«Վ. Սարգսյան 55» Նոր Նորք վարչական շրջան-ՀՀ ՊՆ համատեղ միջոցառում

Այսօր Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցավ սպարապետ Վ. Սարգսյանի ծննդյան 55-ամյակի առթիվ կազմակերպված «Կրակային պատրաստություն» հուշամրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը:
Նոր Նորք վարչական շրջանի հանրակրթական դպրոցների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նախազորակոչային և զորակոչային տարիքի աշակերտների միջև անցկացված հուշամրցաշարն ընթացել է 2 փուլով՝ ներդպրոցական և շրջանային, որի արդյունքում ընտրվել են հաղթող թիմերն ու լավագույն մարզիկները:
Հուշամրցաշարի ընդհանուր արդյունքների հրապարակման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը զուգահեռ կազմակերպվել էր Վ. Սարգսյանի հիշատակին նվիրված մեծարման միջոցառում՝ հ. 159 դպրոցի աշակերտների և Նոր Նորքի մշակույթի կենտրոնի սաների մասնակցությամբ:
Միջոցառման գլխավոր հյուրերի կազմում էր նաև սպարապետի մորաքույրը՝ Անահիտ Մելքոնյանը:
Հուշամրցաշարի թիմային հաշվարկով հաղթող և մրցանակակիր թիմերը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի կողմից պարգևատրվեցին գավաթներով, իսկ մարզիկները՝ մեդալներով և համապատասխան հավաստագրերով:
Երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության, հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի և հայրենանվեր աշխատանքի համար ՀՀ ՊՆ խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մ. Սարգսյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրով և հուշանվերով պարգևատրվեց նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Նկարները՝ այստեղ