Տերյանական պոեզիայի ցերեկույթ հ. 134 հիմնական դպրոցում

Նոր Նորք վարչական շրջանի առաջին զանգվածում գործող հ. 134 հիմնական դպրոցում կազմակերպվել էր տերյանական ցերեկույթ, որտեղ իրենց մասնակցությունը բերեցին ինչպես աշակերտները, այնպես էլ մանկավարժներն ու տնօրենը: Միջոցառման հյուրերի կազմում էին ներկայացուցիչներ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնից, հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ Նոր Նորքում գործող տարբեր դպրոցներից:
Տերյանական ցերեկույթն ուղեկցվեց  հայ  քնարերգուի հայտնի ստեղծագործությունների ընթեցմամբ, ինչպես նաև բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերով՝ համադրված պարային ու թատերական գեղեցիկ լուծումներով:
Նշենք, որ Երևանի հ. 134 դպրոցը հիմնադրվել է 1968թ. Նոր-Նորքի 1-ինզանգվածի Նանսենի 14 հասցեում Ն. Կիրակոսյանի տնօրինությամբ: Նրա և նրան հաջորդող տնօրենների` Ի. Աթոյանի, Գ. Օրդյանի, Ա. Հակոբյանի և մանկավարժական կոլեկտիվի անմնացորդ աշխատանքի արդյունքում ծնվել են լավ ավանդույթներ և հիշարժան միջոցառումներ (հանդիպումներ անվանի մարդկանց հետ, գրական-երաժշտական ցերեկույթներ, դիմակահանդեսներ): Դպրոցը բազմիցս մասնակցել է գեղարվեստական փառատոնների, սպորտային միջոցառումների, օլիմպիադաների և արժանացել խրախուսանքների ու մրցանակների (<<Քաղաքացի նախագիծ>> ծրագիր, <<Պատարագը աշակերտների շուրթերով>>, <<Գարուն>>, Վերջին զանգ>> և այլն): Տարիներ շարունակ դպրոցում գործել է ուսուցչական երգչախումբ, որը մասնակցել է քաղաքային փառատոնի և արժանացել 1-ին կարգի դիպլոմի: Դպրոցը նախկինում ունեցել է ռուսերենի խորացված ուսուցում, և ռուսաց լեզվով բեմադրված <<Կատվի տունը>> ներկայացումը ցուցադրվել է հեռուստատեսությամբ: Դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ այսօր աշխատում են արվեստի, գիտության բնագավառում և կառավարական օղակներում: Կրթօջախը տվել է բազմաթիվ չեմպիոններ (սուսերամարտ, սեղանի թենիս): Այժմ աշակերտների շրջանում մեծ մասսայականություն է վայելում շախմատը: Դպրոցն ունի նաև հանրապետական մասշտաբի մրցանակակիրներ: Տասնամյակներ ընթացքում ձևավորված ավանդույթները շարունակվում են մինչ օրս: 

Նկարները՝ այստեղ