Բակային ճամբարի հերթական միջոցառումը Նոր Նորքի 4-րդ զանգվածում

Նոր Նորքի չորրորդ զանգվածում հուլիսի 9-ին ուրախ և պայծառ տրամադրություն էր: 
Բակային ճամբարի հերթական գեղեցիկ միջոցառումն իր շուրջն էր համախմբել Նոր Նորքի բազմաթիվ երեխաների: 

Պարային և երաժշտական կատարումներով փոքրիկներին ողջունեցին Նոր Նորքի գեղարվեստական խմբերը: Ուրախ երգն ու պարը, ինչպես նաև հեքիաթի ու մուլտֆիլմերի սիրելի հերոսների կողմից կազմակերպված ժամանցային շոու ծրագիրը ոգևորության և ժպիտների ուրախ տրամադրություն էր ստեղծել ճամբարում: 
Միջոցառմանը հյուրընկալվել էին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: 
Բնակիչների ու բազմաթիվ երեխաների համար օրը վերածվեց տոնի՝ դրական զգացողություններով ու հաճելի պահերով լեցուն: 
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքում ավելացավ ծաղկազարդ ու կանաչազարդ նոր անկյուն

Նոր Նորքի Գայի պողոտայում ստեղծվեց ծաղկազարդ ու կանաչազարդ նոր անկյուն, որտեղ հանգրվանեց բնական ու արհեստական բուսածածկով պատրաստված մի գեղեցիկ թիթեռ:
Այս ներդաշնակ կոմպոզիցիան արդեն հասցրել է գրավել բազմաթիվ անցորդների ուշադրությունը՝ գեղարվեստական յուրովի տեսքով հիացմնելով ու ժպիտներ պարգևելով նրանց:
Նկարները՝ այստեղ

Վարդավառի ուրախ տոնախմբություն Նոր Նորքում NOR NORQ VARDAVAR 2013

Վարդավառը այն տոներից է, որ գալիս է ժամանակի խորքից: Քրիստոսի Այլակերպության ու Պայծառակերպության տոնը հայ մարդուն շղթայում է նաև իր հերոսական արմատներին՝ արթնացնելով նրա մեջ ազգային ոգի: Նոր Նորքում այս տարի Վարդավառը մեկնարկեց ջրցան մեքենաների շքերթով: Տոնական զարդարված մեքենաները ուղևորվեցին վարչական շրջանի բանուկ փողոցներ ու պողոտաներ՝ խորհրդանշական ջուրը ցողելով ամենուր: Օրվա պայծառ մեկնարկը ժպիտների ու դրական զգացողությունների ծաղկաբույլ էր ստեղծել Նոր Նորքում: 
Տոնական տրամադրությունը շարունակվեց բակերում, ինչպես նաև Գայի արձանի դիմացի շատրվանների շրջակա տարածքում, որտեղ կազմակերպվել էր Վարդավառին հատուկ ուրախ տոնախմբություն. 


Վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ բակային ճամբարի և Նոր Նորքի բազմաթիվ երեխաներին բաժանվեցին դույլեր, իսկ ջրցան մեքենաները անհրաժեշտ քանակությամբ ջուր էին մատակարարում երեխաներին՝ շատրվանաձև ջրի ցողերով Վարդավառի պայծառ տրամադրություն ստեղծելով ամենուր: Մանուկների խինդ ու ծիծաղով համեմված ուրախ տրամադրությունն ամբողջանում էր օրվա խորհրդին համահունչ տոնական երաժշտությամբ: Հայ ժողովրդի ամենասպասված ու սիրելի տոնը Նոր Նորքում համատարած բնույթ ուներ. գրեթե բոլոր բակերում մեծ ու փոքր ջուր ցողելով մաղթում էին միմյանց ու աշխարհին խաղաղություն, մաքրություն և բերրիություն: 
Նկարները՝ այստեղ և 
այստեղ

Նոր ծաղկային ձևավորում Նոր Նորքում

Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ և 4-րդ զանգվածների միջանկյալ լանջին հարող սկզբնամասում տեղ գտավ հերթական ծաղկային ձևավորումը, որը յուրօրինակ խորհուրդ ունի. 2012թ-ին "Գրքի համաշխարհային մայրաքաղաք" տիտղոսին արժանացած Երևանում ծաղկային այս նոր մշակույթը յուրօրինակ հնչեղություն ու դրական արձագանք գտավ:
Գրքի տեսքով ծաղկային նոր կոմպոզիցիան ներդաշնակորեն կհամալրի կանաչ Նոր Նորքի դիմապատկերը:
Նկարները՝ այստեղ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ

ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանի Գայի արձանի հարակից պուրակում կազմակերպվել էր տոնական մշակութային ծրագիր, որին ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Հայկական ժողովրդական երգն ու հայրենասիրական ոգին թևածում էին Նոր Նորքի բարձունքում՝ արժևորելով հիմնական օրենքի կարևոր դերը պետության կայացման գործում: ՀՀ Սահմանադրության ընդունումը հանրապետության պետական-քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր, որը տեղի ունեցավ 1995թ. հուլիսի 5-ին։
Միջոցառման ընթացքում վերստին արժևորվեց Սահմանադրության նշանակությունը հայոց անկախ պետության կյանքում. այն իրավական ձևակերպում տվեց քաղաքական նոր համակարգին, սահմանեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները։
Սահմանադրությամբ վերջնականապես Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն` հստակորեն տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) գործառույթները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ամրագրվեցին երկրի մայր օրենքով:
Նոր Նորք վարչական շրջանը սիրով շնորհավորում է ողջ հայությանը պետական տոնի` Սահմանադրության օրվա առթիվ: Հայաստանի հիմնական օրենքի շնորհիվ մենք ունենք բոլոր նախադրյալները ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ու իրավական պետության կայացման համար:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքում շարունակվում են ապամոնտաժվել անօրինական գովազդները

Մայրաքաղաքում առկա գովազդի ու լեզվի մասին օրենքների պահանջներին հակասող գովազդների շտկման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների շրջանակներում քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի բոլոր տնտեսվարողներին ուղարկվել են ծանուցումներ՝ օրենքը խախտող գովազդներն ապամոնտաժելու կամ օրենքին համապատասխանեցնելու պահանջով: Ըստ օրենքի՝ գրվածքները ոչ միայն պետք է լինեն հայերենով, այլև դրանք իրենց տառաչափով, դիրքով ևս պետք է չզիջեն օտարալեզվին: Նոր Նորքում անօրինական գովազդների ապամոնտաժման շարունակական աշխատանքներում այս անգամ հատուկ ուշադրության կենտրոնում էին առնված լեզվի մասին օրենքի պահանջներին հակասող գովազդների ապամոնտաժման աշխատանքները:
Նկարները՝ այստեղ

Քաղաքացիների ընդունելությունը Նոր Նորքում 04.07.2013

Հուլիսի 4-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից կատարվող քաղաքացիների ընդունելությանը գրանցված 18 բնակչից ներկա էր 14-ը:
•3 բնակիչ դիմել էր ֆինանսական աջակցության խնդրանքով: Ըստ առաջնահերթության՝ ցուցաբերվել է սոցիալական օգնություն:
•6 բնակիչ դիմել էր կոմունալ տնտեսության տարբեր խնդիրներով, որոնցից մի մասի լուծման վերաբերյալ կկատարվեն ուսումնասիրություններ և կիրականացվեն համապատասխան քայլեր: Հարցերի շրջանակում բարձրացվել էր նաև բնակարանային խնդիր, որը մերժվեց բնակֆոնդի բացակայության պատճառով: Խնդիրների շարքում առաջադրվեց նաև հողատարածքի կառուցապատման հետ կապված հարց, որը մերժվեց, քանի որ տարածքը գտնվում է կանաչ գոտում և չի համապատասխանում քաղաքաշինական նորմերին:
•4 բնակիչ դիմել էր բուժման հետ կապված հարցերով. 2-ի լուծման համար կտրամադրվի միջնորդագիր համապատասխան բուժօգնություն ստանալու համար, իսկ 2-ին ցուցաբերվեց ֆինանսական աջակցություն դեղորայքի և այլ ծախսերը հոգալու համար:
•1 բնակիչ բարձրացրել էր հարևանի հետ կապված խնդիր, որին սպառիչ պատասխան կտրամադրվի գրավոր կերպով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական շրջանների ղեկավարներն ամեն հինգշաբթի ժամը 14: 00-ին տասնյակ քաղաքացիների են ընդունում, լսում նրանց մտահոգող խնդիրներն ու հնարավոր լուծումներ տալիս:
Նկարները՝ այստեղ

Այցելություն Նոր Նորքի բակային ճամբարներ

Այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները այցելեցին Նոր Նորքի 9 զանգվածում և Ջրվեժ թաղամասում գործող բակային ճամբարներ, որտեղ իր ամառային հանգիստն է անցկացնում ավելի քան 250 երեխա (համապատասխան սոցիալական կարգավիճակ ունեցող): Բաժանվող ամենօրյա սնունդի հետ մեկտեղ այսօր երեխաները նվեր ստացան նաև խաղեր ու գրենական պիտույքներ, որոնք էլ ավելի հագեցած ու բովանդակալից կդարձնեն ճամբարային առօրյան: Նոր Նորքում բակային ճամբարն արդեն իր բնականոն հունի մեջ է. երեխաներն ունեն ջոկատների համար նախատեսված անուններ ու նշանաբան, իսկ հատկացված տարածքները ճամբարին բնորոշ գունազարդ ձևավորմամբ բարձր տրամադրություն ու հաճելի զգացողություն են պարգևում: Ուսուցողական ու զարգացնող բնույթ կրող նպատակային ու բովանդակալից միջոցառումները, կազմակերպված հմուտ ու փորձառու մանկավարժների կողմից, միտված են ուրախ և հետաքրքիր ժամանցի ապահովմանը: Բակային ճամբարը Նոր Նորքում կշարունակվի մինչև հուլիսի 15-ը:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքի բակային ճամբարներում ևս երեխաների առօրյան հագեցած և ուրախ է անցնում

Նոր Նորքի 9 զանգվածում և Ջրվեժ թաղամասում հուլիսի 1-ից մեկնարկած բակային ճամբարները կշարունակվեն մինչև հուլիսի 15-ը: Ավելի քան 250 երեխա (համապատասխան սոցիալական կարգավիճակ ունեցող) ամառային այս ջերմ եղանակին անմոռաց ու հիշարժան օրեր կանցկացնի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ողջ Երևանի տարածքում իրականացվող բակային ճամբարներում:
 Նոր Նորքում բակային ճամբարների համար հատկացված տարածքներն արդեն բերվել են ձևավորման համապատասխան տեսքի: Ճամբարային ուրախ տրամադրությունը գերիշխում է ամենուր: Հերթականներից են նաև «Բողբոջ» և «Գիրք» ճամբարները, որտեղ հմուտ մանկավարժ կադրերի կողմից իրականացվող տարաբնույթ միջոցառումներն ու մրցույթները աշխույժ ու հետաքրքիր են դարձնում երեխաների առօրյան: 

Նկարները՝ այստեղ <<Նոր Նորքի բակային ճամբարներում ևս երեխաների առօրյան հագեցած և ուրախ է անցնում >>

Նոր Նորքում կազմակերպված բակային ճամբարի մասնակից երեխաները կենդանաբանական այգում

Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի մեկից մեկնարկած բակային ճամբարն իր բնականոն հունի մեջ է: Ոչ միայն ձևավորվել ու ճամբարին բնորոշ տեսք են ստացել հատկացված տարածքները, այլև երեխաների առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու նպատակով արդեն իսկ կազմակերպվում են տարաբնույթ կրթամշակութային և ուսումնամարզական միջոցառումներ, ինչպես նաև հետաքրքիր էքսկուրսիաներ:
Հուլիսի 2-ին Նոր Նորքի  2-րդ զանգվածի ավելի քան 40 երեխա ուղևորվեց Երևանի կենդանաբանական այգի: Օրը հագեցած էր ու բովանդակալից. հմուտ մանկավարժների ուղեկցությամբ երեխաները շրջեցին զբոսայգում, ծանոթացան կենդանիների տեսակներին, նրանց համար ստեղծված անհրաժեշտ պայմաններին:
Այսօրինակ միջոցառումները լինելու են շարունակական և կրելու են համատարած բնույթ: 

Նկարները այստեղ՝ <<Նոր Նորքում կազմակերպված բակային ճամբարի մասնակից երեխաները կենդանաբանական այգում>>