Աշխատանքային հերթական խորհրդակցությունը Նոր Նորքում 01.10.2013



Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև Նոր Նորքի համատիրությունների ղեկավարները՝ առկա հարցերին առավել օպերատիվ արձագանքելու նպատակով: Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց, որ թեժ գծերով բարձրացված հարցերը ստացել են լուծման համապատասխան ընթացք: Վարչական շրջանի ղեկավարը հանձնարարեց աղբահանության ու մաքրության պահպանման գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով հստակ գործելաոճ սահմանել, խստացնել աշխատանքների վերահսկողությունը: Առաջարկություններ լսվեցին աշնանային ծառատունկի կազմակերպման վերաբերյալ, պլանավորվեց աշխատանքներում ներգրավվել նաև ուսումնական հաստատությունների ներկայացուցչներին: Հանձնարարվեց ՀԷՑ-ի հետ համագործակցել և վերացնել վարչական շրջանի տարածքում առկա տեսանելի էլեկտրական մալուխները, վերականգնել անսարք լուսատուները: Զեկուցվեց, որ վարչական շրջանի կենտրոնական փողոցներում առկա ավտոտնակների ճակատային՝ փողոցին նայող հատվածը, ներկվում է միագույն՝ այսպիսով ապահովելով արտաքին ներդաշնակություն: Նույն նպատակով հանձնարարվեց համատիրություններին ներկել իրենց տարածքում առկա մետաղյա կոնստրուկցիաները՝ բերելով պատշաճ տեսքի: Կարգադրվեց ուշադրության կենտրոնում պահել շինհրապարակներում "Ավելի մաքուր Երևան" պաստառների առկայությունը և շինարարության իրականացման համար անհրաժեշտ կանոնների ու նորմերի պահպանումը: Էրեբունի-Երևան տոնին և մի շարք նոր բակերի բացմանը պատրաստվելու նպատակով հանձնարարվեց ապահովել տոնական տեսք ու միջոցառումներ՝ ընթացքի մասին ներկայացնել հստակ հաշվետվություն:
Նկարները՝ այստեղ