ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ-ԳՈԼՈՍԵԵՎՍԿ

Անկախության նվաճումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակն է, մեր դարավոր երազների մարմնացումը: Համայն հայության տոնը այս տարի առանձնակի շուք և երանգ էր ստացել, քանի որ լրանում էր հայոց անկախության 20-ամյակը: Այս առիթով Նոր Նորք վարչական շրջան էր այցելել Ուկրաինայի Գոլոսեևսկի շրջանի պատվիրակությունը: Համագործակցությունը 2 վարչական շրջանների միջև ձևավորվել էր դեռևս 2010 թվականից և փոխադարձ այցելություններով վերածվել ազգա-մշակութային սերտ բարեկամության: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը ի դեմս Մելիք Գասպարյանի հյուրերին դիմավորեց աղ ու հացով: Այնուհետև տոնական ընդունելությունը զարդարեցին հայկական և ուկրաինական երգն ու պարը, որպես ազգերի եղբայրության խորհրդանիշ: Այնուհետև ընդունելությունը շարունակվեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատասենյակին կից նիստերի սրահում, որտեղ 2 վարչական շրջանի ղեկավարները քննարկեցին իրենց ղեկավարած կառույցի աշխատանքները, նշեցին առանձնահատկություններն ու նմանությունները: Հատկապես լուրջ քննարկման արժանացան Կիևի Գոլոսեևսկի շրջանում ապրող հայ համայնքի, ինչպես նաև Հայաստանում ապրող ուկաինացի ժողովրդի համար ստեղծված ապրելու և աշխատելու հնարավորությունները, իրավունքներն ու պարտականությունները: Նմանօրինակ հանդիպումները առավել իրատեսական դաշտ են բերում առկա խնդիրները, ուղիներ մշակում դրանք կարգավորելու և առաջընթացի քայլեր կատարելու համար:
 Այնուհետև հյուրերը փոխանակվեցին հուշանվերներով իսկ հանդիպումը շարունակվեց Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցում, որը Կիևի Գոլոսեևսկի շրջանի թիվ 87 դպրոցի հետ դարձել է քույր կրթօջախ: ՈՒկրաինայի պատվիրակությանը կրթօջախում դիմավորեցին մեծ խանդավառությամբ: Աղ ու հացով հայկական շվիի ինքնատիպ հնչյուններով հյուրերին ուղեկցեցին դպրոցի դահլիճ, որտեղ անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպվել էր տոնական գեղեցիկ միջոցառում: Քահանայի օրհնությանը հաջորդեց հոբելյանական հանդիսությունը, որտեղ 135 դպրոցի սաները ներկայացրեցին հայ ժողովրդի անցած ուղին` հարստացնելով պատմական իրողությունները պարային և երաժշտական կատարումներով: Ավարտին Գոլոսեևսկի շրջանի 87 դպրոցի և Նոր Նորքի 135 դպրոցի տնօրենները համագործակցության հուշագիր ստորագրեցին և 2 կրթօջախների միջև ձևավորված բարեկամությունը տեղափոխվեց նաև իրավական դաշտ: Հայ-ուկրաինական բարեկամության սահմանները այսպիսի համագործակցային կենսական ծրագրերի շնորհիվ շարունակվում են ընդլայնվել, իսկ Նոր Նորքի և Գոլոսեևսկի միջև արդեն իսկ հաստատված բարեկամության ամուր կամուրջը այդ համագործակցության լավագույն դրսևորումներից է:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©