Տարոն Մարգարյանը շնորհավորեց ՀՀԿ Նոր Նորք տ/կ կուսակցականներին

Հայաստանի Հանրապետական Կուսակցության Նոր Նորք տ/կ կենտրոնական գրասենյակում այսօր կայացավ խորհրդի հերթական նիստը, որը վարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
Նախքան աշխատանքային օրակարգին անցնելը՝ Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը համալրած նոր անդամներին վկայականներ հանձնվեցին: 
Շնորհավորելով կուսակցության շարքերը նոր համալրած անձանց՝ Տարոն Մարգարյանը մաղթեց կանաչ ճանապարհ և կուսակցական ակտիվ գործունեություն՝ ի նպաստ երկրի բարօրության: 
Հանդիսավոր արարողությանը հաջորդած խորհրդի նիստի ընթացքում քննարկվեցին կազմակերպչական տարաբնույթ հարցեր, առաջիկա անելիքների վերաբերյալ մշակվեցին հստակ ծրագրեր: 
Նկարները՝ այստեղ

Չինաստանի պատվիրակությունը Նոր Նորքում

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ Նոր Նորք վարչական շրջանում էր հյուրընկալվել Չինաստանի պատվիրակությունը: 
Ձևավորված համագործակցության նպատակն է հասարակական կյանքում կնոջ դերի բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի մշակումն ու իրագործումը: 
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ողջունելով նախաձեռնության նպատակը, կարևորեց այն հատկապես հայ-չինական բարեկամության ամրապնդման առումով: 
Հանդիպման ընթացքում Նոր Նորքի կանանց խորհրդի նախագահ Ա. Հարությունյանը ներկայացրեց հայ կնոջ մեծ դերը կրթամշակութային կյանքում, առողջապահության ոլորտում և գործարար միջավայրում: 
Երկրի համակարգային առանձնահատկությունների վերաբերյալ արտահայտվեցին նաև Չինաստանից ժամանած հյուրերը՝ հավելելով, որ նմանօրինակ փոխայցելությունները լինելու են շարունակական: 
Նոր Նորքում հյուրերի համար գեղեցիկ անակնկալ էր նախատեսված՝ ձեռարվեստի աշխատանքների ցուցահանդես, մշակութային ծրագիր և այցելություն Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատուն: 
Ճանաչողական այցելությունները համագործակցության համատեղ եզրերի մշակման արդյունավետ հիմքեր ստեղծեցին: 
Նկարները՝ այստեղ

Լավագույն հրաձիգների պարգևատրման արարողություն Նոր Նորքում

Նոր Նորք վարչական շրջանում այսօր ամփոփվեցին հոկտեմբերի 17-ից մեկնարկած Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի գավաթի խաղարկության արդյունքները: 
Մրցաշարին մասնակցում էին 56 ուժեղագույն մարզիկներ Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության դպրոցից: 
Մարզիկներին պարգևատրելու հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և աշխատակազմի ներկայացուցիչները: 
Երիտասարդների օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնությանը հրաձգություն մարզաձևում մրցանակային տեղեր և բարձր արդյունքներ գրանցելու համար նորնորքցի մարզիկներ Հրաչիկ Բաբայանը, Լիլիթ Մկրտչյանը, Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը պարգևատրվեցին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պատվոգրով և հուշանվերներով: 
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից շնորհակալագրերով և գավաթներով պարգևատրվեցին մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկների մարզիչները, ովքեր իրենց անուրանալի ավանդն ունեն սաների հաղթանակի նվաճման գործում: 
Հրաձգության հայկական դպրոցը դեռևս Խորհրդային Միության ժամանակներից միշտ էլ բարձր վարկանիշ և լավ ավանդույթներ է ունեցել: Այսօր էլ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող մարզաձևը վերածնունդ է ապրում, որի արդյունքներն արդեն իսկ տեսանելի են:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի շնորհավորական խոսքը Ուսուցչի օրվա կապակցությամբ

Սիրելի ուսուցիչներ, 
Խորին հարգանքով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ, ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: 
Հայ մարդու համար ուսուցիչ լինելը միայն մասնագիտություն չէ, այլև՝ կոչում. ուսումնատենչ և գիտելիքներով հարուստ մեր ժողովուրդը միշտ էլ առանձնահատուկ սեր ու հարգանք է տածել դեպի ուսուցիչը, մեծարել նրա առաքելությունն ու շնորհակալ վաստակը: 
Ձեր սերմանած ոգեղեն լույսի զորությամբ է կերտվում 21-րդ դարի հայ մարդու նկարագիրը: 
Շնորհակալություն բոլորիդ ձեր ազգանվեր աշխատանքի համար: 
Շնորհավո՛ր տոնդ, Ուսուցիչ:

Հարգանքով՝ Ա. Ուլիխանյան

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի շնորհավորական խոսքը տարեցներին

Սիրելի հայրենակիցներ, ավագ սերնդի հարգելի ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա առթիվ:
Հայերս աշխարհի այն ազգերից ենք, որ բացառիկ հարգանքով ու ակնածանքով ենք արժևորում մեր մեծերին, սերտում նրանց ապրած կյանքի դասերն ու հետևում խորհուրդներին:
Այսօր լավագույն առիթ է՝ մեկ անգամ ևս հայտնելու մեր սերն ու երախտագիտությունը ձեր հանդեպ: Իմաստության հասակով մեր ավագների ներկայությունը վստահություն և ուժ է տալիս մեզ, ուղղորդում դեպի կատարյալը:
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, սիրով ու հոգատարությամբ շրջապատված երկար տարիների կյանք: