Նոր Նորքում շարունակվում են ծառերի սանիտարական էտման աշխատանքները

Նոր Նորք վարչական շրջանում շարունակվում են վնասված և չորացած ծառերի սանիտարական էտման և ձևավորման աշխատանքները: Ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ խիստ հետևողականությամբ ամենօրյա աշխատանքներ են տարվում վնասված ծառերին նոր կյանք հաղորդելու, ինչպես նաև արդեն անպիտան ծառերը նորերով փոխարինելու ուղղությամբ:
Այս նպատակով նոյեմբերի 23-ին կազմակերպվելու է համանորնորքյան ծառատունկ: Աշխատանքներին զուգահեռ կենտրոնական փողոցների հարակից սիզամարգերում պահ են տրվում հազարավոր կակաչի սոխուկներ, որոնք գարնանը կրկին կհիացնեն բնակիչներին իրենց բազմերանգությամբ:

Տերյանական պոեզիայի ցերեկույթ հ. 134 հիմնական դպրոցում

Նոր Նորք վարչական շրջանի առաջին զանգվածում գործող հ. 134 հիմնական դպրոցում կազմակերպվել էր տերյանական ցերեկույթ, որտեղ իրենց մասնակցությունը բերեցին ինչպես աշակերտները, այնպես էլ մանկավարժներն ու տնօրենը: Միջոցառման հյուրերի կազմում էին ներկայացուցիչներ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնից, հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ Նոր Նորքում գործող տարբեր դպրոցներից:
Տերյանական ցերեկույթն ուղեկցվեց  հայ  քնարերգուի հայտնի ստեղծագործությունների ընթեցմամբ, ինչպես նաև բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերով՝ համադրված պարային ու թատերական գեղեցիկ լուծումներով:
Նշենք, որ Երևանի հ. 134 դպրոցը հիմնադրվել է 1968թ. Նոր-Նորքի 1-ինզանգվածի Նանսենի 14 հասցեում Ն. Կիրակոսյանի տնօրինությամբ: Նրա և նրան հաջորդող տնօրենների` Ի. Աթոյանի, Գ. Օրդյանի, Ա. Հակոբյանի և մանկավարժական կոլեկտիվի անմնացորդ աշխատանքի արդյունքում ծնվել են լավ ավանդույթներ և հիշարժան միջոցառումներ (հանդիպումներ անվանի մարդկանց հետ, գրական-երաժշտական ցերեկույթներ, դիմակահանդեսներ): Դպրոցը բազմիցս մասնակցել է գեղարվեստական փառատոնների, սպորտային միջոցառումների, օլիմպիադաների և արժանացել խրախուսանքների ու մրցանակների (<<Քաղաքացի նախագիծ>> ծրագիր, <<Պատարագը աշակերտների շուրթերով>>, <<Գարուն>>, Վերջին զանգ>> և այլն): Տարիներ շարունակ դպրոցում գործել է ուսուցչական երգչախումբ, որը մասնակցել է քաղաքային փառատոնի և արժանացել 1-ին կարգի դիպլոմի: Դպրոցը նախկինում ունեցել է ռուսերենի խորացված ուսուցում, և ռուսաց լեզվով բեմադրված <<Կատվի տունը>> ներկայացումը ցուցադրվել է հեռուստատեսությամբ: Դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ այսօր աշխատում են արվեստի, գիտության բնագավառում և կառավարական օղակներում: Կրթօջախը տվել է բազմաթիվ չեմպիոններ (սուսերամարտ, սեղանի թենիս): Այժմ աշակերտների շրջանում մեծ մասսայականություն է վայելում շախմատը: Դպրոցն ունի նաև հանրապետական մասշտաբի մրցանակակիրներ: Տասնամյակներ ընթացքում ձևավորված ավանդույթները շարունակվում են մինչ օրս: 

Նկարները՝ այստեղ

Նոր Նորքի "Գետաշեն" դհոլահարների համույթը հիացրեց հանդիսատեսին

Նոյեմբերի 22-ին կայացավ «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի բացումը երեք մասնագիտությունների գծով՝ ոսկերչություն, նորաձևություն, խոհարարություն: Հաղթող ճանաչված ուսանողները կմասնակցեն «Համաշխարհային հմտություններ» մրցույթին:
Բացման հանդիսավոր արարողությունը վերապահված էր Նոր Նորքի ուսումնամեթոդական և գիտաարտադրական կենտրոնում գործող "Գետաշեն" դհոլահարների համույթին, որի դհոլի խրոխտ հնչյունները հիացրեցին հանդիսատեսին՝ հաղթական զարկերով ազդարարելով մրցույթի մեկնարկը:
«Հայաստանի հմտություններ» նախագիծը իր շուրջը միավորում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, Կրթության ազգային ինստիտուտի մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնին և սոցիալական գործընկերներին` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին, Հայաստանի գործարարների (գործատուների) ու արդյունաբերողների միությանը, Հայաստանի գործատուների միությանը:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքի մանկապարտեզներում շարունակվում են ծնողական ժողովները

Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում կրթության, մշակույթի և սպորտի բաժնի կողմից շարունակաբար կազմակերպվող ծնողական ժողովներից հերթականը Երևանի հ. 99 մանկապարտեզում էր: Վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ իրականացվող ուսումնասիրությունների նպատակը մանկապարտեզներում Երևանի քաղաքապետի հանձնարարականների պատշաճ ընթացքի ապահովումն ու աշխատանքային արդյունավետության բարձրացումն է: Օրակարգային տարաբնույթ հարցերին հաջորդում է ծնողների բարձրացրած խնդիրների ու առաջարկների քննարկումը, որն արձանագրվում ու հստակ առաջարկներով փոխանցվում է համապատասխան մարմիններին:
Նկարները՝ այստեղ

Կույրերի օրվա առթիվ Նոր Նորքում կազմակերպվեցին տնայցեր

Կույրերի միջազգային օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի կողմից կազմակերպվել էին տնայցեր:
Տասը ընտանիք, ըստ առաջնահերթության(սոցիալական ծանր պայմաններ, 2 և ավելի կույր անձ ունեցող), ստացավ սննդի փաթեթ:
Բաժնի ներկայացուցիչները ծանոթացան նաև բնակիչներին մտահոգող խնդիրներին ու հարցերին՝ հետագայում դրանց կարգավորման շուրջ ուղիներ ու կառուցողական լուծումներ մշակելու նպատակով:
Նկարները՝ այստեղ

Շաբաթօրյակ Նոր Նորք վարչական շրջանում 16.11.2013

Նոր Նորք վարչական շրջանում նոյեմբերի 16-ին կազմակերպվել էր համանորնորքյան շաբաթօրյակ, որին միացել էին վարչական շրջանի սան. մաքրման և կանաչապատման ծառայությունների, համատիրությունների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տարբեր բաժինների աշխատակիցներն ու բազմաթիվ բնակիչներ:
Մաքրման աշխատանքներն իրականացվում էին նաև Նոր Նորքի բոլոր զանգվածներում՝ բակային և միջբակային տարածքներում, ուսումնական և այլ հաստատությունների բակերում: Աղբի հեռացման նպատակով գործի դրվեցին նաև համապատասխան մեքենա-սարքավորումներ: Աղբի հեռացման աշխատանքների զուգահեռ իրականացվեց նաև ծառերի էտում և երիտասարդացում: 
Շաբաթօրյակի ողջ ընթացքը վերահսկում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ով շրջելով մաքրվող տարածքներում համապատասխան ցուցումներով հետևում էր աշխատանքների պատշաճ իրականացմանը:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքի հ. 111 մանկապարտեզում ավարտվեցին նորոգման աշխատանքները

Երևան քաղաքի զարգացման 2013 թվականի ծրագրով Նոր Նորք վարչական շրջանի հ. 111 մանկապարտեզում այս տարի հիմնանորոգվեցին բոլոր սանհանգույցները: Աշխատանքները մեկնարկեցին հունիս ամսից: Նորոգման ողջ ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ աշխատակազմի կոմունալ տնտ. և բազմաբն. շենքերի կառ. բաժնի և կրթ., մշակ. և սպորտի բաժնի կողմից հետևողական վերահսկողություն սահմանվեց որակի ապահովման նկատմամբ: Աշխատանքներն ավարտվեցին հոկտեմբեր ամսին:
Նկարները՝ այստեղ

«Կրկեսը աշնանային անտառում» միջոցառում հ. 105 մանկապարտեզում

Նոր Նորք վարչական շրջանի հ. 105 մանկապարտեզում այսօր տոնական բարձր տրամադրություն էր. աշնանային գույները մանուկների շնորհիվ մարմին էին առել և թևածում էին ողջ դահլիճում: Միջոցառումը կրկեսային ինքնատիպ ծրագիր էր՝ ուշագրավ նորարար և ստեղծագործական լուծումներով:
Հանդիսատեսի կազմը համալրում էին ներկայացուցիչներ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնից, տարբեր մանկապարտեզներից և դպրոցներից:
Կրկեսային ծրագրի ողջ ընթացքում սաները մեծ ոգևորությամբ ներկաներին հիացրեցին իրենց անկեղծ ու պատրաստված ելույթներով՝ մանկության հրաշք մոլորակից հանդիսատեսին փոխանցելով ժպիտներ և բարձր տրամադրություն:

Նկարները՝ այստեղ

Բաց դասեր Նոր Նորքի Ա. Ղուլյանի անվան մանկ. մարզատեխ. կենտրոնում

Նոր Նորք վարչական շրջանի առաջին զանգվածում գործող «Երևանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոն» -ում կազմակերպվել էին ուսուցանվող բոլոր մասնագիտությունների ուղղությամբ բաց դասեր, որոնց ներկա էին նաև վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները: 
Նշենք, որ մարզատեխնիկական կենտրոնում գործում են շախմատի, ավիամոդելավորման, կարտինգի (ավտոռալլի), ասեղնագործության, ուլունքագործության և դիզայնի խմբեր: 
«Երևանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոն» -ի շախմատի դասարանում առանձին անկյուն է հատկացված նաև Արցախյան ազատամարտի մասնակից, հայ ժողովրդի արժանավոր զավակներից Աշոտ Ղուլյանին՝ Բեկորին: 
Կենտրոնում դասավանդում են վաստակավոր մարզիչներ և սպորտի վարպետներ, որոնց փոխանցած գիտելիքների ու հմտությունների շնորհիվ սաները լավագույն արդյունքներ են գրանցում տեղական ու միջազգային մրցույթներում, ցուցադրական ելույթներ ունենում հանրապետական տարբեր միջոցառումների ժամանակ: 
Հեռախոս՝ (010) 63-31-00 Էլ. փոստ՝ ashot.ghulyan@mail.ru
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքի հ. 101 մանկապարտեզում ավարտվեցին նորոգման աշխատանքները

Երևան քաղաքի զարգացման 2013 թվականի ծրագրով Նոր Նորք վարչական շրջանի հ. 101 մանկապարտեզում այս տարի ամբողջությամբ փոխվեցին դռներն ու պատուհանները: Աշխատանքները մեկնարկեցին հունիս ամսից և ավարտվեցին հոկտեմբեր ամսին: Նորոգման ողջ ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ աշխատակազմի կոմունալ տնտ. և բազմաբն. շենքերի կառ. բաժնի և կրթ., մշակ. և սպորտի բաժնի կողմից հետևողական վերահսկողություն սահմանվեց որակի ապահովման նկատմամբ: Աշխատանքներն ավարտվեցին հոկտեմբեր ամսին:
Նկարները՝ այստեղ