Վերապատրաստական սեմինար Նոր Նորքում ֆիզկուլտուրա առարկայից

Նոր Նորք և Ավան վարչական շրջանների մանկապարտեզների ավագ խմբերի դաստիարակների և ֆիզ.հրահանգիչների համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ կազմակերպվել էր վերապատրաստական սեմինար, որն անցկացնում էր մանկապարտեզներում կիրառվող ֆիզկուլտուրայի ուսուցման ձեռնարկի հեղինակ Ռիմա Առաքելյանը: Նոր Նորքի հ. 99 մանկապարտեզում անցկացվող սեմինարի ընթացքում կարևորվեց հատկապես երեխայի շարժողական ունակությունների զարգացումը՝ քայլք, վազք, ցատկ, նետում, մագլցում, սողանցում. կենսական կարևոր այս շարժողական ունակությունները կիրառվում են մարդու ողջ կյանքի ընթացքում և դրանց զարգացումը պետք է լինի ճշգրիտ՝ չվնասելով երեխայի հետագա առողջությանը: Սեմինարի ընթացքում կարևորվեց նաև ֆիզիկական դատիարակության աշխատանքային ձևերի ճիշտ ընտրությունը. ֆիզիկական պարապմունքները պետք է կրեն հաջորդական բնույթ և նպաստեն երեխայի կեցվածքի ճիշտ ձևավորմանը, ֆիզիկական, կամային, բարոյական որակների, մտավոր կարողությունների զարգացմանն ու ճանաչողության ընդլայնմանը: Այս ամենի արդյունավետ կազմակերպման առումով սեմինարավար Ռիմա Առաքելյանը հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել մարզական խաղերի ուսուցմանը: Վերապատրաստման դասընթացն ուղեկցվեց գործնական աշխատանքներով ու ցուցադրական վարժություններով:
Նկարները՝ այստեղ