշակերտները, այնպես էլ մանկավարժներն ու տնօրենը: Միջոցառման հյուրերի կազմում էին ներկայացուցիչներ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնից, հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ Նոր Նորքում գործող տարբեր դպրոցներից:
Տերյանական ցերեկույթն ուղեկցվեց  հայ  քնարերգուի հայտնի ստեղծագործությունների ընթեցմամբ, ինչպես նաև բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերով՝ համադրված պարային ու թատերական գեղեցիկ լուծումներով:
Նշենք, որ Երևանի հ. 134 դպրոցը հիմնադրվել է 1968թ. Նոր-Նորքի 1-ինզանգվածի Նանսենի 14 հասցեում Ն. Կիրակոսյանի տնօրինությամբ: Նրա և նրան հաջորդող տնօրենների` Ի. Աթոյանի, Գ. Օրդյանի, Ա. Հակոբյանի և մանկավարժական կոլեկտիվի անմնացորդ աշխատանքի արդյունքում ծնվել են լավ ավանդույթներ և հիշարժան միջոցառումներ (հանդիպումներ անվանի մարդկանց հետ, գրական-երաժշտական ցերեկույթներ, դիմակահանդեսներ): Դպրոցը բազմիցս մասնակցել է գեղարվեստական փառատոնների, սպորտային միջոցառումների, օլիմպիադաների և արժանացել խրախուսանքների ու մրցանակների (<<Քաղաքացի նախագիծ>> ծրագիր, <<Պատարագը աշակերտների շուրթերով>>, <<Գարուն>>, Վերջին զանգ>> և այլն): Տարիներ շարունակ դպրոցում գործել է ուսուցչական երգչախումբ, որը մասնակցել է քաղաքային փառատոնի և արժանացել 1-ին կարգի դիպլոմի: Դպրոցը նախկինում ունեցել է ռուսերենի խորացված ուսուցում, և ռուսաց լեզվով բեմադրված <<Կատվի տունը>> ներկայացումը ցուցադրվել է հեռուստատեսությամբ: Դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ այսօր աշխատում են արվեստի, գիտության բնագավառում և կառավարական օղակներում: Կրթօջախը տվել է բազմաթիվ չեմպիոններ (սուսերամարտ, սեղանի թենիս): Այժմ աշակերտների շրջանում մեծ մասսայականություն է վայելում շախմատը: Դպրոցն ունի նաև հանրապետական մասշտաբի մրցանակակիրներ: Տասնամյակներ ընթացքում ձևավորված ավանդույթները շարունակվում են մինչ օրս: 

Նկարները՝ այստեղ

Նոր Նորքի "Գետաշեն" դհոլահարների համույթը հիացրեց հանդիսատեսին

Նոյեմբերի 22-ին կայացավ «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի բացումը երեք մասնագիտությունների գծով՝ ոսկերչություն, նորաձևություն, խոհարարություն: Հաղթող ճանաչված ուսանողները կմասնակցեն «Համաշխարհային հմտություններ» մրցույթին:
Բացման հանդիսավոր արարողությունը վերապահված էր Նոր Նորքի ուսումնամեթոդական և գիտաարտադրական կենտրոնում գործող "Գետաշեն" դհոլահարների համույթին, որի դհոլի խրոխտ հնչյունները հիացրեցին հանդիսատեսին՝ հաղթական զարկերով ազդարարելով մրցույթի մեկնարկը:
«Հայաստանի հմտություններ» նախագիծը իր շուրջը միավորում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, Կրթության ազգային ինստիտուտի մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնին և սոցիալական գործընկերներին` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին, Հայաստանի գործարարների (գործատուների) ու արդյունաբերողների միությանը, Հայաստանի գործատուների միությանը:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքի մանկապարտեզներում շարունակվում են ծնողական ժողովները

Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում կրթության, մշակույթի և սպորտի բաժնի կողմից շարունակաբար կազմակերպվող ծնողական ժողովներից հերթականը Երևանի հ. 99 մանկապարտեզում էր: Վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ իրականացվող ուսումնասիրությունների նպատակը մանկապարտեզներում Երևանի քաղաքապետի հանձնարարականների պատշաճ ընթացքի ապահովումն ու աշխատանքային արդյունավետության բարձրացումն է: Օրակարգային տարաբնույթ հարցերին հաջորդում է ծնողների բարձրացրած խնդիրների ու առաջարկների քննարկումը, որն արձանագրվում ու հստակ առաջարկներով փոխանցվում է համապատասխան մարմիններին:
Նկարները՝ այստեղ