Տոնական ցերեկույթ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում

Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Անանիա Շիրակացու անվան ճեմարանը նոր ուսումնական տարվան ընդառաջ կազմակերպել էր տոնական ցերեկույթ՝ արժևորելու անցած ճանապարհը, գնահատելու առկա ձեռքբերումներն ու լավատեսությամբ քայլելու առաջ: 
Միջոցառմանը հյուրընկալվել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձիք:
Միջոցառումը կատարած աշխատանքների յուրօրինակ հաշվետվություն էր: Շրջելով նորոգված ընդարձակ սրահով՝ հյուրերը ծանոթացան կրթօջախի միջազգային բնագավառում ունեցած հաջողություններին և ապագա ծրագրերին, իսկ դահլիճում ազգային, ռազմահայրենասիրական ոգին էր թևածում: 
ՀՀ պաշտպանության նախարարը իր ելույթում հատկապես արժևորեց ճեմարանի վարած գործելաոճը՝ միտված նոր սերնդին կրթելու հերոսական ոգով, ձևավորելու պետական մտածելակերպով, համակողմանի կրթված, մրցունակ շրջանավարտներ:
Ներկաներին Երևանի քաղաքապետի ուղերձը հաղորդեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ ընգծելով, որ վաղվա կայունության հուսալի հենասյունը կրթված ու զարգացած նոր սերունդն է:
Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորական խոսք ուղղեց ներկաների նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը՝ աշակերտներին մաղթելով բարձր առաջադիմություն, իսկ նրանց կրթելու առաքելությունը պատվախնդրորեն ստանձնած հայ մանկավարժներին՝ հաջողություններ իրենց պատասխանատու և ազգանվեր աշխատանքում:
Միջոցառումն ուղեկցվեց կրթօջախի տաղանդաշատ սաների գեղարվեստական կատարումներով՝ ամբողջացնելով օրվա տոնական խորհուրդը:
Հյուրերը եղան նաև Շիրակացու անվան ճեմարանի հիմնանորոգված ճաշասրահում և ճեմարանականների հետ միասին օգտվեցին նրանց ամենօրյա սննդից:
Նկարները՝ այստեղ