Աստիճանների բարեկարգման աշխատանքների շարունակական ընթացք

Նոր Նորք վարչական շրջանում ձմռանն ընդառաջ շարունակական ընթացքի մեջ են աստիճանների բարեկարգման, վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքները: Նախապես կատարված ուսումնասիրությունների արդյունքում ընտրված վերանորոգման ենթակա աստիճանները, ըստ առաջնահերթության, աստիճանաբար բարեկարգվում են՝ վերադարձվելով բնակիչներին ապահով և նորացված տեսքով: Ֆեյսբուք սոցիալական ցանցով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին ուղղված բազմաթիվ բնակիչների խնդրանքին ի պատասխան՝ աստիճանների բարեկարգման ցանկում ներառվեցին նաև Նոր Նորքի 8-րդ զանգվածում բավականին բարձր ձգվող, դեպի N 198 ավագ դպրոց տանող ճանապարհին կառուցված աստիճանները, որոնք երկարատև շահագործման արդյունքում բոլորովին քայքայվել էին, հետևաբար պահանջվեց հիմնային բարեկարգում: Ներկա պահին ընթացող մոնտաժային աշխատանքներին կհաջորդի արդեն վերջնական փուլում իրականացվող հարթեցման գործընթացը: Աշխատանքները շարունակվում են…
Նկարները՝ այստեղ

"Փառք հայոց բանակին" նկարազարդում Նոր Նորքում

Հայոց փառապանծ բանակի դերն ու կարևորագույն նշանակությունը հայ ժողովրդի կյանքում իրավամբ անգնահատելի է: Երևանում իրականացվող լայնածավալ նկարազարդման ծրագրի շրջանակներում ուշագրավ է Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 4 հասցեում կատարված թեմատիկ նկարազարդումը՝ նվիրված հայոց անկախ պետականությանը, ազատագրված Արցախին և մեր մարտունակ հայոց բանակին: "Փառք հայոց բանակին" խորագրով նկարազարդումը կոչված է հայ սերունդների մեջ դաստիարակելու ազգային բարձր արժեքներ, ռազմահայրենասիրական ոգի և ամենակարևորը՝ մեր ինքնությունը գնահատելու և արժևորելու հոգեբանություն:
Նկարները՝ այստեղ

Նկարազարդում Նոր Նորքի Մոլդովական 26/1 հասցեում

Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 26/1 հասցեում՝ ֆուտբոլի դաշտի հարևանությամբ տեղակայված ընդարձակ պատը նկարազարդվեց հայկական «Պապն ու շաղգամը» հեքիաթի մոտիվներին համահունչ տեսարանով: Երեխաներին սիրելի ու հարազատ հեքիաթի հերոսը այժմ իր մշտական ներկայությամբ կընկերակցի երեխաներին՝ նրանց մեջ դաստիարակելով ընկերասիրություն և համախմբվածություն, չէ՞ որ միասնական ուժով են լուծում գտնում անգամ ամենադժվարին խնդիրները:
Նկարները՝ այստեղ

"Հայ-ռուսական բարեկամության հիմքերը" միջոցառում թիվ 164 դպրոցում

Հոկտեմբերի 19-ին Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 հիմնական դպրոցում կազմակերպվել էր հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության թեմայով միջոցառում, որին ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Աշակերտները իրենց հայերեն և ռուսերեն փայլուն կատարումներով դահլիճում 2 ժողովուրդների ազգային միջավայրերի համադրություն էին ստեղծել: Երգի, պարի ու ասմունքի միջոցով հայ-ռուսական բարեկամությունը գեղարվեստական մարմին առավ՝ հիացնելով և ոգևորության անմոռաց պահեր հաղորդելով հանդիսատեսին:
Նկարները՝ այստեղ

Անտառային բնապատկեր Նոր Նորքում (Ն. Ստեփանյանի 12)

Նոր Նորք վարչական շրջանի նկարազարդ տարածքների ծաղկաբույլը համալրվեց ևս մի գեղեցիկ տեսարանով՝ Նելսոն Ստեփանյան 12 շենքի և Կ.Դեմիրճյանի անվան 139 դպրոցի հարևանությամբ տեղակայված ավտոտնակների վրա կատարված անտառային բնապատկերի շքեղ նկարազարդմամբ: Հայկական բարձրավանդակին հատուկ անտառալեռնային հրաշալի համադրությունը երկնքի և լճակի կապույտ ներդաշնակմամբ տարածքին հաղորդում է բացառիկ գեղեցկություն:
Նկարները՝ այստեղ

Ինտելեկտուալ խաղ-մրցույթ Նոր Նորքում

Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 անգլիական ավագ դպրոցում Նոր Նորք վարչական շրջանի ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Ամենաթույլ օղակ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ աշխարհագրություն առարկայից: Մրցույթի կազմակերպմանը աջակցել էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորք Տ/Կ նախագահ Արմեն Ուլիխանյանը: Աշակերտների ոգևորությունը մեծ էր, դրսևորած ունակությունները՝ ուշադրության և գովեստի արժանի: Մասնակից աշակերտները արժանացան շնորհակալագրերի, իսկ հաղթանակած մասնակիցները ստացան հատուկ մրցանակներ:
Նկարները՝ այստեղ

«Տարեցները մեր կյանքում»-միջոցառում Նոր Նորք վարչական շրջանում

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի օժանդակությամբ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը և Նոր Նորքի հ. 88 դպրոցը համատեղ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի դահլիճում իրականացրեցին գեղեցիկ միջոցառում՝ "Տարեցները մեր կյանքում" խորագրով: Միջոցառման նպատակն էր դպրոցահասակ երեխաների գիտակցական աշխարհում ամրագրել մեծերի հանդեպ հարգանքն ու ակնածանքը, նրանց տարիների փորձառությամբ հաստատված կյանքի դասերի, խրատների ու պատգամների սերտումը:
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հազարավոր միայնակ տարեցների, հաշմանդամների, փախստականների և բազմաթիվ անապահով անձանց համար դարձել է հույսի և ապահովության ուրույն հանգրվան։ Հ. 88 դպրոցի հետ համատեղ կազմակերպված միջոցառումը յուրօրինակ կամուրջ էր սերունդների միջև՝ միտված արժևորելու մեծահասակների դերը մեր կյանքում: Նախապես հայտարարաված շարադրության և նկարչության մրցույթում լավագույնս դրսևորված աշակերտները «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով և պատվոգրերով:
Նկարները՝ այստեղ

Ցայտաղբյուրների վերականգնման աշխատանքները շարունակվում են

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի համաձայն մինչև տարեվերջ մայրաքաղաքի բազմաթիվ չգործող ցայտաղբյուրներ կրկին հանրությանը կներկայանան սառնորակ և մաքուր ջրով: Նոր Նորք վարչական շրջանում ևս աշխատանքներն իրականացվում են սահմանված կարգի համաձայն. արդեն բազմաթիվ վերագործարկված ցայտաղբյուրների շարքը համալրեցին նաև Նանսենի այգու, "Տիգրան Մեծ" արձանի հարակից տարածքի և 5-րդ զանգված Միկոյան 25 հասցեի ցայտաղբյուրները:
Նկարները՝ այստեղ

Այցելություններ Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներ 26.08.2012

Մանկապարտեզներում երեխաների սննդի մշտական վերահսկողությունը պահպանելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական այցեր կազմակերպել մանկապարտեզներ և արդյունքների մասին պարբերաբար զեկուցել. <<Ցանկացած խախտման դեպքում ձեռնարկեք համապատասխան քայլեր: Բացի այդ, հետևեք նաև, որպեսզի այս գործընթացում նախակրթարան հաճախող երեխաների ծնողների անմիջական մասնակցությունը լինի շարունակական>>,- նշել է քաղաքապետը:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն ՈՒլիխանյանը և ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները այսօր այցելեցին Նոր Նորքի մանկապարտեզներ՝ հետևելու սննդի որակին, ինչպես նաև երեխաների համար ստեղծված պայմաններին:
Աշխատանքների ընթացքին հետևելուց զատ վարչական շրջանի ղեկավարը զրուցեց երեխաների և ծնողների հետ՝ ծանոթացնալով նաև երեխաների առօրյային:

Նկարները՝ այստեղ

ԵՐԵՎԱՆԻ 7-ՐԴ ԶԱՐԿԵՐԱԿԸ (ՆՈՐ ՆՈՐՔ) ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻ 7-ՐԴ ԶԱՐԿԵՐԱԿԸ (ՆՈՐ ՆՈՐՔ)
ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
Ֆիլմի ստեղծման նախաձեռնող՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար 
Արմեն Ուլիխանյան

1960-ականներին մայրաքաղաքի տարածական աշխարհագրությունը ընդլայնելու և բնակչության ապրելավայրի խնդիրը լուծելու նպատակով ընդունվեց երջանկահիշատակ գործիչ Բադալ Մուրադյանի առաջարկը: Երևանի հյուսիս-արևելյան ամայի գոտին վերածել բնակավայրի՝ կենսական շունչ ու հոգի հաղորդել անկենդան տարածքներին՝ ձորերին ու կիրճերին:
1972 թ-ի մարտին կազմավորվեց 5 անձից բաղկացած կազմկոմիտեն, որի նպատակը նոր շրջանի ստեղծումն էր.
Պավել Սաֆյան, Եդուարդ Ավագյան, Բաբկեն Վարդանյան, Լենա Սայադյան, Վասիլ Հարությունյան, 

նվիրյալների մի կուռ բանակ, որի առաքելությունն էր՝ ապրեցնել ամայի զանգվածը՝ դարձնելով այն երկրորդ շունչը Երևանի:
Երբեմնի անկենդան տարածքում խոյացավ ու սկսեց կյանք առնել Երևան քաղաքի 7-րդ խորհրդային շրջանը: 

 
Նոր Նորքն արարման բերկրանք էր ապրում, արարում որ հազարավոր թելերով սնուցվում է պատմությունից և մարմին առնում դարերում: Պատմական հուշարձաններն ու կոթողները դարձան Նոր Նորքի կարևորագույն բնութագրիչները:
Շրջանի սրտում խոյացան Հայկ նահապետը բարձունքից թշնամիներին սպառնացող նետ ու աղեղով,
Հայկ Բժշկյանցը՝ հայ ազատագրական ոգու անմահությունն ավետող իր վեհաշունչ կեցվածքով
Տիգրան Մեծը հայոց ուժի ու զորության, միասնության ու հավատի արարումով
Ահռելի ժայռաբեկորն առած Տորք Անգեղը՝ բարու հաղթանակի խորհրդով:
Նոր Նորքը վերածվեց բացօթյա թանգարանի, այստեղ հանգրվանեցին հանրապետության տարբեր անկյուններից բերված 10-յակ արժեքավոր խաչքարեր, մշակութային հուշարձաններ ու հնամենի կոթողներ, այդ ներդաշնակությունը համալրեցին նաև "Կարող ձեռքեր" քարե նստարաններն ու բազալտի քարակտորներով շարված Գայի պողոտայի հենապատերը:
Արդեն 5 տասնամյակի հասնող Նոր Նորքի կենսագրության կերտման մեջ կարևոր դեր են ունեցել նրա բոլոր ղեկավարները սկսած նրա ակունքներում կանգնած Պավել Սաֆյանից մինչև նրան հաջորդած Մկրտիչ Մինասյան, Դավիթ Պետրոսյան, Մելիք Գասպարյան և այսօր արդեն ներկայիս ղեկավար Արմեն Ուլիխանյան:
Ամենազոր ժամանակը կյանքի ելևէջներում անզոր է թերևս միայն գործի առաջ, անգամ դարերն ու հազարամյակները չեն կարող մոռացության տալ մարդկային մտքի, հոգու ու հանճարի արդյունքում ծնված արժեքները:
Երևանի բարձրադիր բնակավայրերից Նոր Նորքի պարագայում, թեև այդ ժամանակը 5 տասնամյակի է գրեթե հասնում, այնուամենայնիվ, առհավետ հիշվելու են բոլոր այն գործիչները, ովքեր այս շրջանի կայացման գործում իրենց ավանդն են ունեցել:
Այսօր Նոր Նորքը զարգացման ու առաջընթացի Նոր ուղի է որդեգրել, որի արդյունքներն արդեն իրենց տեսանելի պտուղներն են տալիս:Ամեն բացվող օրվա հետ բաբախում է մեր քաղաքամայր երևանի բարձրադիր շրջանում ամրակայված զավակի սիրտը: Կենարար թելերով անցյալից սնվող, բայց և վարդագույն Երևանի ներկայիս զարգացումներին համաքայլ օրեցօր ծաղկում ու առինքնող տեսք է ստանում Նոր Նորքը՝ պատրաստ նոր ճախրանքների: 

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Սարգիս Նաջարյան Sargis Najaryan 
Վրեժ Սարուխանյան Vrej Sarukhanyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նազենի Արզումանյան Nazeni Arzumanyan  
TVADSTUDIO©