Նոր Նորքում նշվեց գիտության, ուսանողության և երիտասարդության օրը

Գիտության, ուսանողության և երիտասարդության օրվան նվիրված՝ Նոր Նորք վարչական շրջանի և «Վերածննդի երիտասարդներ» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել էր համերգային ծրագիր՝ «ՎԵՀ-ը և ընկերները» խորագրով: Միջոցառումը մեկնարկեց «Գիտությունը՝ խաղաղության երաշխիք» ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին Նոր Նորքի հ. 198 դպրոցի դասարանների կողմից պատրաստած ուշագրավ նյութեր՝ գիտության արդի զարգացումներին ուղղված բովանդակությամբ: Համերգային ծրագրի սկզբում ներկաները 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին վերջին օրերին ադրբեջանական բանակի կողմից խոցված, խաղաղ պայմաններում զորավարժություններ անցկացնող մեր ուղղաթիռի անձնակազմի հիշատակին: Միջոցառմանը ներկա էին Նոր Նորքի ավագ դպրոցների և քոլեջների ուսանողներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնից: Ներկաներին իրենց գեղեցիկ կատարումներով շնորհավորեցին և տոնական տրամադրություն հաղորդեցին սիրված երգիչ-երգչուհիները. համերգային ծրագիրը վարում էր «Էլ-Մար» կինոստուդիայի հիմնադիր, տաղանդավոր դերասան Արմեն Դալլաքյանը, ով հանդիսատեսին ներկայացավ նաև երաժշտական գեղեցիկ կատարմամբ: Երգերով հանդես եկան Պաշ Սարդանը, Սյուզի Մովսեսյանը, Գուժ Դուրգարյանը, Սոնա Գյուլխասյանը, Ռոբ Ավալյանը, Տաթև Սուսունյանը, Ալբերտ Ղազարյանը, Անահիտ Շահբազյանը, Վլադիմիր Պողոսյանը, Կարինե Գևորգյանը, Վիգեն Ահարոնյանը, Դիանա Հովակիմյանը, Արմեն Հովհաննիսյանը և «Էլ-Մար» կինոստուդիայի սաները: Միջոցառման ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՎԵՀ-ի նախագահ Մայ Անուշավանյանը՝ շնորհակալություն հայտնելով Նոր Նորք վարչական շրջանին՝ ի դեմս ղեկավար Արմեն Ուլիխանյանի, և նախաձեռնությանը միացած բոլոր արտիստներին՝ գիտության, ուսանողության և երիտասարդության օրը համատեղ ջանքերով տոնի վերածելու համար:
Նկարները այստեղ

Կայացավ ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 6-րդ հուշամրցաշարը

Նոյեմբերի 7-ին "Դինամո" մարզադահլիճում կայացավ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային վեցերորդ հուշամրցաշարը, որը նախաձեռնել ու իրականացնում էին Երևանի քաղաքապետարանը և Նոր Նորք վարչական շրջանի Ռ. Կարապետյանի անվան համալիր մարզադպրոցը: 
Հուշամրցաշարի կազմակերպման աջակիցներն էին «Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպությունը, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան, «Երևանի սպորտ կոմիտեն», Ռուդոլֆ Կարապետյանի սաներն ու Եղիշ Կարապետյանի ընկերները: 
Մրցաշարին մասնակցում էին ավելի քան 300 ըմբիշներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, ինչպես նաև Հայաստանի մարզերից և Երևան քաղաքի վարչական շրջաններից: 
Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանն իրենց երաժշտական ու պարային ողջույնն էին բերել Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի Վահագն դհոլահարների անսամբլը և Երևանի քաղաքապետարանի գեղարվեստական մարմնամարզության դպրոցի մարզուհիները:
 Մրցաշարին ներկա էին Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մենապայքարային մարզաձեւերը համակարգող բաժնի պետ Լևոն Վարդանյանը, ԵրՖԿԻ դեկան Հոմբերտ Գալստյանը, «Երևանի սպորտ կոմիտե» ՀՈԱԿ–ի փոխտնօրեն Զավեն Օհանյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: 
Հուշամրցաշարի շրջանակներում դիպլոմներ և մեդալներ շնորհվեցին հուշամրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանն աջակցողներին, այդ թվում՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանին: Ավանդական հուշամրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար Ռ. Կարապետյանի անվան համալիր մարզադպրոցը արժանացավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պատվոգրին և հուշանվերին: 
Մրցումներն իրականացվեցին սահմանված կարգի համաձայն. հաղթանակած մարզիկներին համապատասխանաբար շնորհվեցին բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներ, իսկ առաջին տեղերը զբաղեցրած ըմբիշներն արժանացան հատուկ մրցանակների:
Նկարները՝ այստեղ