Այլևս վախենալու չէ. մեկնարկել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի նոր նախագիծը

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն իր նախաձեռնած «Անվտանգ և լուսավոր Երևան» նախագծի շրջանակում օգնում է լուսավորել Հայաստանի մայրաքաղաքի ավելի մութ գետնանցումները։ Գայի պողոտայի վրա, Նոր Նորքի 3-րդ և 4-րդ զանգվածների հատվածում գտնվող ստորգետնյա անցումում արդեն տեղադրված են և մայիսի 6-ից գործում են հզոր լուսավորման սարքեր, որոնք միանում են այն ժամանակ, երբ դրանց մոտով մարդ է անցնում։ Բացի այդ, լուսավորման սարքերն անվտանգություն են ապահովում ներկառուցված տեսախցիկների միջոցով։ Այժմ օրվա մութ ժամերին անցումով շատ ավելի հանգիստ կարելի է անցնել։
«Կասպերսկի լաբորատորիա» ընկերությունն «Անվտանգ և լուսավոր Երևան» նախագիծն իրականացնում է Երևանի վարչական շրջանների հետ համագործակցությամբ։ Երևանցիներն իրենք կարող են ընտրել այն գետնանցումները, որոնք անհրաժեշտ է լուսավորել առաջին հերթին։
Այդ նպատակով նրանք կարող են մասնակցել շուտով գործարկվելիք www.kaspersky.am կայքում անցկացվող քվեարկությանը՝ ըստ լուսանկարների ընտրելով առաջնահերթ լուսավորման ենթակա գետնանցումը։ Նախագիծը կիրականացվի այնքան ժամանակ, մինչև անվտանգության համար լուսավորման սարքերով չապահովվեն Երևանի բոլոր ամենամութ գետնանցումները։
«Քաղաքը մարդկանց համար է, և մենք ցանկանում ենք, որպեսզի Երևանի բնակիչները և հյուրերն իրենց հարմար զգան քաղաքում։ Որքան շատ լույս լինի փողոցներում, այնքան հանգիստ կլինի այդտեղ երեկոյան և գիշերը քայլելը»։ Մենք երախտապարտ ենք «Կասպերսկի Լաբորատորիա»-ին նախագիծը նախաձեռնելու համար։ Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը շարունակություն կունենա, և բնակիչներն ակտիվ մասնակցություն կունենան քաղաքի՝ լուսավորման կարիք ունեցող մյուս գետնանցման ընտրությանը»,- պատմում է Արմեն Ուլիխանյանը՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը։
«Մենք զբաղվում ենք տեղեկատվական ոլորտի անվտանգությամբ, սակայն ուրախ ենք օգնելու մարդկանց ավելի պաշտպանված զգալ նաև իրական կյանքում»,- իր տեսակետն է փոխանցում Արմեն Կարապետյանը, Վրաստանի և Հայաստանի տարածքում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի պաշտոնական ներկայացուցիչը։- Մենք հուսով ենք, որ պայծառ լույսը հետիոտնին թույլ կտա ավելի անվտանգ զգալ այս, իսկ հետագայում նաև այլ գետնանցումներում, կամարներում և նրբանցքներում»։ Ավելի մանրամասն
«Անվտանգ և լուսավոր Երևան» նախագծի մասին կարելի է իմանալ www.kaspersky.am կայքում, որը կգործարկվի շուտով։ Այնտեղ իրականացվում է քվեարկություն, որի նպատակն է հավաքել բնակիչների կարծիքներն այն մասին, թե քաղաքի էլ որ գետնանցումներն ունեն լուսավորման կարիք։
Հարցերի համար զանգահարել՝ +374 95 62 74 65
Նկարները՝ այստեղ

«Շնորհավոր տոնդ, մեր ջերմ ու բարի քաղաք» Ա. Ուլիխանյան

Հարգարժան երևանցիներ, Նոր Նորքի իմ շատ սիրելի բնակիչներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր ջերմ ու բարի քաղաքի ծննդյան 2797-րդ տարեդարձի առթիվ: Հինավուրց, բայց նորօրյա զարգացումներին համաքայլ, Երևանն անտես մի կապով իրեն է միահյուսում հայության, առավելապես երևանցիների սրտերը: Եվ պատահական չէ, որ հայոց մայրաքաղաքների վարդագույն թագուհին ընդունվում է, որպես համայն հայության մայրաքաղաք: Հազարամյակների պատմությամբ քաղաքն այսօր յուրաքանչյուրիս հոգում վերստին արթնացնում է այն բարձր գիտակցումը, որ պատմական ջերմ ու բարի քաղաքի բնակիչներն ենք, կրողը 2797-ամյա մնայուն արժեքների: 
Շնորհավոր տոնդ, մեր ջերմ ու բարի քաղաք, թող ամեն բացվող օրդ լցված լինի սիրով ու ջերմությամբ, ստեղծագործ աշխատանքով և խաղաղ արարումներով:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար՝ Արմեն Ուլիխանյան

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Ա. Ուլիխանյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

       Նոր Նորք վարչական շրջանի իմ շատ սիրելի ուսուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։
Կրթության և գիտելիքի հանդեպ հարգանքը մեր ազգային բնավորությունն է, հայոց գոյության հիմնական երաշխիքներից մեկը:
 Հարգելի մանկավարժներ, դուք եք կերտում մեր վաղվա Հայաստանի հեռանկարը՝  ձեր սերմանած արժեքներով լույս բոցավառելով յուրաքանչյուր աշակերտի հոգում:
Ամենաջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ ուղղում ձեզ, ցանկանում եմ քաջառողջություն, երջանկություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ ուսումնական գործընթացում:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցնե՛ր, 
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության գլխավոր տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: 
24 տարի առաջ իրականություն դարձավ մեր ժողովրդի դարերից եկող երազանքը. դժվարությունների, մաքառումների, միասնականության ու նվիրումի շնորհիվ հիմք դրվեց դարերով երազած ազգային պետական կառույցի՝ պարգևելով մեզ Հայաստանի Հանրապետությունում խաղաղ ապրելու և արարելու երջանկությունը։ 
Այսօր, Հայաստանի անկախ պետությունը կայացած իրողություն է, և յուրաքանչյուրս պետք է շարունակենք ներդնել մեր ջանքերն ու ներուժը` հանուն վաղվա ավելի լավ Հայաստանի: 
Շնորհավորելով մեր բոլոր հայրենակիցներին այս պատմական և ուրախալի օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ խաղաղ ու անսասան լինեն մեր երկրի սահմանները, նորանոր հաջողություններ հայոց անկախ հայրենիքի հզորացման ճանապարհին:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար` Արմեն Ուլիխանյան 

Մեծ անմոռուկ Նոր Նորքի սրտում


Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ծաղկային ուշագրավ լուծումներով Նոր Նորքի սրտում տեղ գտավ 55քմ մակերեսով Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի խորհրդանշան Անմոռուկը:
Նկարները` այստեղ
 


 

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սիրելի հայրենակիցներ
Ի սրտե շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Հայերիս կյանքում Ամանորը հատկանշական է որպես ընտանեկան տոն, հայ օջախի զորությամբ ու անսասանությամբ թող որ միավորվի ու հզորանա համայն հայությունը, և 2015թ-ը նշանավորվի նաև մեր պետության աննախադեպ վերելքով:
Հույսերով ու սպասումներով լեցուն Նոր տարին գալիս է մաքրագործելու աշխարհը, Սուրբ Ծննդյան ավետիսով բարությամբ ու սիրով լցնելու բոլորիս հոգիները:
Մաղթում եմ, որ նոր տարին լինի ուրախ, հաճելի անակնկալներով լի, բովանդակալից, որ առիթ չունենանք ափսոսելու արվածի ու չարվածի համար:
Թող բազմապատկվեն մեր օջախներում իշխող սերն ու ջերմությունը, և 2015թ-ը դառնա այն լավատեսության նոտան, որով սկիզբ կառնի գալիք տարվա հրաշք մեղեդին:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար՝ Ա. Ուլիխանյան

Ամանորյա հեքիաթ Նոր Նորք վարչական շրջանում

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Նոր Նորք վարչական շրջանում կազմակերպվել էր համերգային ծրագիր հրավիրված երգիչ-երգչուհիների և պարային խմբերի մասնակցությամբ:
Հանդիսատեսին գեղեցիկ կատարումներով բարձր տրամադրություն հաղորդեցին Արայիկ Համբարձումյանը, Կարինե Գևորգյանը, Նարեկ Վարդանյանը, Սյուզաննա Հարությունյանը, Արման Սիմոնյանը, Տաթև Սուսունյանը, Սերգեյ Գրիգորյանը և «Էմբոլադա» պարային համույթը, իսկ տոնական ծրագիրը վարեց ռադիոհաղորդավարուհի Անկան:
Երեխաներին իրենց ներկայությամբ ոգևորեցին հրավիրված հեքիաթի հերոսները, ինչպես նաև օրվա սիրելի ու սպասված հյուրերը՝ Ձմեռ Պապն ու Ձյունանուշը:
Տոնական միջոցառումն ավարտվեց շքեղ հրավառությամբ:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքում նշվեց գիտության, ուսանողության և երիտասարդության օրը

Գիտության, ուսանողության և երիտասարդության օրվան նվիրված՝ Նոր Նորք վարչական շրջանի և «Վերածննդի երիտասարդներ» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել էր համերգային ծրագիր՝ «ՎԵՀ-ը և ընկերները» խորագրով: Միջոցառումը մեկնարկեց «Գիտությունը՝ խաղաղության երաշխիք» ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին Նոր Նորքի հ. 198 դպրոցի դասարանների կողմից պատրաստած ուշագրավ նյութեր՝ գիտության արդի զարգացումներին ուղղված բովանդակությամբ: Համերգային ծրագրի սկզբում ներկաները 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին վերջին օրերին ադրբեջանական բանակի կողմից խոցված, խաղաղ պայմաններում զորավարժություններ անցկացնող մեր ուղղաթիռի անձնակազմի հիշատակին: Միջոցառմանը ներկա էին Նոր Նորքի ավագ դպրոցների և քոլեջների ուսանողներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնից: Ներկաներին իրենց գեղեցիկ կատարումներով շնորհավորեցին և տոնական տրամադրություն հաղորդեցին սիրված երգիչ-երգչուհիները. համերգային ծրագիրը վարում էր «Էլ-Մար» կինոստուդիայի հիմնադիր, տաղանդավոր դերասան Արմեն Դալլաքյանը, ով հանդիսատեսին ներկայացավ նաև երաժշտական գեղեցիկ կատարմամբ: Երգերով հանդես եկան Պաշ Սարդանը, Սյուզի Մովսեսյանը, Գուժ Դուրգարյանը, Սոնա Գյուլխասյանը, Ռոբ Ավալյանը, Տաթև Սուսունյանը, Ալբերտ Ղազարյանը, Անահիտ Շահբազյանը, Վլադիմիր Պողոսյանը, Կարինե Գևորգյանը, Վիգեն Ահարոնյանը, Դիանա Հովակիմյանը, Արմեն Հովհաննիսյանը և «Էլ-Մար» կինոստուդիայի սաները: Միջոցառման ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՎԵՀ-ի նախագահ Մայ Անուշավանյանը՝ շնորհակալություն հայտնելով Նոր Նորք վարչական շրջանին՝ ի դեմս ղեկավար Արմեն Ուլիխանյանի, և նախաձեռնությանը միացած բոլոր արտիստներին՝ գիտության, ուսանողության և երիտասարդության օրը համատեղ ջանքերով տոնի վերածելու համար:
Նկարները այստեղ

Կայացավ ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 6-րդ հուշամրցաշարը

Նոյեմբերի 7-ին "Դինամո" մարզադահլիճում կայացավ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային վեցերորդ հուշամրցաշարը, որը նախաձեռնել ու իրականացնում էին Երևանի քաղաքապետարանը և Նոր Նորք վարչական շրջանի Ռ. Կարապետյանի անվան համալիր մարզադպրոցը: 
Հուշամրցաշարի կազմակերպման աջակիցներն էին «Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպությունը, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան, «Երևանի սպորտ կոմիտեն», Ռուդոլֆ Կարապետյանի սաներն ու Եղիշ Կարապետյանի ընկերները: 
Մրցաշարին մասնակցում էին ավելի քան 300 ըմբիշներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, ինչպես նաև Հայաստանի մարզերից և Երևան քաղաքի վարչական շրջաններից: 
Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանն իրենց երաժշտական ու պարային ողջույնն էին բերել Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի Վահագն դհոլահարների անսամբլը և Երևանի քաղաքապետարանի գեղարվեստական մարմնամարզության դպրոցի մարզուհիները:
 Մրցաշարին ներկա էին Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մենապայքարային մարզաձեւերը համակարգող բաժնի պետ Լևոն Վարդանյանը, ԵրՖԿԻ դեկան Հոմբերտ Գալստյանը, «Երևանի սպորտ կոմիտե» ՀՈԱԿ–ի փոխտնօրեն Զավեն Օհանյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: 
Հուշամրցաշարի շրջանակներում դիպլոմներ և մեդալներ շնորհվեցին հուշամրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանն աջակցողներին, այդ թվում՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանին: Ավանդական հուշամրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար Ռ. Կարապետյանի անվան համալիր մարզադպրոցը արժանացավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պատվոգրին և հուշանվերին: 
Մրցումներն իրականացվեցին սահմանված կարգի համաձայն. հաղթանակած մարզիկներին համապատասխանաբար շնորհվեցին բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներ, իսկ առաջին տեղերը զբաղեցրած ըմբիշներն արժանացան հատուկ մրցանակների:
Նկարները՝ այստեղ

Տարոն Մարգարյանը շնորհավորեց ՀՀԿ Նոր Նորք տ/կ կուսակցականներին

Հայաստանի Հանրապետական Կուսակցության Նոր Նորք տ/կ կենտրոնական գրասենյակում այսօր կայացավ խորհրդի հերթական նիստը, որը վարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
Նախքան աշխատանքային օրակարգին անցնելը՝ Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը համալրած նոր անդամներին վկայականներ հանձնվեցին: 
Շնորհավորելով կուսակցության շարքերը նոր համալրած անձանց՝ Տարոն Մարգարյանը մաղթեց կանաչ ճանապարհ և կուսակցական ակտիվ գործունեություն՝ ի նպաստ երկրի բարօրության: 
Հանդիսավոր արարողությանը հաջորդած խորհրդի նիստի ընթացքում քննարկվեցին կազմակերպչական տարաբնույթ հարցեր, առաջիկա անելիքների վերաբերյալ մշակվեցին հստակ ծրագրեր: 
Նկարները՝ այստեղ

Չինաստանի պատվիրակությունը Նոր Նորքում

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ Նոր Նորք վարչական շրջանում էր հյուրընկալվել Չինաստանի պատվիրակությունը: 
Ձևավորված համագործակցության նպատակն է հասարակական կյանքում կնոջ դերի բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի մշակումն ու իրագործումը: 
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ողջունելով նախաձեռնության նպատակը, կարևորեց այն հատկապես հայ-չինական բարեկամության ամրապնդման առումով: 
Հանդիպման ընթացքում Նոր Նորքի կանանց խորհրդի նախագահ Ա. Հարությունյանը ներկայացրեց հայ կնոջ մեծ դերը կրթամշակութային կյանքում, առողջապահության ոլորտում և գործարար միջավայրում: 
Երկրի համակարգային առանձնահատկությունների վերաբերյալ արտահայտվեցին նաև Չինաստանից ժամանած հյուրերը՝ հավելելով, որ նմանօրինակ փոխայցելությունները լինելու են շարունակական: 
Նոր Նորքում հյուրերի համար գեղեցիկ անակնկալ էր նախատեսված՝ ձեռարվեստի աշխատանքների ցուցահանդես, մշակութային ծրագիր և այցելություն Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատուն: 
Ճանաչողական այցելությունները համագործակցության համատեղ եզրերի մշակման արդյունավետ հիմքեր ստեղծեցին: 
Նկարները՝ այստեղ

Լավագույն հրաձիգների պարգևատրման արարողություն Նոր Նորքում

Նոր Նորք վարչական շրջանում այսօր ամփոփվեցին հոկտեմբերի 17-ից մեկնարկած Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի գավաթի խաղարկության արդյունքները: 
Մրցաշարին մասնակցում էին 56 ուժեղագույն մարզիկներ Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության դպրոցից: 
Մարզիկներին պարգևատրելու հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և աշխատակազմի ներկայացուցիչները: 
Երիտասարդների օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնությանը հրաձգություն մարզաձևում մրցանակային տեղեր և բարձր արդյունքներ գրանցելու համար նորնորքցի մարզիկներ Հրաչիկ Բաբայանը, Լիլիթ Մկրտչյանը, Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը պարգևատրվեցին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պատվոգրով և հուշանվերներով: 
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից շնորհակալագրերով և գավաթներով պարգևատրվեցին մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկների մարզիչները, ովքեր իրենց անուրանալի ավանդն ունեն սաների հաղթանակի նվաճման գործում: 
Հրաձգության հայկական դպրոցը դեռևս Խորհրդային Միության ժամանակներից միշտ էլ բարձր վարկանիշ և լավ ավանդույթներ է ունեցել: Այսօր էլ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող մարզաձևը վերածնունդ է ապրում, որի արդյունքներն արդեն իսկ տեսանելի են:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի շնորհավորական խոսքը Ուսուցչի օրվա կապակցությամբ

Սիրելի ուսուցիչներ, 
Խորին հարգանքով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ, ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: 
Հայ մարդու համար ուսուցիչ լինելը միայն մասնագիտություն չէ, այլև՝ կոչում. ուսումնատենչ և գիտելիքներով հարուստ մեր ժողովուրդը միշտ էլ առանձնահատուկ սեր ու հարգանք է տածել դեպի ուսուցիչը, մեծարել նրա առաքելությունն ու շնորհակալ վաստակը: 
Ձեր սերմանած ոգեղեն լույսի զորությամբ է կերտվում 21-րդ դարի հայ մարդու նկարագիրը: 
Շնորհակալություն բոլորիդ ձեր ազգանվեր աշխատանքի համար: 
Շնորհավո՛ր տոնդ, Ուսուցիչ:

Հարգանքով՝ Ա. Ուլիխանյան

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի շնորհավորական խոսքը տարեցներին

Սիրելի հայրենակիցներ, ավագ սերնդի հարգելի ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա առթիվ:
Հայերս աշխարհի այն ազգերից ենք, որ բացառիկ հարգանքով ու ակնածանքով ենք արժևորում մեր մեծերին, սերտում նրանց ապրած կյանքի դասերն ու հետևում խորհուրդներին:
Այսօր լավագույն առիթ է՝ մեկ անգամ ևս հայտնելու մեր սերն ու երախտագիտությունը ձեր հանդեպ: Իմաստության հասակով մեր ավագների ներկայությունը վստահություն և ուժ է տալիս մեզ, ուղղորդում դեպի կատարյալը:
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, սիրով ու հոգատարությամբ շրջապատված երկար տարիների կյանք:

Նոր Նորքը շնորհավորում է Նորք-Մարաշին վերածննդի տոնի առթիվ

Նորք-Մարաշի օրվան նվիրված տոնական մեծ հանդիսությանը այս տարի միացել էին նաև Երևանի վարչական շրջանները: 
Ամենամյա ավանդույթի վերածված Վերածննդի տոնակատարությունը Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում էր համախմբել բազմաթիվ մարաշցիների և հյուրերի:
Տոնին Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանի հետ մասնակցում էին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանն ու Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը:
Նոր Նորք վարչական շրջանը Նորք Մարաշին շնորհավորելու էր եկել մշակութային ծրագրով. երաժշտական գեղեցիկ ողջույնով ներկաներին շնորհավորեցին Կարինե Գևորգյանը և Տաթև Սուսունյանը, իսկ պարային կատարմամբ հանդես եկավ «Ջի Էմ Մաքս» պարային համույթը:
Տոնի համատեքստում կազմակերպվել էր նաև ծագումով պատմական Մարաշից սիրիահայ մեր հայրենակիցների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես–վաճառք և Մարաշի կերակրատեսակների ավանդական բացօթյա հյուրասիրություն:

Նկարները՝ այստեղ

Նոր Նորք-Տորոնտո համագործակցությունը թևակոխում է նոր փուլ

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի և Կանադայի Տորոնտո քաղաքի միջև ձևավորված համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի: Բարեկամության ավանդույթները նոր հարթություն տեղափոխելու նպատակով Նոր Նորք վարչական շրջանում էր Կանադայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Խորեն Մարդոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև Կանադայի թեմական խորհրդի անդամ, Կանադայի Տորոնտո քաղաքի Սուրբ երրորդություն հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Օհան Օհաննեսյանը: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը կայացած հանդիպման ընթացքում կարևորեց նմանօրինակ նախաձեռնությունների դերը՝ հայրենիք-սփյուռք հարաբերությունների ամրապնդման և երկկողմանի այցելություններով մշակութային արժեքների հարստացման առումով: Սուրբ երրորդություն հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Օհան Օհաննեսյանը, ներկայացնելով խորհրդի հանձնախմբերի գործունեությունը, ցանկություն հայտնեց շարունակելու առկա բարեկամությունը՝ ամրագրելով այն մշակութային խմբերի փոխայցելություններով: Հյուրերը եղան նաև Նոր Նորքի մշակույթի կենտրոնում, որտեղ նրանց հաճելի անակնկալ մատուցվեց կենտրոնի գեղարվեստական խմբերի կողմից: Նոր Նորքի և Տորոնտոյի միջև հաստատված բարեկամության առաջին հիմնաքարը վարչական շրջանի 7-րդ զանգվածի հայ-կանադական պուրակն է, որտեղ առաջիկայում կիրականացվեն բարեկարգման և ծառատնկման աշխատանքներ:
Նկարները՝ այստեղ

ՀՀ Անկախության տոնը Նոր Նորքի հ. 101 մանկապարտեզում

Նոր Նորք վարչական շրջանի հ. 101 մանկապարտեզում անկախության տոնի առթիվ կազմակերպվել էր ուսուցողական գեղեցիկ միջոցառում, որին ներկա էին նաև վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները:
Մանուկները համակողմանի գիտելիքներ դրսևորեցին ՀՀ անկախության տոնի և նրա նշանակության վերաբերյալ, ցուցաբերեցին հայրենասիրական որակներ, երգի, պարի ու ասմունքի միջոցով արտահայտեցին իրենց սերը հայրենիքի նկատմամբ:

Նկարները՝ այստեղ

ՀՀ անկախության տոնը Նոր Նորքի ուսումնական հաստատություններում

Նոր Նորք վարչական շրջանի ուսումնական հաստատություններում ՀՀ Անկախության տոնի առթիվ կազմակերպվել էին տարաբնույթ, բովանդակալից միջոցառումներ, որոնք միտված են մանուկների մեջ սերմանելու, որ իրենք ազատ, անկախ երկրի քաղաքացի են:
Տոնակատարությունները վերստին առիթ են արժևորելու մեր երկրի 23-ամյա անկախության իրողությունը, որը մեզ հպարտության և լիարժեքության զգացումով է համակում:

Նկարները՝ այստեղ

Սեմինար Նոր Նորքում` նվիրված հաշմանդամների շահերի պաշտպանությանը

Նոր Նորք վարչական շրջանում գործող <<Նորաստղ>> հաշմանդամ երեխաների ծնողների միությունը <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի աջակցությամբ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի դահլիճում կազմակերպել էր սեմինար` <<Հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկում իրավունքի և շահերի պաշտպանության մասին>> թեմայով:
Բացման խոսքով ներկայացավ ծրագրի ղեկավար`Նորա Կարապետյանը` ընդգծելով թեմայի արդիականությունն ու կարևորությունը:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ Քրիստինե Նշանյանի կողմից ներկայացվեց մարդու իրավունքների հասկացությունը և պաշտպանության եղանակները` ըստ <Երեխայի իրավունքների մասին> ՀՀ օրենքի և <Երեխայի իրավունքների մասին> կոնվենցիայի:
Սեմինարին զուգահեռ կազմակերպվել էր նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվել էին <<Նորաստղ>> հաշմանդամ երեխաների ծնողների միության սաների ձեռքի աշխատանքները:
Նկարները՝ այստեղ