Գայի արձանը կշռում է 30 տոննա, պատվանդանի հետ միասին` ունի 12.5 մետր բարձրություն: Այս վիթխարի աշխատանքը հեղինակել է քանդակագործ Սուրեն Նազարյանը՝ 1974-75 թվականներին: Հայ քանդակագործի հետ աշխատել են վարպետ ձուլողներ՝ Կիեւից: Նրանցից է Վիտալի Լիխովիդսկին, ով 37 տարի անց դարձյալ Հայաստանում է եւ առանձնակի ջերմությամբ է հիշում այդ տարիներն ու այդ աննախադեպ աշխատանքը:
"Մոսկովյան ու լենինգրադյան
ձուլման գործարանները հրաժարվել էին ձուլվել Երեւանում քանդակած հսկա
ձիարձանը: Ես` իմ խմբով, ստանձնեցի այդ պատասխանատվությունը, ու մենք եկանք
Երեւան: Երկու ընկերներն արդեն չկան, մեզ հետ չէ նաեւ արձանի
քանդակագործը, բայց երազանքս էր` դարձյալ գալ Երեւան ու տեսնել Գայի
արձանը",- ասաց Վիտալի Լիխովիդսկին։
Տարիներ անց նրա հիշատակին կանգնեցվում է հուշարձան՝ Ուլյանովսկում, նաեւ՝ Երեւանում:
"Բացումը 1978 թվականին էր, բայց
դրանից առաջ` շուրջ կես տարի, արձանը ուկրաինական տեխնոլոգիայով ձուլել
էինք: Այս տարիներին ես արձագանքների էի սպասում, որովհետեւ աշխարհում նման
ձիարձան չկա, մինչդեռ դրա մասին ոչ միայն հայ ժողովուրդը չգիտի, այլեւ
մասնագետներն են լռում",- ասաց ձուլող-վարպետ Վիտալի Լիխովիդսկին։
Քանդակագործ Գագիկ Ղազարյանը խոստովանում է` բրոնզաձույլ այս հուշարձանի եզակիությունն իր համար էլ բացահայտում է. "Երեւանում,
Հայաստանում դրված մեր քանդակների մասին որեւէ մենագրություն չկա, որտեղ
բացահայտվի պարամետրերը, հեղինակը, որ թվականին, որտեղ է դրվել":
Ձիարձանը քանդակելու
հնարավորությունը Սուրեն Նազարյանը մրցույթով էր շահել: Քանդակագործի այրին
հիշում է` ինչպես թղթե գծանկարն իրականություն դարձավ: Այսօր արդեն
հուշարձանի հարակից պուրակը Սուրեն Նազարյանի անունով է:
Մի քանի օրից ուկրաինացի
վարպետ-ձուլողը կվերադառնա Կիեւ` Երեւանում թողնելով իր համար այնքան
հարազատ ու արժեքավոր այս աշխատանքը` երազելով, որ մի օր ժողովուրդն այն
կգնահատի, իսկ աշխարհը` կճանաչի:
Նյութի հեղինակայն իրավունքները պատկանում են ՝ http://www.yerkirmedia.am