Արցախյան ազատամարտի մասնակից, «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Ռաֆայել Սիմոնյանի մահվան 20-րդ տարելիցի առթիվ «Վարդանանց ասպետներ» հ.106 հիմնական դպրոցում կազմակերպվել էր հիշատակի ցերեկույթ: Հյուրերի կազմում էին ազատամարտիկի մայրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Նոր Նորք վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները, ԵԿՄ անդմաներ, արվեստագետներ և այլ հյուրեր: Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները ներկայացրեցին Ռաֆայել Սիմոնյանի անցած մարտական ուղին: Նահատակվելով մեր ազատամարտիկները մարմին տվեցին հայոց դարավոր երազանքներին. ազատ ու անկախ Հայաստանն այսօր 22 տարեկան է, և անկախության սերունդն իր ուսերին մեծ առաքելություն ունի՝ արդարացնել մեր հերոսների հավատամքը՝ կառուցել հզոր, ծաղկող ու զարգացող երկիր: Միջոցառումն ուղեկցվեց ազգային, հայրենասիրական երգ ու պարով, որոնց սիրով միացան նաև սիրված երգիչներ Արսեն Գրիգորյանն ու Դավիթ Ամալյանը: Միջոցառման ավարտին բոլոր ազատամարտիկների մայրերի անունից իր մաղթանքն աշակերտներին ուղղեց նաև Արաքսյա մայրիկը՝ հորդորելով ազնիվ ժառանգորդը լինել մեր երկրի ու նրա ապագայի կառուցմանն անմնացորդ ուղղել մեր բոլոր ջանքերը:
Նկարները՝ այստեղ