Ամանորյա հեքիաթ Նոր Նորք վարչական շրջանում

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Նոր Նորք վարչական շրջանում կազմակերպվել էր համերգային ծրագիր հրավիրված երգիչ-երգչուհիների և պարային խմբերի մասնակցությամբ:
Հանդիսատեսին գեղեցիկ կատարումներով բարձր տրամադրություն հաղորդեցին Արայիկ Համբարձումյանը, Կարինե Գևորգյանը, Նարեկ Վարդանյանը, Սյուզաննա Հարությունյանը, Արման Սիմոնյանը, Տաթև Սուսունյանը, Սերգեյ Գրիգորյանը և «Էմբոլադա» պարային համույթը, իսկ տոնական ծրագիրը վարեց ռադիոհաղորդավարուհի Անկան:
Երեխաներին իրենց ներկայությամբ ոգևորեցին հրավիրված հեքիաթի հերոսները, ինչպես նաև օրվա սիրելի ու սպասված հյուրերը՝ Ձմեռ Պապն ու Ձյունանուշը:
Տոնական միջոցառումն ավարտվեց շքեղ հրավառությամբ:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքում նշվեց գիտության, ուսանողության և երիտասարդության օրը

Գիտության, ուսանողության և երիտասարդության օրվան նվիրված՝ Նոր Նորք վարչական շրջանի և «Վերածննդի երիտասարդներ» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել էր համերգային ծրագիր՝ «ՎԵՀ-ը և ընկերները» խորագրով: Միջոցառումը մեկնարկեց «Գիտությունը՝ խաղաղության երաշխիք» ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին Նոր Նորքի հ. 198 դպրոցի դասարանների կողմից պատրաստած ուշագրավ նյութեր՝ գիտության արդի զարգացումներին ուղղված բովանդակությամբ: Համերգային ծրագրի սկզբում ներկաները 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին վերջին օրերին ադրբեջանական բանակի կողմից խոցված, խաղաղ պայմաններում զորավարժություններ անցկացնող մեր ուղղաթիռի անձնակազմի հիշատակին: Միջոցառմանը ներկա էին Նոր Նորքի ավագ դպրոցների և քոլեջների ուսանողներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնից: Ներկաներին իրենց գեղեցիկ կատարումներով շնորհավորեցին և տոնական տրամադրություն հաղորդեցին սիրված երգիչ-երգչուհիները. համերգային ծրագիրը վարում էր «Էլ-Մար» կինոստուդիայի հիմնադիր, տաղանդավոր դերասան Արմեն Դալլաքյանը, ով հանդիսատեսին ներկայացավ նաև երաժշտական գեղեցիկ կատարմամբ: Երգերով հանդես եկան Պաշ Սարդանը, Սյուզի Մովսեսյանը, Գուժ Դուրգարյանը, Սոնա Գյուլխասյանը, Ռոբ Ավալյանը, Տաթև Սուսունյանը, Ալբերտ Ղազարյանը, Անահիտ Շահբազյանը, Վլադիմիր Պողոսյանը, Կարինե Գևորգյանը, Վիգեն Ահարոնյանը, Դիանա Հովակիմյանը, Արմեն Հովհաննիսյանը և «Էլ-Մար» կինոստուդիայի սաները: Միջոցառման ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՎԵՀ-ի նախագահ Մայ Անուշավանյանը՝ շնորհակալություն հայտնելով Նոր Նորք վարչական շրջանին՝ ի դեմս ղեկավար Արմեն Ուլիխանյանի, և նախաձեռնությանը միացած բոլոր արտիստներին՝ գիտության, ուսանողության և երիտասարդության օրը համատեղ ջանքերով տոնի վերածելու համար:
Նկարները այստեղ

Կայացավ ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 6-րդ հուշամրցաշարը

Նոյեմբերի 7-ին "Դինամո" մարզադահլիճում կայացավ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային վեցերորդ հուշամրցաշարը, որը նախաձեռնել ու իրականացնում էին Երևանի քաղաքապետարանը և Նոր Նորք վարչական շրջանի Ռ. Կարապետյանի անվան համալիր մարզադպրոցը: 
Հուշամրցաշարի կազմակերպման աջակիցներն էին «Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպությունը, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան, «Երևանի սպորտ կոմիտեն», Ռուդոլֆ Կարապետյանի սաներն ու Եղիշ Կարապետյանի ընկերները: 
Մրցաշարին մասնակցում էին ավելի քան 300 ըմբիշներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, ինչպես նաև Հայաստանի մարզերից և Երևան քաղաքի վարչական շրջաններից: 
Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանն իրենց երաժշտական ու պարային ողջույնն էին բերել Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի Վահագն դհոլահարների անսամբլը և Երևանի քաղաքապետարանի գեղարվեստական մարմնամարզության դպրոցի մարզուհիները:
 Մրցաշարին ներկա էին Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մենապայքարային մարզաձեւերը համակարգող բաժնի պետ Լևոն Վարդանյանը, ԵրՖԿԻ դեկան Հոմբերտ Գալստյանը, «Երևանի սպորտ կոմիտե» ՀՈԱԿ–ի փոխտնօրեն Զավեն Օհանյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: 
Հուշամրցաշարի շրջանակներում դիպլոմներ և մեդալներ շնորհվեցին հուշամրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանն աջակցողներին, այդ թվում՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանին: Ավանդական հուշամրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար Ռ. Կարապետյանի անվան համալիր մարզադպրոցը արժանացավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պատվոգրին և հուշանվերին: 
Մրցումներն իրականացվեցին սահմանված կարգի համաձայն. հաղթանակած մարզիկներին համապատասխանաբար շնորհվեցին բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներ, իսկ առաջին տեղերը զբաղեցրած ըմբիշներն արժանացան հատուկ մրցանակների:
Նկարները՝ այստեղ

Տարոն Մարգարյանը շնորհավորեց ՀՀԿ Նոր Նորք տ/կ կուսակցականներին

Հայաստանի Հանրապետական Կուսակցության Նոր Նորք տ/կ կենտրոնական գրասենյակում այսօր կայացավ խորհրդի հերթական նիստը, որը վարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
Նախքան աշխատանքային օրակարգին անցնելը՝ Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը համալրած նոր անդամներին վկայականներ հանձնվեցին: 
Շնորհավորելով կուսակցության շարքերը նոր համալրած անձանց՝ Տարոն Մարգարյանը մաղթեց կանաչ ճանապարհ և կուսակցական ակտիվ գործունեություն՝ ի նպաստ երկրի բարօրության: 
Հանդիսավոր արարողությանը հաջորդած խորհրդի նիստի ընթացքում քննարկվեցին կազմակերպչական տարաբնույթ հարցեր, առաջիկա անելիքների վերաբերյալ մշակվեցին հստակ ծրագրեր: 
Նկարները՝ այստեղ

Չինաստանի պատվիրակությունը Նոր Նորքում

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ Նոր Նորք վարչական շրջանում էր հյուրընկալվել Չինաստանի պատվիրակությունը: 
Ձևավորված համագործակցության նպատակն է հասարակական կյանքում կնոջ դերի բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի մշակումն ու իրագործումը: 
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ողջունելով նախաձեռնության նպատակը, կարևորեց այն հատկապես հայ-չինական բարեկամության ամրապնդման առումով: 
Հանդիպման ընթացքում Նոր Նորքի կանանց խորհրդի նախագահ Ա. Հարությունյանը ներկայացրեց հայ կնոջ մեծ դերը կրթամշակութային կյանքում, առողջապահության ոլորտում և գործարար միջավայրում: 
Երկրի համակարգային առանձնահատկությունների վերաբերյալ արտահայտվեցին նաև Չինաստանից ժամանած հյուրերը՝ հավելելով, որ նմանօրինակ փոխայցելությունները լինելու են շարունակական: 
Նոր Նորքում հյուրերի համար գեղեցիկ անակնկալ էր նախատեսված՝ ձեռարվեստի աշխատանքների ցուցահանդես, մշակութային ծրագիր և այցելություն Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատուն: 
Ճանաչողական այցելությունները համագործակցության համատեղ եզրերի մշակման արդյունավետ հիմքեր ստեղծեցին: 
Նկարները՝ այստեղ

Լավագույն հրաձիգների պարգևատրման արարողություն Նոր Նորքում

Նոր Նորք վարչական շրջանում այսօր ամփոփվեցին հոկտեմբերի 17-ից մեկնարկած Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի գավաթի խաղարկության արդյունքները: 
Մրցաշարին մասնակցում էին 56 ուժեղագույն մարզիկներ Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության դպրոցից: 
Մարզիկներին պարգևատրելու հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և աշխատակազմի ներկայացուցիչները: 
Երիտասարդների օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնությանը հրաձգություն մարզաձևում մրցանակային տեղեր և բարձր արդյունքներ գրանցելու համար նորնորքցի մարզիկներ Հրաչիկ Բաբայանը, Լիլիթ Մկրտչյանը, Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը պարգևատրվեցին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պատվոգրով և հուշանվերներով: 
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից շնորհակալագրերով և գավաթներով պարգևատրվեցին մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկների մարզիչները, ովքեր իրենց անուրանալի ավանդն ունեն սաների հաղթանակի նվաճման գործում: 
Հրաձգության հայկական դպրոցը դեռևս Խորհրդային Միության ժամանակներից միշտ էլ բարձր վարկանիշ և լավ ավանդույթներ է ունեցել: Այսօր էլ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող մարզաձևը վերածնունդ է ապրում, որի արդյունքներն արդեն իսկ տեսանելի են:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի շնորհավորական խոսքը Ուսուցչի օրվա կապակցությամբ

Սիրելի ուսուցիչներ, 
Խորին հարգանքով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ, ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: 
Հայ մարդու համար ուսուցիչ լինելը միայն մասնագիտություն չէ, այլև՝ կոչում. ուսումնատենչ և գիտելիքներով հարուստ մեր ժողովուրդը միշտ էլ առանձնահատուկ սեր ու հարգանք է տածել դեպի ուսուցիչը, մեծարել նրա առաքելությունն ու շնորհակալ վաստակը: 
Ձեր սերմանած ոգեղեն լույսի զորությամբ է կերտվում 21-րդ դարի հայ մարդու նկարագիրը: 
Շնորհակալություն բոլորիդ ձեր ազգանվեր աշխատանքի համար: 
Շնորհավո՛ր տոնդ, Ուսուցիչ:

Հարգանքով՝ Ա. Ուլիխանյան

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի շնորհավորական խոսքը տարեցներին

Սիրելի հայրենակիցներ, ավագ սերնդի հարգելի ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա առթիվ:
Հայերս աշխարհի այն ազգերից ենք, որ բացառիկ հարգանքով ու ակնածանքով ենք արժևորում մեր մեծերին, սերտում նրանց ապրած կյանքի դասերն ու հետևում խորհուրդներին:
Այսօր լավագույն առիթ է՝ մեկ անգամ ևս հայտնելու մեր սերն ու երախտագիտությունը ձեր հանդեպ: Իմաստության հասակով մեր ավագների ներկայությունը վստահություն և ուժ է տալիս մեզ, ուղղորդում դեպի կատարյալը:
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, սիրով ու հոգատարությամբ շրջապատված երկար տարիների կյանք:

Նոր Նորքը շնորհավորում է Նորք-Մարաշին վերածննդի տոնի առթիվ

Նորք-Մարաշի օրվան նվիրված տոնական մեծ հանդիսությանը այս տարի միացել էին նաև Երևանի վարչական շրջանները: 
Ամենամյա ավանդույթի վերածված Վերածննդի տոնակատարությունը Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում էր համախմբել բազմաթիվ մարաշցիների և հյուրերի:
Տոնին Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանի հետ մասնակցում էին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանն ու Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը:
Նոր Նորք վարչական շրջանը Նորք Մարաշին շնորհավորելու էր եկել մշակութային ծրագրով. երաժշտական գեղեցիկ ողջույնով ներկաներին շնորհավորեցին Կարինե Գևորգյանը և Տաթև Սուսունյանը, իսկ պարային կատարմամբ հանդես եկավ «Ջի Էմ Մաքս» պարային համույթը:
Տոնի համատեքստում կազմակերպվել էր նաև ծագումով պատմական Մարաշից սիրիահայ մեր հայրենակիցների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես–վաճառք և Մարաշի կերակրատեսակների ավանդական բացօթյա հյուրասիրություն:

Նկարները՝ այստեղ